Աջափնյակի վարչական ղեկավարը հայտնեց իր հրաժարականի մասին
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Աջափնյակի վարչական ղեկավար Կամսար Բաբինյանը։ Չնայած նրան, որ Բաբինյանի խոսնակը մեզ ասաց՝ սպասենք, երկուշաբթի օրը Երեւանի գործակարգավարական նիստին ամեն ինչ կհայտարարվի, սակայն քիչ առաջ Աջափնյակի պաշտոնական էջում հայտնեցին նրա հեռացման մասին։
«Հարգելի՛ աջափնյակցիներ,
այսօրվանից դադարեցնում եմ վարչական շրջանի ղեկավարի իմ լիազորությունները: Իմ և աշխատակազմի նախորդած 2 և ավելի տարիներին կատարված մեծածավալ աշխատանքներն ուղղված էին Երևան համայնքի զարգացմանը և առաջնայնորեն մեր վարչական շրջանի բնակիչների համար հարմարավետ քաղաքային միջավայր ստեղծելուն:
Այս տարիներին կատարված աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել աջափնյակցիներին և աշխատակազմի բոլոր սրտացավ աշխատակիցներին ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել ավելի բարեկարգ Աջափնյակ ունենալու պատասխանատու գործում:
Խորին շնորհակալությունս եմ հայտնում նաև Երևանի քաղաքապետին, վստահության և աջակցության համար:
Ամփոփելով խոսքս՝ աջափնյակցիներին (չերեմուշկեցիներին) մաղթում եմ բարեկեցություն, իսկ վարչական շրջանին՝ բարգավաճում և կայուն զարգացում:
Հարգանքով՝ Կամսար Բաբինյան
Կարծիքներ