Ուղիղ ճամփան թողած, ինչո՞ւ ենք զիգզագներով գնում

Ուղիղ ճամփան թողած, ինչո՞ւ ենք զիգզագներով գնում

Հայաստանը կորցնելու վտանգը րոպե առ րոպե ավելի առարկայական է դառնում: Իսկ մեր հայրենիքը մեկն ու միակն է, եւ մենք մեր անգործությամբ կորցնում ենք այդ հայրենիքը: Ամեն օր վախով քնում եւ վախով արթնանում ենք, որ դա կարող է Հայաստան պետության վերջին օրը լինել, եւ մենք կարող ենք հայտնվել հարեւան գիշատիչների հպատակության տակ:

Մենք 44-օրյա պատերազմից մինչ այսօր ամեն ինչ արեցինք, որ այդ հեռանկարն ավելի ռեալ դառնա: Անհասկանալի է, թե ինչու արեցինք: Արդյոք գիտակցվա՞ծ արեցինք, թե՞ անգիտակից, եւ ինչո՞ւ այսօր էլ ոչինչ չենք ձեռնարկում՝ այդ վտանգները չեզոքացնելու, նվազեցնելու համար:  Մի՞թե ազգովի հաշտվել ենք կամ գուցե մտածում ենք, որ ծառա լինելն ավելի լավ է, քան տեր լինելը: Հակառակ դեպքում հասկանալի չէ, թե ինչպես կարելի է ազատ, անկախ կարգավիճակը փոխարինել կախյալով եւ ապրել ուրիշի ցուցումներով... 

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս ստացվեց, որ 90-ական թվականներից մինչեւ 2018 թվականը թուրքը վախենում եւ զգուշանում էր մեզնից, իսկ 2020թ. սեպտեմբերից մինչ այսօր մենք ենք վախենում ու զգուշանում նրանից: Ի՞նչ է կատարվում հայ ժողովրդի հետ: Ինչո՞ւ է այսքան վախեցած ու հնազանդ այն ամենի հետ, ինչ անում են այս իշխանությունները Հայաստանի հետ: Հայ ժողովուրդն ի՞նչ տեսակի հայրենիք է ուզում, ընդդիմությունն ի՞նչ է անում հայրենիքը փրկելու համար: Աշխարհն ի՞նչ է մտածում ՀՀ իշխանությունների եւ հայ ժողովրդի մասին: Թուրք-ադրբեջանական տանդեմն ի՞նչ հավակնություններ եւ որոշումներ ունի Հայաստանի հետագա ճակատագրի վերաբերյալ. վերացնել Հայաստան պետությունը եւ այն վերածել «Արեւմտյան Ադրբեջանի՞», որին կարծես դեմ չեն նաեւ Հայաստանի իշխանությունները: Ի վերջո, ո՞րն էր մեր նպատակը... Հարցեր, որոնց պատասխանները չունենք:

Փոխանակ փորձելու՝ պատասխանել այս հարցերին եւ քայլել ուղիղ ճանապարհով, անելով մեզնից կախված փրկության քայլերը, քայլում ենք զիգզագներով, կարծես այդ ճանապարհը որեւէ դրական արդյունքի է բերելու:  Մեր ժողովուրդը կարծես մեռած լինի, իսկ իշխանություններն ամեն կերպ եւ ամեն ինչով միմիայն նպաստում են թշնամու գործողություններին: Եվ փոխանակ լրջորեն խորհելու մոտեցող՝ ահագնացող վտանգների մասին, մեր «հերոսական» ժողովուրդն անտեր է թողել իր ծնողին՝ հայրենիքը, անգամ ուզում է նրան հանձնել իր ամենամեծ թշնամուն՝ թուրքին, եւ ազատագրվել պետություն պահելու գխացավանքից։

Անգամ 1915թ. Արեւմտյան Հայաստանում ապրող հայերը, ջարդերի ու դաժան տարհանման պայմաններում, էլի ինչ-որ չափով պայքարում էին` չունենալով պետություն, զորք, ոստիկանություն: Պայքարում էին մի քանի անգամ անհավասար պայմաններում գտնվող զինված թուրքերի դեմ՝ փորձելով չհանձնվել, չհեռանալ իրենց բնակավայրերից: Անհամեմատ փոքր ուժերով, մեծաթիվ զոհեր տալով, բազում ստրատեգիական ու տակտիկական սխալներ թույլ տալով, անկազմակերպ, ցաքուցրիվ վիճակում, երբ բոլոր տղամարդկանց թուրքերը նախապես հեռացրել էին, բանակ էին զորակոչել` կանանց, ծերերին ու երեխաներին թողնելով անպաշտպան, որ հեշտ լինի ցեղասպանության ենթարկելն ու Դեր Զորի անապատներ քշելը: Հայերի ինքնապաշտպանությունը թեեւ կրում էր ցաքուցրիվ բնույթ, ոչ մի համակարգված պաշտպանական մեխանիզմ չէր գործում, զուտ զոհի ինքնապաշտպանական բնազդից բխող քայլեր էին, բնական է, որ շատ մեծ արդյունքներ չէին կարող տալ: Դրանք ընդամենը գոյություն պաշտպանելուն միտված քայլեր էին եւ ոչինչ ավելին։

Իսկ այսօր, երբ խոսքը գնում է անկախ Հայաստան պետության մասին, որը բանակ ու զինվորականներ ունի, ոստիկանություն, ինչ-որ պաշտպանական համակարգեր, պետական կառավարում, ՄԱԿ-ում ճանաչված պետություն է, Եվրախորհրդի անդամ, դաշնակցային պայմանագրեր ունի բազմաթիվ պետությունների հետ, ինչո՞ւ է հայ ժողովուրդը նման վախ եւ անտարբերություն դրսեւորում` դավաճանելով իր հայրենիքին, կռիվ չտալով նրա համար, պաշտպանական քայլեր անելու փոխարեն անհեթեթ, պարտվողական քայլեր է անում կամ թույլ է տալիս, որ իշխանությունն անի: Իր հայրենիքը սկուտեղի վրա հանձնի թշնամուն:

Հայեր, այս ծուռումուռ ճանապարհներով, տարբեր լեզվական ճամարտակություններով ձեզ փորձում են շփոթեցնել՝ խաբել: Փորձում են համոզել, որ ուրիշ ելք չկա, որ հայրենիքի փրկության ճանապարհը սա է: Հետո ասելու են` հնարավոր չէր պետությունը փրկել, ինչպես հայտարարեցին, որ Արցախը հնարավոր չէր պահել` այն վաղուց էր հանձնված:  Խելքի եկեք, այդ խաբեություններին մի հավատացեք: Այս հայրենիքը նրանց սեփականությունը չէ, որ հանգիստ հանձնեն ու գնան մի հեռու երկրում ապրեն, իսկ դուք գաղթականի ցուպն առնեք ձեր ձեռքն ու օտար երկրներում ապաստան գտնեք` հայրենիք վերադառնալու երազանքը սրտներումդ: Հայրենիքի կորուստն աններելի եւ անդառնալի է լինելու, ու կործանվելու ենք բոլորս: Ստացվում է, որ մեկ անձը մի ամբողջ ժողովրդից ուժեղ է եւ փաստացի հաղթում է հայ ժողովրդին։

Սա մեծագույն անպատվություն է մեր ազգի համար, որն էլ բերելու է մեր հայրենիքի կորստին։

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ