Հարմար տեղավորվել են

Հարմար տեղավորվել են

Մենք շատ այլանդակություններ ենք տեսել անցած տարիներին մեր երկրում։ Լրագրողները կվկայեն այդ մասին՝ է՛լ սեփական տներից ապօրինի ու դաժան վտարումներ, է՛լ բիզնեսը գրոշներով խլելու գործընթացներ, է՛լ քրեականացված քաղաքական հետապնդումներ, է՛լ մարդու իրավունքների աննախադեպ ոտնահարումներ, երբ հանրահավաքներին մասնակցող մարդկանց բռնում էին ու, ասենք՝ «զազրախոսության» համար վարչական պատիժներ կիրառում։ Էլ չենք խոսում ընտրական այլանդակությունների մասին, երբ 90-ականների լցոնումներին փոխարինեցին օրենսդրական խորամանկությունները՝ ռեյտինգային համակարգի տեսքով, եւ ընտրությունը դարձավ փողի մրցավազք։ Անգամ ԱԺ մանդատի գներն էին հայտնի՝ յուրաքանչյուր ձայնը գնվում էր 5-10 հազար դրամով, եւ կային հստակ մեխանիզմներ՝ ընտրաձայների ապահովման։ Ընտրություն կոչվածը դանդաղ վերացվեց՝ որպես երեւույթ․ տնօրեններ, ռեկտորներ, համայնքապետեր ընտրելու ավանդույթները աստիճանաբար նահանջեցին։ Մարդիկ կա՛մ իրենց թեկնածությունները չէին առաջադրում, կա՛մ առաջադրում էին միայն վերեւից «դաբրո» ստանալու դեպքում։ Մի քանի կարեւոր ինստիտուտ էլ այլասերվեց այդ տարիներին՝ մեկը քաղծառայության ինստիտուտն էր, որը կոչված էր ծառայողների շահերը պաշտպանելուն։ Հիմա այդ ինստիտուտի մասին ո՞վ է հիշում։ Մյուսը մրցույթների ու տենդերների ինստիտուտն էր, որտեղ եւս սողանցքներ գտնվեցին, ու բազում խախտումներ ամրագրվեցին։ Երրորդն ատկատների ինստիտուտն էր, որը ծաղկում էր ապրում։ Բայց իշխանության եկած հեղափոխականներն այս բոլոր ինստիտուտներն այսօր սիրով պահում են ու աշխատեցնում։ Այս բոլոր արատավոր համակարգերը, չնչին բացառություններով, ծառայում են նրանց։ Ոչ մի արատավոր համակարգ այս 1 տարվա ընթացքում նկատելիորեն չի նահանջել, բարեփոխումներ չեն իրականացվում։