Երբ հայերը Բաքվում անհամբեր սպասում էին «Անտանտի» զորքերին

Երբ հայերը Բաքվում անհամբեր սպասում էին «Անտանտի» զորքերին

Խոսքը վերաբերում է «Բաքվի 26 կոմիսարները» հայտնի կինոնկարի մի դրվագին: Հայ եւ ադրբեջանցի արդյունաբերողներն անհամբեր սպասում են, թե ուր որ է, Անտանտի զորքը կհասնի օգնության եւ կջախջախի բոլշեւիկներին: Երբ ժամանած նավից իջնում են բրիտանական մի քանի սպաներ եւ մի քանի զինվորներ, ադրբեջանցի գործարարները, հիասթափված ու ծաղրելով բրիտանական սպային, հեռանում են (ինչ-որ զարմանալի նմանություն կա Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ Իլհամի վերաբերմունքի հարցում. ես ձեզ չեմ հրավիրել), շրջվում ու գնում իրենց գործին: Մինչդեռ Խաչատուրովն ու իր հայրը, մյուս հայ գործարարները շարունակում են շողոքորթել բրիտանացիներին… 

Լրահոսից տեղեկանում ենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը, տեղի ունեցած պատերազմից մեկ տարի անց, դրական է որակել Միրզոյան-Բայրամով հանդիպումը: Դե լավ, է, պարոն նախարար, Ձեր կատակի հավեսը չունենք:

Ֆրանսիացիների բարձր IQ-ն որեւէ կասկածի ենթակա չէ: Բայց, պարոն նախարար, Ձերդ գերազանցություն, ինչո՞ւ եք կարծում, թե հայերն ընդհանրապես IQ չունեն: Չե՞ք կարծում, որ վիրավորում եք մի ամբողջ ժողովրդի, որին, կարծես, ֆրանսիացիները համակրում են: Օկուպանտի, բնաջնջողի, բռնաբարողի, էթնիկ զտում իրականացնողի եւ օկուպացվածի, բռնաբարվածի, էթնիկ զտման ենթարկվածի հանդիպումը Դուք համարում եք դրակա՞ն: Այսինքն՝ եթե ձեզնմաններն ասեն, թե հյուսիսը հարավ է, իսկ արեւմուտքը՝ արեւելք, պետք է հավատա՞լ դրան:

Հասկանալի է, Դուք այդպիսի հարցադրումներին ունեք ունիվերսալ պատասխան. C'est la vie! Էհ, դրա մասին Թումանյանն արդեն ասել է վաղուց. «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»: Իսկ Ձեր նոր խոսքն ինչո՞ւմ է արտահայտվում, Ձերդ գերազանցություն, պարոն Ժան-Իվ Լե Դրիան: 
Թեպետ նրա ասածն իմաստ ունի: Պլանավորված պարտություն կրած, նվաստացած, պետականությունը վտանգած երկրի պաշտոնյայի հետ նույնիսկ որեւէ լակեյի հանդիպումը մեծ պատիվ է նրա համար, դրական ազդակ: Ուղղակի, վերջերս ինչ-որ շատ են դրական ազդակները: Աստված խեր անի:

Գագիկ Վարդանյան