Նիկոլ Փաշինյանի հալը հալ չէր․ ինչու՞
Հավանաբար միայն ես չէ, որ նկատել եմ, որ այսօր մամլո ասուլիսում Նիկոլ Փաշինյանի «հալը հալ չէր»։ Չմանրամասնեմ դրության մասին նկատածս։ Դա նրանից չէ, որ հայ ժողովրդին հասցրել է այս ծանր, արհավիրքային վիճակին։ Նա մտածում է իր անելանելի վիճակի մասին։ Հատկապես Ռուսաստանի մասին խոսելուց փորձում էր զգուշանալ արտահայտությունների մեջ, այդ ծանր բաժինը թողնելով իշխանամետ լրագրողների վրա, որոնք ոչ թե զուտ հարց էին տալիս, այլ ավելն առած «Ռուսաստան էին սրբում»։
Նա հասցրեց Ռուսաստանի վերաբերյալ իր ասելիքը կոնկրետացնել՝ ՀՀ-ն բոլոր մակարդականերում սառեցրել է իր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ։ Այս փուլում բավարար է։ Սա յուրօրինակ խոստում է Արևմուտքին՝ սպասեք հաջորդ փուլերին։ Առավել զավեշտալի էր նրա բացատրությունը, թե ինչպե՞ս կարող է որպես միջնորդ հանդես գա մի երկիր, որը ՀՀ-ին մեղադրում է այդ թեման սաբոտաժի ենթարկելու մեջ։ Խոսքը վերաբերվում է Ռուսաստանին։ Բայց վախը կար։ Մեկ ասում է․ «Եթե ուղիղ ասեմ, ինչպե՞ս եք պատկերացնում, որ օրինակ, տարծաշրջանային կոմունիկացիաների հարցում որպես միջնորդ հանդես գա մի երկիր, որը Հայաստանին մեղադրում է այդ թեման սաբոտաժի ենթարկելու մեջ: Այդ հայտարարությամբ արդեն, նման հայտարարություն անող ինստիտուտն իրեն դուրս է դնում բոլոր հնարավոր միջնորդություններից: Որտե՞ղ եք տեսել, որ միջնորդը մեղադրանք ներկայացնի, այն էլ բացարձակապես անհիմն, վերջում մենք ասենք՝ արի միջնորդություն արա»։ Հաջորդ պահին զգուշանում է․ «Որեւէ միջնորդություն ես չեմ բացառում, բայց դա կախված է տասնյակ հանգամանքներից, որոնք պետք է գնահատել»: Զավեշտալին այն է, որ նա Ադրբեջանին, ով օրը տասը անգամ Հայաստանը համարում է իր տարածքը, ահաբեկում նրան, համարում է բանակցող կողմ, իսկ Ռուսաստանի վրա «խփնվել է»։
Վերջերս Օլիվեր Սթոունի գիրքն էի կարդում, որը գրել է Պուտինի հարցազրույցների հիման վրա։ Քաղաքական յուրահատուկ դարբնոց է այդ գիրքը։ Երբ լրագրողը Պուտինից հետաքրքրվում է, թե ինչպես է ընդունում հանրահայտ առաջնորդների մահափորձերի, սպանությունների մասին լուրերը, ՌԴ նախագահն ասում է․ «Մեզ մոտ ժողովրդական խոսք կա․ ում վիճակված է կախաղան բարձրանալ, ջրի տակ չի խեղդվի»։ Այսինքն առաջնորդը, եթե ուժեղ է, ընդունում է վերուստ իրեն տրված ճակատագիրը ու համակերպվում դրան ու առաջ գնում։ Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէր առաջնորդի կերպարին, հենց դրա համար էլ նրա «հալը հալ չէր»․․․ Նա առաջնորդ չէր ի սկզբանե, ջերմոցում աճեցրած բույս էր, որը արևին չի դիմանում ու թալկանում, նվաղում, սպառվում, ուժասպառվում է մեր աչքի առաջ։
Կարծիքներ