Ադրբեջանը մեզ նախապես չի տեղեկացրել իր գործողությունների մասին․ Զախարովան հերքում է

Ռուսասատնի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, թե ադրբեջանական կողմն իբր նախապես զգուշացրել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին։
«Դա չի համապատասխանում իրականությանը: Տեղեկությունը ռուսական զորախմբին է փոխանցվել ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ»,- գրել է Զախարովան Telegram-ում:
Հիշեցնենք, այսօր կայացած ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրադրության կտրուկ էսկալացիայից։
«Տեղեկություններ կան ադրբեջանական զինված ուժերի կողմից տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություններ սկսելու և, ինչպես Բաքուն է հայտարարում, տեղի հայկական զինված կազմավորումների պատասխան գործողությունների մասին։ Ռուսական կողմը հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ քաղաքական-դիվանագիտական կարգավորման ուղուն», - ասել է նա։
Զախարովան ընդգծել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված բոլոր քայլերը շարադրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում, որոնք ընդունվել են 2020-2021 թվականներին։ Նրա խոսքով` վերջին շրջանում Ռուսաստանի և միջազգային այլ միջնորդների ջանքերով լուրջ նախադրյալներ են ձևավորվել ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ ստեղծված իրավիճակում ՌԴ խաղաղապահ առաքելությունը շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները։ Մոսկվան ելնում է նրանից, որ խաղաղապահների անվտանգությունն անվերապահորեն կապահովեն բոլոր կողմերը։
Զախարովան շեշտել է նաև, որ ՌԴ խաղաղապահ առաքելության հրամանատարությունը մշտական կապի մեջ է Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ հրադադարի պահպանման և նշված եռակողմ պայմանավորվածությունների ամենաբարձր մակարդակով կատարմանը վերադառնալու նպատակով։
Կարծիքներ