Հերթական դեժավյուն

Հերթական դեժավյուն

Չորս օր հետևելով Սահմանադրական դատարանում ս. թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքների չեղարկման բողոքների քննությանը՝ գրագետ նորմալ մարդը չի կարող չապրել դեժավյուի զգացում:

Թվում է, թե վերադարձել են հին, «բարի» ժամանակները՝ երբ կեղծվում էր ամեն ինչ ու ամեն արժեք ոտնահարվում: Իսկ մամուլում դիտարկելով իրավապահների կողմից ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ բռնություններ կիրառելն ու քրեական գործեր կազմելը՝ դեժավյուն արդեն շատ մեղմ է թվում: Որովհետև ականատես ենք դառնում իրավունքի քողի տակ, քաղաքական բնույթի բացարձակ ապօրինությունների: Նախկինում դրանք այդքան բացարձակ չէին, և կամ լինելու դեպքում բացառություններ էին ընդհանուր կանոնից: Իսկ այսօր «երրորդ կողմ» ընդհանուր անվանման ներքո հանդես եկող պետական կառույցների ներկայացուցիչները փորձում են թե՛ ՍԴ դատավորներին և թե՛ մեզ՝ տեսածն ու լսածն ընկալող շարքային մարդկանց, համոզել, որ հունիսի 20-ին տեղի է ունեցել  իրապես ժողովրդավարական ընտրություն: 

Ենթադրենք, ընտրական տեղամասում տեղադրված տեսանկարահանող սարքը գրանցել է զինվորականի կողմից քվեախցիկից դուրս քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու պատկերը, սակայն երրորդ կողմը ներկայացնողների միջև հարց ու պատասխանից պարզ է դառնում, որ դա խնդիր չէ: Բայց դա քվեարկության կարգի խախտում է, ինչը պետք է չեզոքացվի տեղամասային հանձնաժողովի նախագահի կողմից, ինչը չի արվում: Քվեաթերթիկը քվեախցիկից դուրս ծրարի մեջ դնելը նշանակում է, որ ընտրողը կա՛մ խիստ շտապում է և կա՛մ այն որևէ ձևով ցույց է տրվել տեղամասում գտնվող մեկ այլ զինվորականի: Առաջին «կամ»-ի խնդիրը հեշտ լուծելի էր՝ ընտրողին նախօրոք է ասվում դրա անթույլատրելիության մասին, և զորամասում էլ ոչինչ չէր պատահի, եթե ենթադրաբար 20 րոպեի փոխարեն զինվորների խումբը վերադառնար 25 րոպեից: Ինչ մնում է քվեախցիկի կողքը մեկ այլ զինվորականի գտնվելուն՝ ապա դա ևս արգելված է քվեարկության կարգով: Էլ չեմ խոսում այն դեպքերի մասին, երբ որևէ հրամանատար անընդհատ է գտնվում տեղամասում՝ մինչ զինվորների կողմից քվեարկության ավարտը: Սակայն, ինչպես ասվեց, երրորդ կողմը ներկայացնող՝ արդարադատության նախարարի և ԿԸՀ նախագահի միջև հարց ու պատասխանից պարզվում է, որ ներկայացված պատկերը խնդիր չի առաջացնում: 

Ներկայացվածն ընդամենը մեկ օրինակ է այն բանի, թե ինչպես է տեղի ունեցել քվեարկությունը և ինչպիսի մեկնաբանություն է այն ստանում երկու պետական կառույցների ներկայացուցիչների կողմից: Ի դեպ, հոդվածի հեղինակի կողմից գիտակցաբար ընտրվել է ոչ այնքան ծանր ընտրախախտում, որպեսզի ակնհայտ դառնա ընտրակեղծարարության նկատմամբ «ժողովրդի վարչապետի» ներկայացուցիչների վերաբերմունքը: Իսկ այն, բնականաբար, ածանցված է հենց Փաշինյան Նիկոլի վերաբերմունքից: Այն անձի, որ 2018-ի ապրիլյան իրադարձությունների պահին և թե դրանից հետո երդվում էր, որ այսուհետ Հայաստանում չի կարող տեղի ունենալ որևէ բնույթի ընտրակեղծարարություն: Երդվում էր սեփական կյանքով և ազատությամբ: Բայց այդ ամենն անցյալում է, և մենք պետք է հասկանանք, որ հանուն իշխանության պահպանման կարելի է դրժել թե՛ սեփական խոսքը և թե՛ նույնիսկ երդումը: Եվ դա հատկապես Փաշինյան Նիկոլի դեպքում, որն իշխանափոխությունից հետո անտարակույս խնդիր կունենա ազատության հետ՝ եթե նույնիսկ նրա կյանքին վտանգ չսպառնա:

Հ.Գ. 2000-ականների սկզբներից հանուն ժողովրդավարության հաստատման պայքարել եմ գործող իշխանության դեմ, բայց 2017-ի վերջին բարձր եմ գնահատել վարչապետ Կարապետյանի աշխատանքը: 2018-ի ապրիլին անընդունելի եմ համարել Սերժի կողմից հրապարակայնորեն տրված խոսքը դրժելը, և այդ պատճառով ողջունել եմ Սերժի հրաժարականն ու Նիկոլի իշխանության գալը: Սակայն արդեն մայիսից սկսել եմ քննադատել վարչապետի պաշտոնում Նիկոլի սխալներն ու բացթողումները: 2018-ի հոկտեմբերի 2-ին չեմ մասնակցել ԱԺ շենքի պաշարմանը, սակայն դեկտեմբերին ձայնս տվել եմ «Իմ քայլին»՝ ենթադրելով, որ Ազգային ժողովում մեծամասնություն ապահովելով՝ Նիկոլն ամբողջությամբ լծվելու է գրագետ բարեփոխումներ անելու գործընթացին: Բայց 2019-ին և 2020-ի առաջին կեսին իշխանության սխալները վերածվեցին ապօրինությունների: Իսկ պատերազմի ընթացքում և խայտառակ պարտությունից հետո հստակ երևաց, որ ժողովրդավարություն կոչված երևույթը մեր օրերի Հայաստանում ժամանակավրեպ երևույթ է: