Արդարությունը կվերականգնվի, շոուն էլ կմնա հասարակությանը

Արդարությունը կվերականգնվի, շոուն էլ կմնա հասարակությանը

Մոտ 2 ամիս առաջ «Դասարան» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը եւ մի շարք այլ անձինք մեղադրվեցին «ՀՀ ՊՆ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եւ խաբեության եղանակով, շահադիտական նպատակով, 2019-2021 թվականների ընթացքում պետությունից առանձնապես խոշոր չափերով՝ 106.300.000 ՀՀ դրամ հափշտակելու մեջ»։ 
Սուրեն Ալոյանից, ով ձերբակալությունից ժամեր անց ազատ էր արձակվել, հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ընթացքի մեջ է իր դեմ հարուցված գործը։ «Նախաքննությունից ելնելով՝ որոշ բաներով սահմանափակված եմ, բայց կարող եմ ասել, որ մեզ դիմել էր պաշտպանության նախարարությունը՝ համակարգ ստեղծելու համար։ Մենք համակարգը ստեղծել ենք, հանձնել ենք պաշտպանության նախարարությանը, իսկ թե ինչու ՊՆ-ն չի կիրառել կամ կիրառում համակարգը, դա արդեն մեր խնդիրը չէ։ Հետեւաբար, վստահ եմ՝ որոշ ժամանակ հետո մեզ հետ կապված ամբողջը պարզ կլինի, արդարությունը, ինչպես միշտ, կվերականգնվի, շոուն էլ կմնա հասարակությանը»,- նկատեց նա։ 

Այդուհանդերձ, լրացուցիչ հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ։ Ս․ Ալոյանը նշեց, որ չի կարող պատասխանել, քանի որ նախաքննությամբ թուղթ է ստորագրել եւ չի կարող լրացուցիչ ինչ-որ բաներ բարձրաձայնել։ «Բայց մի բան կարող եմ ասել, որ մենք մեր գործում միշտ արդար ենք, ազնիվ ենք եւ փորձում ենք խնդիրը հասկանալ ու տեխնոլոգիական լուծում առաջարկել այդ խնդրին, երբ մենք դա անում ենք, հետո պետությունն ինչպես է դա օգտագործում՝ մենք չունենք լծակ պետությանը ստիպելու կամ ասելու՝ օգտագործիր, մենք կարող ենք միայն առաջարկել, ստեղծել, մատուցել, դրանից հետո իրենք պետք է հասկանան՝ իրենք ուզո՞ւմ են դա օգտագործել, թե՞ ոչ։ Սա է խնդիրը։ Ես ու մեր ամբողջ թիմը 14 տարի մեր կյանքը նվիրել ենք կրթությանը եւ կրթական համակարգեր ստեղծելուն, մենք հավատում ենք մեր գաղափարին եւ հնարավորինս ամեն ինչ անում ենք, որ մեզ չշեղեն մեր առաքելությունից։ Վստահ եմ՝ ժամանակը կգա, ու ամեն ինչ պարզ կդառնա, բայց խնդիրը մեր մեջ պետք չէ փնտրել»,- նշեց Ս․ Ալոյանը։