ԵԽ համազեկուցողների հայտարարությունը՝ «Լայն փակված աչքերով» ֆիլմի վերնագրի մոտիվներով

ԵԽ համազեկուցողների հայտարարությունը՝  «Լայն փակված աչքերով» ֆիլմի վերնագրի մոտիվներով

ԵԽ Հայաստանի հարցով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը եւ շվեդ պատգամավոր Բորիանա Աբերգը, որոնք օրերս ավարտեցին Հայաստան կատարած երկօրյա պաշտոնական այցը, մեր երկրի վերաբերյալ զեկույցից առաջ տարածել են մի հայտարարություն, որի շեշտադրումներից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ ԵԽ պատվիրակների ապագա զեկույցը Հայաստանի մասին լինելու է հանրահայտ «Լայն փակված աչքերով» ֆիլմի վերնագրի մոտիվներով։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև՝ ոչ պաշտոնական թարգմանությամբ։

«Հայաստանը բարեհաջող կերպով հաղթահարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում իր պարտությամբ պայմանավորված լրջագույն քաղաքական ճգնաժամը, ինչն ինքնին իրական հաջողություն է», - հայտարարել են Կիմո Կիլյունենը եւ Բորիանա Աբերգը՝ ներկայացնելով նոյեմբերի 3-5-ը Հայաստանի մոնիթորինգի վերաբերյալ իրենց դիտարկումները։  

«Ճգնաժամը հաղթահարվել է ժողովրդավարական արտահերթ խորհրդարանական ընտրություններով, չնայած խիստ բևեռացված միջավայրին։ 

Այդ բևեռացումը, ցավոք, առկա է նաև Ազգային ժողովում՝ չնպաստելով խորհրդարանական իրական մշակույթի կայացմանը, որտեղ մեծամասնությունն ու ընդդիմությունը միմյանց դիմակայում են կոնստրուկտիվ և հարգալից ձևով՝ մնալով իրենց հստակ տարբերվող քաղաքական կողմնորոշումների շրջանակում։ Մյուս կողմից, ակնհայտ է, որ ինստիտուցիոնալ բալանսը և զսպումների ու հակակշիռների մեխանիզմներն առկա են։ Մասնավորապես, այնպիսի ինստիտուտներից մեկը, որը Մարդու իրավունքների պաշտպանն է»,-ասված է հայտարարության մեջ։ 

Ապա Հայաստանի իշխանություններին կոչ է արվում` շարունակել ընթանալ այդ ճանապարհով և անհրաժեշտության դեպքում ապահովել այլ ինստիտուտների անկախությունը ևս։ Մասնավորապես, այնպիսի ինստիտուտի, ինչպիսին է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ նրան տալով սահմանադրական կարգավիճակ։ 

«Մենք պարզորոշ գիտակցում ենք, որ Հայաստանի ժողովրդի և իշխանությունների վստահությունը դատական համակարգի նկատմամբ ցածր է»,-ասում են համանախագահողները՝ ընդգծելով, որ տարիներ ի վեր այդ իրավիճակն է։

Հետևաբար, դատական ռեֆորմի անհրաժեշտության պարագայում, այն պետք է անցկացվի եվրոպական չափանիշներին համաձայն։ Մասնավորապես, դատավորների՝ իրենց պաշտոններում պաշտոնավարելու երաշխավորված հիմունքներով և այնպիսի մթնոլորտում, որում նրանց աշխատանքային բարեխղճությունը հանրային կասկածի տակ չի դրվում։

ԵԽ պատգավորները, որոնց, թվում է, պետք է հետաքրքրի խոսքի ազատությունը, ԶԼՄ-ների վերաբերյալ գրել են․

«Մենք գիտակցում ենք, որ Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո բախվում են աննախադեպ չափերի հասնող ապատեղեկատվության և ատելության խոսքի։ 

Դրանով էլ բացատրվում են իշխանությունների՝ խոսքի ազատության սահմանափակումները՝  վիրավորանքի համար տուգանքները, նաեւ «ծանր վիրավորանքի» քրեականացումը այս տարվա մարտ և հուլիս ամիսներին»։ 

Մի թեթև համազեկուցողները նշել են, թե, այնուամենայնիվ, գոյություն ունի այլ՝ կանխարգելիչ գործիքակազմ ևս։ Հետևաբար, Հայաստանի իշխանություններին կոչ է արվում մշակել համակարգային միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություն ԶԼՄ-ների պատկանելության թափանցիկության, լրագրողների ինքնակարգավորման մեխանիզմների շուրջ, «քանի որ դրանք ուղղակիորեն առնչվում են ԶԼՄ-ների սեկտորում ատելության խոսքին»։