«Հրապարակ». Կարեն Անդրեասյանը երեք անգամ վարույթ է հարուցել եւ, ի վերջո, դադարեցրել լիազորությունները

«Հրապարակ». Կարեն Անդրեասյանը երեք անգամ վարույթ է հարուցել եւ, ի վերջո, դադարեցրել լիազորությունները

Մեկ տարի առաջ Բարձրագույն դատական խորհուրդը, ի դեմս նախագահ Կարեն Անդրեասյանի, վարույթ էր հարուցել եւ դադարեցրել դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները։ Այդ որոշումը ԲԴԽ-ն պատճառաբանել էր նրանով, թե դատավորը բազմաթիվ դատական գործերով խախտել է դատական ակտերի հրապարակման եւ այդ ակտերը կողմերին տրամադրելու` օրենքով սահմանված ժամկետները։ Դատական համակարգում, սակայն, այլ կարծիքի էին. Ստեփանյանի լիազորությունների դադարեցման որոշումը մեկնաբանում էին որպես նրանից ազատվելու քայլ, քանի որ նա «գիտակ, անկախ որոշումներ կայացնող» դատավորի համբավ ուներ, ինչը ձեռնտու չէ ԲԴԽ-ին ու ՀՀ քաղաքական իշխանությանը։ Դատավորի լիազորությունները դադարեցվելուց հետո աղմուկ բարձրացավ, մեծ թվով փաստաբաններ ԲԴԽ-ի որոշումն անվանեցին խայտառակություն։ Լիազորությունները դադարեցնելուց հետո Ստեփանյանը դիմել էր Սահմանադրական դատարան, Եվրոպական դատարան։ «Հրապարակ»-ը գրել էր, որ շաբաթներ առաջ ՍԴ-ն որոշում է կայացրել՝ որոշ կետերով, հօգուտ Ստեփանյանի։ Ըստ այդ որոշման՝ ԲԴԽ-ն գործը պետք է վերանայի, դատավորի լիազորությունները դադարեցվել էին ԲԴԽ 5 անդամի ձայնով, մինչդեռ կազմը 10 անդամից է բաղկացած, եւ որոշման համար մեծամասնության քվեն է հարկավոր, գոնե` 6 ձայն։

Արթուր Ստեփանյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվեց՝ դիմե՞լ է ԲԴԽ` իրենց որոշումը վերանայելու հարցով։ «Տեսեք, ինձ հետ կապված որոշման մասով կազուսային իրավիճակ է, նմանատիպ իրավիճակ չի եղել, օրենսդրական կարգավորումը թերի է՝ ինձ 5 ձայնով հեռացնելու հետ կապված: Գործող կարգավորումը հետեւյալն է․ 3 ամսվա ընթացքում կա՛մ ես պետք է դիմեմ վերանայման պահանջով, կա՛մ արդարադատության նախարարությունը՝ վարույթ հարուցած մարմինը, տվյալ դեպքում՝ նախարարը։ Ես տեղյակ չեմ՝ որեւէ մեկի կողմից դիմելու հետ կապված»։

- Դուք դիմելո՞ւ եք վերանայման համար։

- Այո, տրամադրվածությունս այս պահին դիմելն է, որպեսզի այս ամեն ինչն իր տրամաբանական ավարտն ունենա։

- Կասկած չունե՞ք, որ ԲԴԽ նոր կազմն էլ հօգուտ Ձեզ որոշում չի կայացնի։ Բազմաթիվ հրապարակումներ կան, որ այն եւս կառավարվում է քաղաքական իշխանության կողմից։

- Ճիշտն ասած, ես ուզում եմ ապավինեմ նրան, որ, ի վերջո, պետք է ողջախոհությունը հաղթանակի, եւ կոնկրետ որեւէ մարմնում աշխատող անձինք դրսեւորեն այդ անդամին համապատասխան առնվազն կամ իրավագիտակցության մակարդակ: Այդ նկատառումներից ելնելով՝ դիմելու եմ։ Իսկ եթե ասում եք՝ կառավարվում է եւ այլն, անկեղծ ասած, ինֆորմացիա չունեմ, չեմ տիրապետում։ Իմ շահագրգռվածությունը՝ ոչ թե ամեն գնով դառնամ դատավոր, այլ որ օրենքով սահմանված կերպով իմ խախտված իրավունքները վերականգնվեն, եւ միաժամանակ շատ ուրախ կլինեմ, որ այս վերականգնման ճանապարհին ոչ միայն իմ սեփական իրավունքները վերականգնվեն, այլ այնպիսի ակտեր ընդունեն, որ ամբողջ դատական իշխանության անկախությունը մի քայլ առաջ բարձրացնի, ինքնուրույնությունն ավելի ամրապնդի, որը եղավ Սահմանադրական դատարանի որոշման պայմաններում։

- Ձեր իրավունքները խախտվել են, ըստ Ձեզ, դիտավորությա՞մբ, թե՞ գիտելիքների պակաս ունեին ԲԴԽ անդամները։

- Ես մի քանի փաստ վկայակոչեմ․ ես աշխատել եմ մոտ 10 տարի որպես դատավոր, ու ինչ-որ մի փուլից սկսած՝ 4 կարգապահական վարույթ հարուցվեց իմ մասով, մեկն Անդրեասյան Կարենը հարուցեց եւ կարճեց, որովհետեւ չգործող նորմեր վկայակոչեցի ես, ինքն էլ կարճեց։ Դա եղել է, երբ արդարադատության նախարար էր։ Երկրորդ վարույթը կրկին ինքը հարուցեց, հետո ԲԴԽ-ում էր, ինքնաբացարկ հայտնեց, քանի որ ինքն էր հարուցել, եւս 2 վարույթ, այսինքն՝ 4 կարգապահական վարույթ է եղել, մեկը կարճվել է, երկուսով հայտարարվել է նկատողություն, եւ վերջինով լիազորություններս դադարեցվել են։ Սրանք զուտ փաստեր են։

- Այս փաստերից ելնելով՝ կարո՞ղ ենք գալ եզրահանգման, որ Կարեն Անդրեասյանը Ձեզ վրա սեւեռված էր։

- Ես փաստեր եմ վկայակոչում Անդրեասյան Կարենի՝ նախարար լինելուց սկսած․․․ Ընդհուպ երկու անգամ ընտրվել եմ դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ, օրենսդրական չէ, բայց սովորութային բնույթ ուներ: Ճանաչվել եմ մեկ անգամ լավագույն դատավոր, ընտրվել եմ դատավորների միության փոխնախագահ, դա ինչ-որ բան, ենթադրում եմ, իրենից ներկայացնում է, որ այդ ճանապարհն անցել եմ, եւ միանգամից Կարեն Անդրեասյանի՝ նախարար դառնալով․․․ այդ փաստերը վկայակոչեցի։ Հիմա յուրաքանչյուրն ազատ է՝ իր դատողությունները կատարել։ Ինչ վերաբերում է, որ ԲԴԽ-ն 5 ձայնով չէր կարող, իրականում՝ ՍԴ-ն, որ հակասահմանադրական է ճանաչել այդ նորմը, որ 5 ձայնով ընդհանրապես դատավորի լիազորությունները դադարեցնելու կարգավորումը հակասահմանադրական է, այնտեղ նշում կա, որ նման պայմաններում չի անդրադառնում իմ մեկ այլ փաստարկին... իմ դեպքում 10 հոգի մասնակցել էր դատական նիստին, հետո խորհրդակցական սենյակում 2 հոգի չէր մասնակցել, այսինքն՝ 10-ից 5 ձայնով էին լիազորությունները դադարեցրել, 5-ը 10-ի մեծամասնությունը չէ, եւ չեմ կարծում, որ դա պահանջում է իրավաբանական դոկտորի իրավագիտակցության մակարդակ։ Թե ինչու դադարեցվեց, դա դադարեցնողները կիմանան, ես չեմ կարող ասել։

- Երբ Ձեր լիազորությունները դադարեցվեցին եւ այդ շրջանում՝ նաեւ այլ հայտնի դատավորների, լուրեր կային, որ ԲԴԽ-ն ազատվում է չկառավարվող, անկախ դատավորներից։ Դրա մասին ի՞նչ կարծիք ունեք, եւ Ձեզ երբեւէ հրահանգներ եղե՞լ են՝  որպես դատավորի։

- Չէ, եթե դատավորին, Ձեր բառով, հրահանգ է լինում, դրա համար համապատասխան իրավակարգավորում կա, որ պետք է տեղի ունենա։ Ինձ հրահանգ չի իջեցվել, եւ ես ինձ կառավարվող դատավոր չեմ համարել եւ չեմ համարում։