Ամեն ինչ գլխիվայր շրջվել է
Նայելով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին եւ դրան իշխանությունների ու ժողովրդի արձագանքին՝ եզրակացնում ենք, որ Հայաստանը փաստացի հայտնվել է մի իրավիճակում, երբ նրա փրկության հարցը բավականին մշուշոտ է: Փաստացի, բացի ընդդիմության որոշ հատվածի անկարող ու անարդյունք քայլերից, որեւէ ուժ որեւէ լուրջ քայլ չի անում երկրի փրկության համար: Իսկ, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը չափազանց ակտիվ գործունեություն է ծավալում միջազգային հարթակներում, մեծացնում է ճնշումները Հայաստանի նկատմամբ ու իր կամքը թելադրում: Եվ դրա հիմքում էլ հայ ժողովրդի անտարբերությունն է հայրենիքի նկատմամբ եւ սեփական իշխանություններից ոչինչ չպահանջելը, ոչ մի բանի դեմ չընդվզելը: Մի բան է ակնհայտ, որ ցանկացած երկրի պաշտպանությունն ապահովվում է իր իշխանությունների, ժողովրդի եւ ընդդիմության քայլերի շնորհիվ: Իսկ մեր երկրում խախտված է այդ բալանսը, եթե չասենք` բացակայում է: Մինչեւ 44-օրյա պատերազմը եւ դրանից հետո, շատ քիչ մարդկանց մտքով կարող էր անցնել, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը կարող են հայտնվել այնպիսի վիճակում, որ ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ժողովուրդն այսպիսի անտարբերությամբ հետեւեն իրենց երկրի պաշտպանության խնդրին եւ երկիրը մատնեն անտերության:
Արցախյան առաջին պատերազմից մինչ մեր օրերը հայերի տված բոլոր կորուստները՝ մարդկայինից մինչեւ տարածքներ, կարծես մոռացվել են: Այսինքն՝ հայ մարդն ուրացել է իր բոլոր սրբությունները: Չեմ կարծում, որ աշխարհում կգտնվի մեկ այլ ժողովուրդ, որն անցած լինի նմանատիպ դաժան ու փշոտ ճանապարհ եւ իր երկրի համար ողբերգական պահին նման վարք դրսեւորի` դավաճանի:
Փաստորեն, Ալիեւն ամեն րոպեն ինտենսիվորեն օգտագործում է իր երկրի համար, իսկ Հայաստանը՝ ի դեմս իր իշխանությունների եւ ժողովրդի, ժամանակի նման դեֆիցիտի պայմաններում ոչ մի քայլ չի ձեռնարկում, կարծես անհանգստանալու բան չունի: Դրսից հետեւողները, անշուշտ, զարմանում են, թե Հայաստանն իր համար այս կրիտիկական պահին ինչու է ձեռքերը ծալած նստել ու ոչ մի քայլ չի ձեռնարկում: Եվ երեւի կասկածում են, որ 2 երկրների միջեւ ինչ-որ գաղտնի պայմանավորվածություն կա։
Ստացվում է, որ Հայոց պատմության մեջ հայ ժողովուրդն առաջին անգամ ուրանում է իր հայրենիքը, պետականությունը, նահատակներին եւ պատրաստակամ է թուրքին հանձնել իր չքնաղ հայրենիքը՝ Հայաստանը, առանց ամոթի նշույլ զգալու։
Եվ քանի որ գոնե 2020-ից սկսած, Ալիեւն իրեն դրսեւորել է որպես լուրջ պետական գործիչ, որը նաեւ հարեւան երկրի իշխանության եւ ժողովրդի հոգեբանությունն է լավ հասկացել, վախենամ, որ եթե ինչ-որ հրաշք տեղի չունենա, ապա Ալիեւի մյուս հայտարարություններն էլ ի կատար կածվեն, եւ Ադրբեջանը կհասնի իր նպատակին։
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Կարծիքներ