«Մեծարգո»-ի մեծ անկումը
Հաստատ չգիտեմ՝ «մեծարգո» բառի գործածության ոլորտի վերաբերյալ երբևէ որևէ իրավական ակտ կայացվե՞լ է։ Որոնումներս ապարդյուն անցան բոլոր ուղղություններով, այդ թվում՝ երբեմնի տերմինաբանական կոմիտեի որոշումներն ուսումնասիրելիս։ Կարճ ասած՝ անհայտ մնաց, թե այսօր այդ բառն ի՛նչ հիմունքով ենք վերաբերելի դարձրել ամբողջ երկրում ընդամենը երեք պաշտոնյայի՝ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին։ Եվ ի՛նչ ստրկամիտ մեկն է եղել նա, ով ժամանակին հղացել է ազնվազարմ այդ բառն իբր թե «թագավորական» ծառայության կոչելու միտքը, իսկ իրականում՝ նրան զրկել հնարավոր գործածության հազարավոր համատեքստերից, ավելին՝ ազնվազարմությամբ փայլատակելու հազարավոր բնական հնարավորություններից:
Արդ մի՞թե զարմանալի չէ, որ համախումբ ապրող երեք միլիոն հայերս ընդամենը երեք մինուճար «մեծարգո» ունենք՝ նախագահ Արմեն Սարգսյան, վարչապետ Նիկոլ Փաշինյան, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան: Ի՜նչ անուններ են: Մենք այդ անձանց մեծարգո-ությունը լիուլի զգացել, ավաղ և ցավոք՝ շարունակում ենք զգալ նաև հիմա, ավելին՝ հիմա նույնիսկ տեսնե՛լ նրանց մեծարգո-ության գինը՝ որպես հայրենազրկություն, որպես նահատակված զինվոր, որպես հաշմված կյանք, որպես անհայտ ապագայով հասարակություն և պետություն:
Եվ ո՞վ է սահմանել, որ, դիցուք, որևէ արժանավոր նախարարի չենք կարող մեծարել «մեծարգո»-ով. նրա համար սահմանված առավելագույնը «հարգելի պարոնն» է։
Ո՞վ է սահմանել, որ ցուրտ վրանում գիշերող, Սյունիքում հայրենիքի սահման պաշտպանող գյումրեցի պատվախնդիր զինվորը, ով իր երկրի իշխանությանն ու նրա գերագույն «մեծարգո»-ին բանակի հանդեպ տարրական պատասխանատվության և նվազագույն հոգածության կոչ է հնչեցնում, հարյուրապատիկ ՄԵԾԱՐԳՈ չէ:
Ո՞վ է սահմանել, որ ՄԵԾԱՐԳՈ չէ կինոռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը, ում հայրենասիրության ու նվիրումի չնչին մասը երանի ունենային մեր վերոնշյալ «մեծարգո»-ները՝ միասին վերցրած, քպ-ականների ողջ փքախմբով էլ (վրիպակ չկա)՝ բազմապատկած:
Ո՞վ է սահմանել, որ ՄԵԾԱՐԳՈ չէ Վահան Բադասյանը, ում, մեր «մեծարգոներից» գերագույնին ուղղված սպառնալիքի պատճառով, կալանում են և դա հիմնավորում նրա՝ մշտական բնակության վայր չունենալու հանգամանքով: Իսկ այդ վայրը հադրութցի մեր հերոսից խլել է ոչ այլ ոք, քան ինքը՝ գերագույն «մեծարգո» Նիկոլ Փաշինյանը…
… Ի դեպ, անսահման գեղեցիկ բառ է «մեծարգոն». նրանում թե՛ մեր հինավուրց լեզվի շունչը կա, թե՛ շողուն մի ազնվություն, անասելի պայծառ մի բան: Այդ բառը կարող էր մեզ արժանապատիվ ապագա տանել, եթե պատվեինք նրան իրեն արժանի մարդկանց ընկերակցության մեջ, եթե, ինչպես բանաստեղծն է ասում՝ նրան «չմանրեինք շահատակության շուկաների մեջ», չնվաստացնեինք այսքա՛ն աններելիորեն:
Կարծիքներ