e-draft-ում դրված Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագծի տարբերակն այլ  է. չի համապատասխանում այն նախագծին, որն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից

e-draft-ում դրված Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագծի տարբերակն այլ  է. չի համապատասխանում այն նախագծին, որն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից

Արտակարգ դրության , մարդկանց տեղաշարժի սահմանափակումների պայմաններում, երբ բոլորը կենտրոնացած են կորոնավիրուսի, դրա տարածման և հետագա հնարավոր վնասների կանխարգելման վրա,  կառավարությունը հավանության է արժանացրել Շրջակա միջավայրի նախարարության հեղինակած «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությունը: Հարցը եղել է չզեկուցվող, այլ կերպ՝ նիստի ժամանակ հարցի շուրջ այս որևէ քննարկում չի ծավալվել։ 

Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Տեղեկատվության ազատության մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի մշակումն իրականացվել է 780 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ 

Բանն այն է, որ  առաջարկվում է օրենքի տեղեկատվության ազատության սահմանափակումներ սահմանող հոդվածում ավելացնել նոր մաս, ինչը թույլ է տալու շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը  մերժել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա։

Հիմա էլ պարզվում է ՝ e-draft ում դրված Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագծի տարբերակն այլ  է և չի համապատասխանում այն նախագծին, որն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից ապրիլի 2-ին։ Փաստորեն, քննարկվել է մի բան, սակայն ընդունվել այլ տարբերակ։ Այս մասին արդեն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը։

«Ես սա հրապարակել եմ ու հիմա սպասում եմ արձագանքի։ Ո՞նց կարող են 16 դեմ, 6 կողմով Հանրային քննարկման դնեն մի բան, նիստում ընդունեն լրիվ մեկ այլ բան։ Մենք այս ամենի մասին տեղեկանում ենք լրիվ բաց աղբյուրներից, այսինքն՝ e-draft-ը պաշտոնական Հանրային քննարկումների հարթակ է, այնտեղ ենք նայում և նայում ենք արդեն e-gov-ի վրա, որը կառավարության պաշտոնական հարթակն է»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Դոյդոյանը։

Նրա խոսքով՝ բովանդակային առումով ևս նախագիծը մի հարթակում այլ կերպ է ներկայացվել, մյուսում՝ այլ։

«Իհարկե, տարբերությունը ակնհայտ է։ Նախ զուտ ծավալային առումով սա 1,5 էջանոց հոդված է, իսկ սա, այսինքն՝ էն, ինչ ընդունվել է, երկու պարբերությամբ հակիրճ տարբերակ է։ Սակայն պիտի նշեմ,որ բովանդակային առումով այս փոքր, հակիրճ տարբերակը շատ ավելի վտանգավոր է , քան e-draft -ում դրված այն երկար տեքստը։ Այսինքն, եթե մենք դեմ ենք եղել նրան, պարզ է , որ սրա մասին առավել քան բացասական կարծիք ունենք։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը հավելեց, որ այս պայքարում միայնակ չեն, իրենց կոչին միացել են ոլորտով հետաքրքրված ակտիվ  քաղաքացիական հասարակության ողջ ներկայացուցիչները։

«Քաղհասարակության թվով 250,260 անդամներ թե ԱԺ-ին, թե կառավարությանը կոչ են հնչեցրել, որ սա պետք է չեղարկվի»,- ասաց Դոյդոյանը։

Փորձեցինք կապվել նաև Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներից որևէ մեկի հետ, սակայն չստացվեց։