Ողջունում ենք 15 կալանավորվածների վերադարձը Հայաստան. ԵԱՀԿ գործող նախագահ

Ողջունում ենք 15 կալանավորվածների վերադարձը Հայաստան. ԵԱՀԿ գործող նախագահ

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի թագավորության արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է անդրադարձել է հայ 15 ռազմագերիների վերադարձը Հայաստան։

«Ողջունում ենք այսօր 15 կալանավորվածների վերադարձը Հայաստան ու Ադրբեջանին հանձնումը տեղեկատվության, որը կնպաստի ականազերծմանը: Սա ցույց է տալիս ԵԱՀԿ-ի և ԵԱՀԿ Շվեդիա2021-ի արժեքը: Վստահության կառուցման այս միջոցները կարող են նպաստել Մինսկի համանախագահների հովանու ներքո բանակցությունների մթնոլորտի ստեղծմանը: Ուրախ եմ աշխատել Վրաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ», - երեկ թվիթերյան իր էջում գրել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահ Անն Լինդեն։

ԵԱՀԿ Մինսկի խումբը, որ համանախագահում են Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիայի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները, միջազգային մանդատ ունեցող միակ մարմինն է, որը միջնորդական առաքելություն է իրականացում Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հակամարտության խաղաղ կարգավորման մեջ։

15 հայ գերիների վերադարձում կարեւոր ներդրում է ունի անձամբ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ում հետ աշխատել է նաև այս շաբաթ հարավկովկասյան տարածաշրջան այցելած ԱՄՆ պետական քարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիփ Ռիքերը և Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Գերիների դիմաց հայկական կողմը փոխանցել է Աղդամի ականապատված տարածքների վերաբերյալ կարևոր տեղեկատվություն, այդ թվում՝ քարտեզ։

Գերիները հանձնվել են Վրաստանի հետ սահմանին՝ երկրի ներկայացուցիչների ներկայությամբ։ Հայաստանն Ադրբեջանին է հանձնել հակատանկային և հակահրթիռային 97 հազար ականների տեղակայման քարտեզը:

Երեկ ռուսական «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանը գրել է, որ հայ գերիներին հայրենիք վերադարձնելու շուրջ պայմանավորվածությունը ձեռք բերելու հարցում վճռորոշ դեր է ունեցել Արցախում խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ «Շահումյանի շրջանում (Քելբաջար) ադրբեջանցի լրագրողների պայթելուց հետո ադրբեջանական կողմը համառորեն միջնորդներին խնդրել է օգնել ականապատ տարածքների քարտեզները ստանալու գործընթացում: Մեր աղբյուրը հայտնել է, որ վերջին շրջանում գեներալ Մուրադովը սերտ շփումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ հրամանատարության հետ», - գրել է «Սպուտնիկը»։

Նշենք, որ գերիների վերադարձի փաստն իր նախընտրական քարոզչության ընթացքում երեկ օգտագործեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, ով հնարավոր ամեն ինչ օգտագործում է իր գահավիժող վարկանիշն ինչ-որ չափով բարձրացնելու համար։