«Հրապարակ»․ Ինչու ատոմակայանն անջատվեց մեկ օրով, կամ «կայծակնային» սթրես

«Հրապարակ»․ Ինչու ատոմակայանն անջատվեց մեկ օրով, կամ «կայծակնային» սթրես

Oգոստոսի 30-ի երեկոյան՝ 22։00-ի սահմաններում, Երեւանի տարբեր շրջաններում, նաեւ՝ մարզերում, հերթական հոսանքազրկումները տեղի ունեցան։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ավելի ուշ հաղորդեց, որ դրանք վթարային անջատումներ էին, որոնց պատճառը Հայկական ատոմային էլեկտրակայանի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալն էր։  

«Հայկական ատոմային էլեկտրակայանի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալու պատճառով վթարային անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանի ավտոմատիկան։ Անջատման հետեւանքով հոսանքազրկվել են Երեւանի մի շարք վարչական շրջաններ, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանները։ Երեւանի վարչական շրջանների ու Արմավիրի էլեկտրամատակարարումը վերականգնվել է շուրջ 15 րոպե անց, Էջմիածնի էլեկտրամատակարարումը՝ ժամը 22:26-ին»,- հաղորդեցին «ցանցերը»։
Իսկ տարածքային կառավարման նախարարությունը մեկ օր անց հաղորդեց, որ ատոմակայանի կանգի պատճառը կայծակի հարվածն է եղել, որի հետեւանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի. «Անվտանգության համակարգերը գերզգայուն են եւ արձագանքում են ցանկացած իրավիճակի․․․ Սա եւս մեկ ապացույց է, որ վերջին տարիներին կատարված մեծածավալ արդիականացման աշխատանքները, այդ թվում՝ անվտանգության համակարգերի վրա, եղել են արդյունավետ եւ տվել են ակնկալվող արդյունքը»։

«Հրապարակը» միջադեպի կապակցությամբ հարցեր ուղղեց Հայկական ատոմակայանի գլխավոր տնօրեն, ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, ով հաստատեց՝ այո, եղել է խնդիր, ատոմակայանն անջատվել է եւ հաջորդ օրը՝ 14։05-ին, կրկին ցանց է մտել։

- Ատոմակայանը դուրս է եկել էներգահամակարգից։ Ի՞նչ է սա նշանակում, եւ որքանո՞վ կարող ենք հանգիստ լինել վերջինիս անվտանգության համար։

- Ատոմակայանն իրավունք ունի վթարային անջատումներ իրականացնելու։ Ատոմակայանը տեխնոլոգիական բարդ գործընթացներով եւ բարդ սարքավորումներով օժտված նուրբ օրգանիզմ է, միջուկային ռեակտորի հետ գործ ունենք, որը զգայուն է տարբեր գործոնների նկատմամբ, եւ մենք, ելնելով անվտանգային նկատառումներից, չենք կարող թողնել, որ այն սթրեսային իրավիճակներում աշխատի։ Մենք անջատում ենք, մինչեւ որ սթրեսային իրավիճակից դուրս գանք, հետո նորից աշխատեցնում ենք։ Սա` մեկ։ Երկրորդ․ մեր խնդիրն ընդամենը եղել է մեկ օր, նույնիսկ 1 օր էլ չի տեւել։ 21։55-ին ցանցից դուրս ենք եկել, 14։05-ին ցանց ենք մտել։

- Վերջերս շատ են լինում անջատումներ, դա կապ ունի՞ ատոմակայանի աշխատանքի հետ։

- ՀԷՑ-ին դիմեք, գուցե իրենց համակարգերից է։ Արեւային համակարգերն այսօր մեր էներգահամակարգի մոտ կեսն են կազմում, հատկապես՝ ցերեկային ժամերին, որոնց հետ ատոմակայանը գործ չունի։ Մենք ընդամենը էլեկտրաէներգիա ենք արտադրում, տալիս ենք բարձրավոլտ էլեկտրացանցերին։ Բարձրավոլտից հոսանքը հասնում է ՀԷՑ-ին, ՀԷՑ-ը տալիս է սպառողին։ Ձեր ասածը ՀԷՑ-ի խնդիրն է։ Ատոմակայանն ընդամենը մի քանի ժամ չի եղել ցանցում, իսկ դուք մի քանի ամսվա խնդիր եք նշում։ Ատոմակայանն աշխատում է 100 տոկոս հզորությամբ, ինչը եզակի դեպք է՝ վերագործարկումից հետո։ Անվտանգային խնդիրներ չկան, իսկ եթե խնդիր է լինում, ինչպես արդեն բացատրեցի, այն կարող է անջատվել ցանցից։ Ուրիշ պետությունները, որտեղ ատոմակայաններ չկան, էլեկտրաէներգիա չունե՞ն։ Ունեն, չէ՞։

- Բայց այնտեղ այդպիսի անջատումներ լինո՞ւմ են։ Ես չգիտեմ, ճիշտն ասած:

- Ես էլ չգիտեմ, ճիշտն ասած։

- Պարոն Մարտիրոսյան, շատ ենք լսում, որ արտադրված հոսանքը չի բավարարում սպառման ծավալներին, որ Երեւանում շատ շենքեր են կառուցվել, եւ հիմա հոսանքը չի բավարարում։ Այդպե՞ս է։

- Ոչ։ Այդ հարցը ՀԷՑ-ին պետք է ուղղեք։ Մեզ մոտ նույնիսկ սահմանափակումներ են լինում, այսինքն՝ սպառում չի լինում, թեեւ մենք կարող ենք ավելին արտադրել։ Մեր համակարգը հագեցված է էլեկտրաարտադրող կայաններով։ Այս պահին նույնիսկ ունենք անջատված կայաններ, որոնք պետք չեն, քանի որ սպառում չունենք։ Բայց տեղում՝ արդեն շենքերի հետ կապված, կարող է ՀԷՑ-ը պատասխանել։ Հնարավոր է, որ նրա տրանսֆորմատորային ենթակայանները բավարար չեն, գուցե, այո՝ կաբելային տնտեսությունում պետք է փոխարինումներ արվեն, եւ անում են, կարծեմ։ Եթե չէ, շենքը չի հանձնվի շահագործման։ Իսկ ատոմակայանի հետ կապված՝ ամեն ինչ նորմալ է։

ՀԳ․ ՀԷՑ-ի խոսնակ Նատալյա Սարջանյանին նույն հարցն ուղղեցինք՝ լուրեր են տարածվում, որ կառուցապատողները շենքեր են կառուցել, որտեղ կան դեռ չօրինականացված միացումներ, եւ արտադրվող հոսանքը պարզապես չի բավարարում այդ ծավալի սպառմանը։ «Իրենք դիմում են մեզ, մենք իրենց անհրաժեշտ հզորությունը հաշվարկում եւ ապահովում ենք։ Այլ բան է, որ գազի հետ կապված խնդիր կա։ Կան կառուցապատողներ, որոնք ի սկզբանե որոշել էին, որ գազամատակարարում են ունենալու, հետո պարզվել է, որ բնական գազ չեն ունենալու եւ էլեկտրաէներգիա են օգտագործելու։ Սա որոշ տեղերում խնդիրներ է առաջացրել»։ Խոսնակը հորդորեց մութ կետեր չփնտրել վերջին շրջանում հաճախակի դարձած էներգետիկ անակնկալներում։ «Մութ կետեր այս ամենում չկան։ Մենք այս շաբաթվա մեջ մամուլի ասուլիսով ենք հանդես գալու եւ բոլոր աղմկահարույց հոսանքազրկումների մասով պարզաբանումներ ենք տալու։ Ամեն դեպքում, պատճառները տարբեր են, հաճախ մեզ հետ կապ չունեցող։ Որոշ անջատումներ Երեւանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհի պատճառով էին, որը գտնվում է Հրազդանի կիրճում։ Դա շատ կարեւոր ենթակառուցվածք է, որն ապահովում է Կենտրոն եւ Արաբկիր համայնքների զգալի հատվածները, իսկ անջատումների մեծ մասը, ինչպես գիտեք, հենց այդտեղ է եղել»,- ասաց խոսնակը։