«Հրապարակ». Աշխատանքից ազատվել է Դիմադրության շարժման ցույցերին մասնակցելու պատճառով

«Հրապարակ». Աշխատանքից ազատվել է Դիմադրության շարժման ցույցերին մասնակցելու պատճառով

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի հրամանով 2022 թվականի մայիսին աշխատանքից ազատվել է Աննա Մանուկյանը, ով 2012 թվականից հիմնադրամում է աշխատել՝ Ծրագրերի եւ արտաքին կապերի բաժինում, որպես ծրագրերի համակարգող։ ։ Մանուկյանը դիմել է դատարան՝ բողոքարկելով Արշամյանի որոշումը։ Դատավոր Գրիգորի Վարդանյանը բավարարել է Աննա Մանուկյանի հայցը՝ պարտադրելով վերականգնել նրան նախկին աշխատանքում եւ փոխհատուցում վճարել հարկադիր պարապուրդի համար։

Մեզ հետ զրույցում Մանուկյանի պաշտպան Իրմա Ճաղարյանն ասաց, որ աշխատանքից ազատման պատճառների մասին ինքը կարող է միայն ենթադրություն անել։

«Հետպատերազմյան շրջան է եղել, եւ Աննա Մանուկյանը սկսել է բացահայտ իր քաղաքական հայացքներով կիսվել։ Մինչ այդ, աշխատանքային միջավայրում իր հետ շատ լավ է եղել թե՛ տնօրինությունը, թե՛ կոլեկտիվը, բայց 2021 թվականի ընտրություններից հետո իրավիճակը սրվել է։ Միջադեպ է եղել, քաղաքական բանավեճ, որից հետո մեկ նկատողություն է ստացել՝ քաղաքական բանավեճի ընթացքում թույլ տրված արտահայտության համար, եւ դա եղել է առաջին նկատողությունը, որ ստացել է իր աշխատավայրում։ Հետագայում իմ վստահորդը նկատել է արդեն ընդգծված բացասական մոտեցում իր անձի նկատմամբ, որովհետեւ եղել է նախընտրական շրջան։ Նախընտրական շրջանի ընթացքում Աննա Մանուկյանը բացահայտ աջակցել է ընդիմությանը և դրանից հետո սկսվել են արդեն լարումները»։

Ճաղարյանը նշեց, որ մինչ այդ ուշացումները դիտվել են նորմալ, որովհետեւ կարեւորվել է աշխատանքը, իսկ Աննա Մանուկյանը պարզապես 09.00-17.00-ն չի աշխատել, այլ՝ ամբողջ օրվա ընթացքում, եղել են նաեւ գիշերային զանգեր ԱՄՆ-ի գործընկերների հետ։ Աշխատավայրում երբեք չի բարձրացվել 5 կամ 10 որպե ուշանալու հարցը։

«Նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում բոլոր ուշացումները սկսել են հաշվառվել, քանի որ Աննա Մանուկյանն ուներ մի նկատողություն, եւս մեկ նկատողություն ստանում է այդ ժամանակահատվածում՝ այն բանի համար, որ մի քանի անգամ ուշանում է աշխատանքից, ինչը պայմանավորված էր ցույցերով, խցանումներով։

Այս երկու նկատողությունն Աննա Մանուկյանը չէր վիճարկել դատարանում, քանի որ համահայկական հիմնադրամը համարում էր իր ընտանիքը եւ չէր ցանկանում որեւէ կերպ վնասել։ Բացի դրանից՝ վերջինս լիահույս էր, որ այս կոնֆլիկտը կարող էր հարթվել»։

Փաստաբանը նկատում է, որ իր պաշտպանյալի՝ հիմնադրամում աշխատած տարիներին չի եղել իրավիճակ, երբ որեւէ աշխատակցի իր քաղաքական հայացքների կամ այլակարծության համար ենթարկեն նմանատիպ հետապնդման։ Վերջին քայլը եղել է այն, որ երբ 2022 թվականի ցույցերի ժամանակ ճանապարհները փակվում էին,  Մանուկյանը ստիպված է եղել աշխատավայր հասնել ոտքով ու, բնականաբար, երբեմն ուշացել է, եւ Հիմնադրամի տնօրինությունը, օգտվելով դրանից, նրան ենթարկել է կարգապահական պատասխանատվության։ Երրորդ չմարված կարգապահական տույժի ժամանակ անձը կարող է ազատվել աշխատանքից, եւ Մանուկյանին ազատել են աշխատանքից։

«Ըստ օրենքի՝ անձը չպետք է ենթարկվի նույն իրավախախտման համար կրկնակի պատասխանատվության, այսինքն՝ չենք կարող անձի նկատմամբ կիրառել խիստ նկատողություն եւ միեւնույն ժամանակ վերջինիս ազատել աշխատանքից։ Աննա Մանուկյանի դեպքում հենց այդպես էլ եղել էր՝ կազմվել էր հրաման, կիրառվել էր խիստ նկատողություն եւ միեւնույն ժամանակ որոշում էր կայացվել լուծել պայմանագիրը, որն Աշխատանքային օրենսգրքի կոպտագույն խախտում էր, եւ հենց սա է դրել դատարանը վճռի հիմքում՝ «չանդրադառնալով մնացյալ հիմքերին, քանի որ գտել է, որ  այլեւս իմաստազուրկ է անդրադարձ կատարել բոլոր մնացյալ հարցադրումներին, որոնք մենք բարձրացրել էինք մեր դատական պրոցեսի ընթացքում»,- ասում է պաշտպանը։ Մինչդեռ այդ ընթացքում շատերն են աշխատանքից ուշացել, նման պատճառաբանությամբ ոչ մեկն աշխատանքից չի հեռացվել։

Ճաղարյանը շեշտում է, որ իր պաշտպանյալը համակարգել է մեծ ծրագրերը, որոնք՝ բոլորը, լավ արդյունքով ավարտին են հասցվել, եւ մինչ օրս նրան շնորհակալություն են հայտնում իր կատարած աշխատանքի համար։ Նույնիսկ բարերարներ են եղել, ովքեր, տեղեկանալով դատական պրոցեսի մասին, դադարեցրել են «Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորումը։ Մանուկյանին դրական բնութագրեր են տվել թե՛ նրա նախկին ղեկավարը, թե՛ գործընկերներն ու բարերարները։ Նորանշանակ տնօրենը՝ Հայկակ Արշամյանը, եւս մշտապես գովաբանել է Մանուկյանի կատարած աշխատանքը, սակայն նրան հորդորել է չբարձրաձայնել իր քաղաքական կողմնորոշման մասին։

«Աննան ասել է, որ չի պատրաստվում, քանի որ աշխատանքից դուրս ինքը, որպես քաղաքացի, ունի սահմանադրական իրավունք՝ իր քաղաքական կարծիքն ունենալու եւ այն բարձրաձայնելու»,- ասաց պաշտպանը։ Իսկ Դիմադրության շարժման շրջանակներում Մանուկյանը հրապարակային ելույթ է ունեցել միայն աշխատանքից ազատվելուց հետո։