«Ժողովուրդ». Քեֆն էլ չօգնեց. Կարեն Սարուխանյանը եւ Սոֆյա Հովսեփյանը բաժակ չեն բարձրացրել

«Ժողովուրդ». Քեֆն էլ չօգնեց. Կարեն Սարուխանյանը եւ Սոֆյա Հովսեփյանը բաժակ չեն բարձրացրել

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Կարեն Սարուխանյանը եւ Սոֆյա Հովսեփյանը զրույց են ունեցել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ: Բայց նույնիսկ պարզաբանումներից հետո չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Սարուխանյանին ճնշել են, որպեսզի մանդատը վայր դնի: Ինչպես հայտնի է, Մարալիկի ծննդատան փակման մասով քննադատություններին ի պատասխան՝ ֆեյսբուքյան բանավեճի վերջում Սարուխանյանը Սոֆյա Հովսեփյանին խորհուրդ էր տվել. «Ամուսնացի՛ր, կանցնի»: Սա, համաձայնեք, հատկապես տղամարդու կողմից, էթիկայի կանոնների կոպիտ խախտում է, անթույլատրելի վիրավորանք:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Սարուխանյանից պարզել՝ ինչ ճնշումներ են եղել Լիլիթ Մակունցի հետ հանդիպման ժամանակ կամ դրանից հետո: «Իմ վրա որեւէ ճնշում չի եղել եւ չի կարող լինել: Մանդատից հրաժարվելու, խմբակցությունը լքելու ու նման անիմաստ խոսակցություններ չեն եղել: Ես դեռ սպասում եմ տիկին Հովսեփյանի կողմից ներողության, քանի որ տիկինը, ինձ մեղադրելով, որեւէ ապացույց չի ներկայացրել: Թիմակից գործընկերոջ հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելը բարոյական քայլ չեմ համարում»,- պատասխանեց նա՝ հիշեցնելով, որ ինքն արդեն ներողություն խնդրել է Սոֆյայից:
Սոֆյա Հովսեփյանն իր հերթին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ պատրաստ է փաստերով ցանկացած տեղ ցանկացած քննարկման մասնակցել:

Հ. Գ. «Ժողովուրդ» օրաթերթը Սարուխանյանից տեղեկացավ, որ երեկ կազմակերպված «Իմ քայլի» խնջույքին Սոֆյա Հովսեփյանի հետ չի շփվել: Այսինքն՝ կողմերը միմյանց հետ բաժակ չեն բարձրացրել, որ «բարիշեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում