Մխիթար Զաքարյանը սպասում է քննիչի ծանուցմանը

Մխիթար Զաքարյանը սպասում է քննիչի ծանուցմանը

Առավոտյան 10։27-ին Մեղրիի հրաժարական ներկայացրած համայնքապետ, «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանի փաստաբան Երեմ Սարսգյանը գրել էր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Զաքարյանի իրավունքների կոպիտ խախտմամբ և ակնհայտ ապօրինի կերպով ավարտել է նիստը և բավարարել է նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հարցում համաձայնություն ստանալու միջնորդությունը։ 

«Հրապարակի» հետ զրույցում (11։09-ին) Զաքարյանի փաստաբանն ասաց, որ սպասում են իրավապահ մարմինների հետագա քայլերին։ «Այսինքն՝ եթե դիմել են որպես մեղադրյալ ներգրավելու և ազատությունից զրկելու գործընթաց սկսելու միջորդությամբ, նշանակում է՝ պետք է ինչ-որ բան անեն սրանից հետո։ Բայց այս պահի դրությամբ որևէ ծանուցում չի ստացել Մխիթար Զաքարյանը, և մենք էլ որևէ գործողության մասնակցելու վերաբերյալ տեղեկացված չենք», - նշեց նա։

Սարգսյանն ասաց, որ սպասում են քննչական գործողությունների մասնակցելու վերաբերյալ քննիչի ծանուցմանը։ 

Հարցին՝ ԿԸՀ-ի որոշումը բողոքարկելու մեխանիզմ գոյությո՞ւն ունի, պատասխանեց․ «Բողոքարկում որպես այդպսին չի նախատեսվում, բայց օրինականությունը վիճարկելու հնարավորություն դատարանում կա կալանավորման միջնորդության քննության ժամանակ», - նշեց նա։

Մխիթար Զաքարյանը համայնքապետի պաշտոնից հեռանալու հրաժարականի դիմումը ներկայացրել էր հուլիսի 9-ին, որպեսզի վերցնի պատգամավորական մանդատը։