Հոկտեմբերի 31-ին «Բրեքսիտը» կլինի, եթե նույնիսկ պառլամենտը հավանություն չտա նոր գործարքին․ Բորիս Ջոնսոն

Հոկտեմբերի 31-ին «Բրեքսիտը» կլինի, եթե նույնիսկ պառլամենտը հավանություն չտա նոր գործարքին․ Բորիս Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալը այն համաձայնագրի շրջանակում, որին հասել են Լոնդոնն ու Բրյուսելը դեռ հինգշաբթի օրը, կյանքի կկոչվի հոկտեմբերի 31-ին, նույնիսկ եթե պառլամենտը հրաժարվի նոր գործարքին հավանություն տալուց։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ BBC-ին տված հարցազրույցում։ «Այո, ես կարծում եմ, որ մենք պետք է հեռանանք ԵՄ-ից հոկտեմբերի 31-ին։ Մենք կհեռանանք ԵՄ-ից հոկտեմբերի 31-ին»,- ասել է նա, ի պատասխան այն հարցին, թե կհեռանա արդյոք Մեծ Բրիտանիան ԵՄ-ից, անկախ քվեարկության արդյունքներից։ Միաժամանակ նաեւ նա հույս է հայտնել, որ բրիտանացի պառլամենտականները կմիավորվեն ու կընդունեն որոշում հօգուտ «Բրեքսիտի» պայմանագրի։ Նա հավելել է, որ համաձայնագրի վրա աշխատանքը եղել է չափազանց հոգնեցնող։ «Սա արդեն չորրորդ անգամը կլինի, որ մենք փորձում ենք ստանալ Համայնքների Պալատի հավանությունը այն բանի համար, որը արդեն որոշվել է 2016-ի հանրաքվեով։ Սա արդեն երկրորդ համաձայնագիրն է, որ մենք մշակել ենք ԵՄ հետ»,- ասել է վարչապետ Ջոնսոնը։