Չգիտակցել գիտության դերը, մեղմ ասած, տնտեսական «կարճատեսություն» է

Չգիտակցել գիտության դերը, մեղմ ասած, տնտեսական «կարճատեսություն» է

Դեռեւս ԽՍՀՄ կազմում Հայաստանում գոյություն ուներ զարգացած գիտություն: Հայաստանը համարվում էր գիտության զարգացման առաջատար հանրապետություն: Մեծ էին նաեւ հայ գիտնականների ներդրումները գիտության զարգացման գործում: Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում գիտությունը մղվեց երկրորդական պլան: Դա ամենից առաջ պայմանավորված է գիտության ֆինանսավորման բավականին ցածր մակարդակով․ մոտ 8-10 անգամ կրճատվել է գիտության զարգացման ֆինանսավորումը: Զգալիորեն կրճատվել է նաեւ գիտաշխատողների իրական աշխատավարձը:

Դրանց հետ մեկտեղ, ոչ բարենպաստ, նույնիսկ չգիտակցված եւ վնասակար քաղաքականություն է կիրառվում գիտական կադրերի օգտագործման հարցում: Այս նկատառումով, իրավիճակն էլ ավելի սրվել է մասնավորապես հեղափոխությունից հետո: Հայաստանի գիտությունների ակադեմիայում գրեթե չի ֆինանսավորվում ֆունդամենտալ գիտության զարգացումը, որոշակի աշխատանքներ են կատարվում կիրառական գիտության՝ մասնավորապես դեղագործական ոլորտում: Գրեթե պարապուրդի են մատնվել հայ գիտաշխատողները: Դրությունն էլ ավելի է սրվել հանրապետության ուսումնական հաստատություններում տարեց, փորձառու պրոֆեսորադասախոսական անձնակազմի նկատմամբ վարվող քաղաքականությունում: Իրականում դա մտածված «ջարդ» է: Համատարած կերպով նրանց ազատում են աշխատանքից՝ խախտելով վերջիններիս սահմանադրական իրավունքները:

Այդ մասին է վկայում Երեւանի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական, պետական գյուղատնտեսական համալսարաններում եւ այլ բուհերում տարեց դասախոսներին ապօրինի կերպով մասսայաբար աշխատանքից ազատելու գործընթացը: Դեռ ավելին՝ նույնիսկ առկա է վերեւից հրահանգավորում՝ մերժել տարեց գիտնականների դատական հայցերը: ԵՊՀ-ում աշխատանքից ազատել են ավելի քան 50-60 դասախոսի,  ավելի քան 200-250 դասախոսի՝ ՀՊՏՀ-ից: Կառավարության եւ ԿԳՄՍ նախարարության հիմնական նպատակն է՝ աշխատատեղեր բացել այն երիտասարդ գիտնականների համար, ովքեր իրենց հետ «քայլել» են: Ինչպես, օրինակ, ՀՊՏՀ-ում ռեկտորի պաշտոնակատար նշանակեցին 31 տարեկան Ռուբեն Հայրապետյանին, որի մասին մեծ գոհունակություն էր հայտնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նրան համարելով հեռանկարային գիտնական: Սակայն ՀՊՏՀ-ի կոլեկտիվի անհանդուրժողական ջանքերի արդյունքում նա ազատվեց աշխատանքից՝ իր կողմից թույլ տրված սխալների եւ գրագողության համար:

Այս տեսակետից իրավիճակն ավելի բարդ է ԵՊՀ-ում: Մեկդարյա պատմություն ունեցող մայր բուհում առաջին անգամ նրա ռեկտորը` Արամ Սիմոնյանը, մեղադրվում է յուրացումների ու չարաշահումների մեջ: ԵՊՀ-ում հետին պլան էին մղված ուսման առաջադիմությունը եւ որակյալ կադրերի պատրաստումը: Ռեկտորատն ամեն ինչ անում էր, որպեսզի թույլ, նույնիսկ անգրագետ ուսանողները չհեռացվեին համալսարանից՝ պատճառաբանելով, թե մեր բոլորի աշխատավարձը ձեւավորվում է նրանց վճարումների հաշվին: Ես չեմ հիշում գոնե մի դեպք, որ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի խորհրդի նիստում քննարկվեր ուսման առաջադիմության բարձրացման հարցը: Դեռ ավելին․ դեկան Հայկ Սարգսյանը ճնշում էր գործադրում դասախոսների վրա, որ չնշանակեն անբավարար գնահատականներ:

Ռեկտոր Արամ Սիմոնյանը, ճնշումների ազդեցության տակ, աշխատանքից ազատում էր տարեց, փորձառու դասախոսներին, դրանով ձգտում երկարացնել իր աշխատանքային (քայքայիչ) գործունեությունը: Չգիտեմ՝ նրա մտածելակերպը գավառական է, թե ոչ, սակայն հաստատ գիտեմ, որ այն ձեւավորվել էր Հանրապետական կուսակցության եւ նրա ղեկավար, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ռեժիմի շրջանակներում՝ ստախոսության եւ խաբեբայության սկզբունքի հիման վրա: Լինելով «ցայտնոտի» մեջ՝ աշխատանքից ազատեց ոչ միայն ճանաչված, փորձառու դասախոսներին, այլեւ գիտական մասի գծով պրոֆեսոր Գեղամ Գեւորգյանին, աշխատակազմի ղեկավար երիտասարդ Ալիկ Ղարիբյանին, իսկ իր ամենամոտ ընկերը՝ Ալեքսանդր Գրիգորյանը, իր դիմումի համաձայն հեռացավ համալսարանից: Շատ մտածելուց հետո նա վերջապես հասկացավ, որ չի կարող նման սկզբունքներով ղեկավարել, եւ ստիպված հրաժարական տվեց: Գրեթե զրոյական դեր ուներ ԵՊՀ արհմիութենական կազմակերպությունը: Խոսակցություններ կան, որ ԵՊՀ հաջորդ ռեկտոր ընտրվելու է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Իմ կարծիքով՝ համալսարանում կան ազնիվ եւ սկզբունքային պրոֆեսորներ, որոնք ավելի լավ են գիտակցում համալսարանի առջեւ կանգնած խնդիրները եւ դրանց լուծման ուղղությունները: Դրանցից ամենահավանական թեկնածու կարելի է համարել քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ենգոյանին, որն իր ազնիվ եւ նվիրված աշխատանքային գործունեության շնորհիվ համակրելի անձ է դարձել համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար:

Այսուհանդերձ, դեռեւս ուշ չէ արժանի ուշադրություն դարձնել գիտության զարգացմանը: Այդ նպատակով մի քանի ամիս առաջ դիմեցի ՀՀ կառավարությանը, սակայն նամակիս պատասխան ստացա ԿԳ նախարարի օգնականից: Նա հեռախոսով ասաց, որ մեկ ամսվա ընթացքում քննարկվելու է այդ հարցը, անպայման ինձ կհրավիրեն՝ մասնակցելու քննարկմանը: Սակայն արդեն անցել է մի քանի ամսից ավելի, եւ ոչ մի հրավեր չեմ ստացել:
Հարգելի կառավարություն, անհրաժեշտ է գիտության զարգացման վրա լուրջ ուշադրություն դարձնել, թե՛ ֆինանսավորման եւ թե՛ գիտական կադրերի օգտագործման արդյունավետության բարձրացման վրա: Առանց գիտության զարգացման հնարավոր չէ նաեւ տնտեսական հեղափոխություն իրականացնել: Չնկատել գիտության զարգացման առաջնահերթ դերը, մեղմ ասած, տնտեսական «կարճատեսություն» է: 
Գիտությունը ֆուտբոլ չէ, դրա զարգացման համար անհրաժեշտ է օգտագործել տարեց եւ փորձառու գիտնականներին: Գիտական կադրերի վերարտադրությունը պետք է ընթանա բնականոն հունով: Այլ կերպ ասած՝ հարց է ծագում․ ովքե՞ր պետք է պատրաստեն եւ ղեկավարեն երիտասարդ գիտական կադրերի աշխատանքները:

Մենք բոլորս էլ եղել ենք երիտասարդ եւ քաջ գիտակցում ենք, թե ինչպիսին է եղել մեր գիտելիքների մակարդակը նախկինում եւ ինչպիսին է հիմա։ Իսկ ՀՀ Սահմանադրության 57-րդ եւ 29-րդ հոդվածներով՝ բոլորը հավասար իրավունքներ ունեն աշխատանքի նկատմամբ, եւ բացառվում են տարիքային սահմանափակումն ու խտրականությունը: Մի բան էլ․ մի միջամտեք դատարանների աշխատանքներին, թողեք նրանք աշխատեն համապատասխան օրենքների շրջանակներում:

 Հ. ՀՈՎՍԵՓՅԱՆ 

տնտեսագետ, պրոֆեսոր