Նախարարությունը կվճարի 800 հազար դրամ տուգանք

Նախարարությունը կվճարի 800 հազար դրամ տուգանք

Հուլիսի 4-ին դատարանն անվավեր էր ճանաչել մշակությի նախարարի՝ Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանը եւ պարտավորեցրել նախարարությանը՝ վճարել 800 հազար դրամի չափով տուգանք։ ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվել էինք՝ պատրաստվո՞ւմ է վճարել այդ գումարը, եւ սույն որոշումն արդյո՞ք նշանակում է, որ Գայանե Կարապետյանը պետք է վերականգնվի նաեւ տնօրենի պաշտոնում։ Նախարարությունից մեզ պատասխանել են, որ այդ գումարը պատրաստվում են վճարել․ «ՀՀ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը պարտավորեցվել է վճարել 800 հազար դրամ՝ որպես աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում։ Միեւնույն ժամանակ նույն դատարանի վճռով Գայանե Կարապետյանին «Խորեոգրաֆի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում վերականգնելու մասին հայցը մերժվել է։ Նախարարությունը պատրաստվում է Գ․ Կարապետյանին վճարել նշված գումարը»։ 

Ինչ վերաբերում է թատրոնի կարգավիճակի հարցին՝ ինչպե՞ս է այն լուծվելու, պահպանվելո՞ւ է որպես առանձին թատրոն, թե ոչ, նախարարությունից պատասխանել են, որ կարգավիճակի հարցի քննարկմանը հնարավոր է անդրադառնալ թատրոնում առկա խնդիրների իրավական կարգավորումից հետո։

Թատրոնի դերասանները 9 ամիս աշխատավարձ չեն ստացել եւ այդ խնդրով նորից դիմել են դատարան։ Նախարարությունն այս մասով արձագանքել է․ «Նախարարությունը «Խորեոգրաֆի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորում կարող է իրականացնել՝ թատրոնի հետ կնքելով գումարի հատկացման դրամաշնորհային պայմանագիր՝ վերջինիս կողմից գանձապետական համակարգ ներմուծած կազմակերպության եկամուտների եւ ծախսերի նախահաշվի հիման վրա, որի կազմման համար անհրաժեշտ է ֆինանսատնտեսագիտական փաստաթղթերի փաթեթի առկայություն։ Փաթեթի կազմման համար անհրաժեշտ՝ թատրոնի գործունեությանը վերաբերող ֆինանսական, ստեղծագործական, կադրային, գույքային եւ այլ փաստաթղթերը դեռեւս սահմանված կարգով նոր տնօրենին հանձնված չեն»։