Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը 95 տարեկան է

Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը 95 տարեկան է

Երեկ Առնո Բաբաջանյան համերգասրահում մեծ շուքով նշվեց Համազգային հայ կրթական եւ մշակութային միության 95-ամյակի պաշտոնական հանդիսությունը, որի ընթացքում հնչեցին Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների օրհներգերը, երաժշտական կատարումներ, ցուցադրվեցին Համազգայինի գործունեության մասին պատմող տեսաերիզներ:   

Շնորհավորական խոսքով հանդես եկան Համազգայինի կենտրոնական վարչության ատենապետ Զաքար Քեշիշյանը եւ ՀՅԴ Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: 

Կարեւորելով ազգապահպանության խնդիրները, նաեւ` հայոց լեզուն, գիրն ու գրականությունը՝ Եգիպտոսում ապրող մի խումբ մտավորականների ու հասարակական գործիչների ջանքերով (որոնց թվում էին Առաջին հանրապետության պետական նշանավոր գործիչներ Լեւոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Համո Օհանջանյանը եւ այլք) 1928 թ․ մայիսի 28-ին հիմնադրվում է Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը, որն այս տասնամյակների ընթացքում իր գրասենյակներն ու կենտրոններն է բացել շուրջ 20 երկրներում: Իր 95 ամյա գործունեության ընթացքում, Համազգայինը հիմնում է դպրոցներ, վարժարաններ, երգչախմբեր, պարախմբեր, թատերախմբեր, պատրաստում է հայալեզու դասագրքեր, ծավալում է գրահրատարակչական գործունեություն, թարգմանում է գրքեր` համախմբելով մտավոր-գիտական ներուժը թե Սփյուռքում, թե Հայաստանում:

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության 95-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում օրերս կայացավ նաեւ Համազգայինի վերջին հրատարակությունների շնորհանդեսը։ Ընթերցողի դատին հանձնվեց չորս ժողովածուներ։ «Soaring words» ժողովածոն հրատարակվել է Համազգայինի Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ եւ ներկայացնում է արցախցի ութ արձակագիրների պատմվածքներն անգլերեն թարգմանությամբ (խմբագիր,  թարգմանիչ՝ Արեւիկ Գաբրիելյան)։ «Ձայն արցախական», «Ձայն հյուսիսային», «Ձայն քերթողական» գրքերը հրատարակվել են Համազգայինի Նյու Յորքի մասնաճյուղի եւ դոկտոր-պրոֆեսոր, բեմադրիչ, թատերագիր Հրանտ Մարգարյանի անմիջական նախաձեռնությամբ։

Մինչեւ սեպտեմբերի 18-ը Երեւանի ՀԲԸՄ ցուցասրահում կգործի նաեւ Համազգայինի «Լյուսի Թութունջյան» ցուցասրահի հետ տարբեր ժամանակներում համագործակցած նկարիչների ու քանդակագործների հավաքական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկայացված են ինչպես Հայաստանից ու Արցախից, այնպես էլ Սփյուռքից տարբեր արվեստագետների աշխատանքներ։ Ներկայացված են նաեւ ցուցասրահի հետ համագործակցած օտարազգի արվեստագետների գործեր։