Մարսել․ Կորսված Ֆրանսիան

Մարսել․ Կորսված Ֆրանսիան

2019թ. оգոստոսի 13-ի լուսաբացին մեր ավտոբուսը, իտալական եւ ֆրանսիական քաղաքների ավտոկայաններում իջնող եւ բարձրացող լուռ ու քնատ ուղեւորներով, իտալական Միլանից հասավ ֆրանսիական Պրովանսի հիմնական քաղաքը՝ Մարսել: Սեն Շարլի բլրից, ուր գտնվում է 19-րդ դարում կառուցված համանուն կայարանը, արեւածագի նարնջագույնի եւ երկնքի կապույտի միջից դեռեւս քնատ Մարսելը բացվեց իր ողջ հիացքով. քաղաքի ամենաբարձր վայրում կառուցված Աստվածամոր տաճարով՝ Նոտր Դամ դե լա Գարդով, դեպի ուր մարդկային հոսքը չի դադարում, Մարսելի հիսաքանչ տաճարով, քաղաքին թե՛ խստություն, թե՛ վեհություն հաղորդող հին ամրոցներով եւ հին նավահանգստով: 

Մարսելի տաճարը 

Մարսելի Աստվածամոր տաճարը ներսից և դրսից

Իր տարածքով Երեւանից մի փոքր մեծ եւ Երեւանից 200 տարով փոքր ֆրանսիական այդ քաղաքը Միջերկրական ծովի ամենամեծ նավահանգիստն է, Լիոնի ծովածոցի Լազուրե ափի ամենահայտնի քաղաքը, Ֆրանսիայի ամենահին քաղաքը եւ երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը Փարիզից հետո:
Այն ամենը, ինչ ես գիտեի, կարդացել ու դիտել էի այսօրվա Մարսելի մասին, կարող էր վանել յուրաքանչյուր զբոսաշրջիկի: Մարսելը Եվրոպայի ամենաքրեածին եւ վտանգավոր քաղաքն է: Թմրանյութերի շրջանառությամբ, մաքսանենգությամբ, սպանությունների բարձր մակարդակով, քանիցս ահաբեկչության ենթարկված այդ քաղաք, ուր ամբողջ թաղամասեր դուրս են ոստիկանության վերահսկողությունից, որպես զբոսաշրջիկ մտնելիս հույսդ միայն Աստված է, սակայն զբոսաշրջիկների հոսքը չի դադարում: 

Մարսելի բազմադարյա պատմությունը, նրա ճարտարապետությունն ու բնությունն այնպես էին հմայել ինձ, որ ես այն շրջանցել չէի կարող այս ամառվա եվրոպական մեր  ճանապարհորդության ընթացքում:
2019թ. օգոստոսի 13-ի արդեն կեսօրին Մարսելը ես շոշափելիորեն տեսա որպես կորսված Ֆրանսիայի խորհրդանիշ՝ աղբակույտերով, կեղտոտ փողոցներով, մզկիթներով, այլակրոն հագուկապով, արաբաաֆրիկյան բարքերով եւ ժողովրդագրական աղետով: Այսօր Մարսելը եվրոպական քաղաքակրթության հետ կապված է ճարտարապետությամբ, Միջերկրական ծովով, հեղափոխական «Մարսելյեզով» եւ ծանր ավտոմատներով հսկվող Աստվածամոր տաճարով  (եվրոպական քաղաքների հիմնական քրիստոնեական տաճարներն այժմ ամենուր հսկում են ծանր ավտոմատավորները): Մնացյալը կորսված Ֆրանսիան է՝ քաղաքի 2600-ամյա պատմությամբ եւ անհետացող եվրոպական քաղաքակրթությամբ: 

Մարսելն այլեւս Պոլ Սեզանի հայտնի կտավը չէ՝ «Ծոցի տեսարանը՝ Մարսելից», այսօր այն խայտաբղետ, հակադրություններով լի մի քաղաք է, եւ Սեզանի կտավի հետ նրան կապում է միայն Լիոնի ծովածոցը:
Չնայած այս ամենին՝ Մարսելի պատմականությունը նրան առանձնակի վեհություն է հաղորդում: Մարսելի հին նավահանգստի հարեւանությամբ եւ ապակեպատ հնագույն ավերակների շրջակայքում 1983թ. կառուցված Մարսելի պատմության թանգարանը Եվրոպայում ամենամեծն է՝ 15500քմ մակերեսով, տեխնոլոգիապես հագեցած ցուցասրահներով, 200-տեղանոց տեսասրահով: Ես շրջում եմ թանգարանի սրահներով, դիտում հնադարյա ցուցանմուշները, էլեկտրոնային զբոսավարը պատմում է Մարսելի պատմությունը: 

Գինու կավե սափորներ, մ.թ.ա. 6-րդ դար, Մարսելի պատմության թանգարան

Մ.թ.ա. 600 թվականին Իզմիրից ոչ հեռու գտնվող Ֆոկեա քաղաքից եվրոպական մայրցամաք եկած հին հույները, հունական պոլիսների հանգույն, Գալիայի հարավում հիմնադրեցին Մարսելը՝ այն քնքշորեն անվանելով Մասալիա: Հռոմի երկարատեւ դաշնակից Մարսելը տեւական ժամանակ պահպանեց իր անկախությունը: Եվ միայն մ. թ. ա. 49թ. կայսրությունում ծայր առած քաղաքացիական պատերազմի ընթացքում, երբ Մարսելն աջակցեց Հուլիոս Կեսարի հակառակորդին, Կեսարը գրավեց քաղաքը՝ այն զրկելով անկախությունից: Մարսելը շարունակեց իր պատմությունը որպես հռոմեական քաղաք՝ դառնալով Եվրոպայի վաղ քրիստոնեական կենտրոններից մեկը: Մարսելը մեծ ծաղկում ապրեց 10-րդ դարում, երբ միացվեց Պրովանսի կոմսությանը: 1487թ. Պրովանսը, ներառելով Մարսելը, միացվեց Ֆրանսիային: 1720-22թթ. ժանտախտի համաճարակին զոհ գնաց քաղաքի բնակչության կեսը: 1792թ. Մարսելը միացավ ֆրանսիական հեղափոխությանը, ուր եւ ծնվեց Ֆրանսիայի հիմնը՝ «Մարսելյեզը»: Երկրորդ համաշխարհայինի տարիներին Մարսելը ֆրանսիական Դիմադրության շարժման հիմնական կենտրոններից էր:

Ժայռերի, բլուրների, կղզիների եւ ծովածոցի միջից բարձրացող Մարսելը, նավարկելիս, նմանվում է լողացող քաղաքի: Մեր զբոսանավը մոտենում է խորհրդավոր Իֆ ամրոցին, որն իր հանրաճանաչությամբ պարտական է Ալեքսանդր Դյումային, որի աշխարհահռչակ «Կոմս Մոնտե Քրիստո» վեպում ամրոցը հայտնվում է այս նկարագրությամբ. «Դանտեսը նայեց այն կողմը, դեպի ուր ընթանում էր նավակը, եւ իր դիմաց տեսավ մի ուղղաբերձ ժայռ, որի վրա ցցված էր մռայլատեսիլ Իֆ ամրոցը։ Այդ տարօրինակ շինվածքը, այդ բանտը, որ անսահման սարսափ է ներշնչում, այդ ամրոցը, որն արդեն 300 տարի Մարսել քաղաքը սնում է իր սահմռկիչ ավանդություններով, հանկարծ հայտնվելով Դանտեսի դիմաց՝ ճիշտ նույն ներգործությունն ունեցավ նրա վրա, ինչ ունենում է կառափնարանը մահապարտի վրա»։ 

Իֆ ամրոցը

Ֆրուլի արշիպելագի կղզիներից մեկում տեղակայված Իֆ ամրոցը Մարսելից 4 կմ հեռավորության վրա է, նավով այնտեղ կարելի է հասնել 20 րոպեում: Ի սկզբանե՝ 1524թ., այն նախաձեռնվել է որպես ռազմական ամրություն, իսկ 1541-ից վերածվել է բանտի: 1848թ. այստեղ են բանտարկվել Փարիզի կոմունայի անդամները։ Ամրոցի խցերի մուտքերին հուշատախտակներ են՝ հայտնի բանտարկյալների անուններով: 19-րդ դարում Մարսելում գոյություն ունեին չորս բանտեր՝ Իֆ, Սեն Լազար, Սեն Նիկոլաս եւ Լազարեթ ամրոցները, որոնցից Իֆը համարվում էր «հատուկ նշանակության բանտ»՝ քաղբանտարկյալների համար:

Օգոստոսյան բարկ արեւից սպիտակավուն Իֆ ամրոցը դեղնավուն երանգ է ստանում, ծովի ալիքներն ուժգին բախվում են կղզու ժայռերին, իրականությունն աստիճանաբար անէանում է: Ես մտնում եմ Դանտեսի խուցը, ուր նրան եւ Աբբա Ֆարիային բաժանող-միավորող պատի վրա անցք է փորված, որով նրանք հաղորդակցվել են: Սա ամրոցի թերեւս միակ ոչ իրական ցուցանմուշն է: Ես թեքվում եմ,  նայում անցքին, գուցե Աբբա Ֆարիան իր գանձերի տեղն ինձ էլ հայտնի: Խցում փոքրիկ էկրան է դրված, որով ցուցադրվում են Դյումայի վեպի էկրանիզացված դրվագները:

Վեպի հիմքն ու նախատիպերն իրական են: Ամրոցի մի քանի սրահներում Ալեքսանդր Դյուման է: Դյումայի պապը հարուստ պլանտատոր է եղել, որից նրա սեւամորթ ստրկուհիներից մեկը չորս զավակ է ունեցել: 1772թ. սնանկացած պլանտատորը վաճառել է թե՛ այդ ստրկուհուն, թե՛ չորս որդիներին, որոնցից մեկին՝ ետ գնելու իրավունքով: Չորս տարի անց նա ետ է գնում որդիներից մեկին՝ ընդունելով նրա հայրությունը: Մոր ազգանունը կրող այդ խառնածինը՝ Թոմ Ալեքսանդր Դյուման, աշխարհահռչակ վիպասանի հայրն էր, որը դարձավ Նապոլեոն Բոնապարտի բանակի գեներալ: 1802թ. ծնվում է Դյումայի որդին՝ Ալեքսանդրը: Դյումայի վեպը ժամանակին խիստ քննադատել են՝ այն որակելով «գործարանային արտադրանք»: Իրեն՝ Դյումային, հաճախ ծաղրել են՝ «նեգր» անվանելով:  

Միջերկրականով աֆրիկյան մայրցամաքին կապվող Մարսելը ֆրանսիական գաղութատիրության ժամանակ եղել է Ալժիրից, Թունիսից սեւամորթ ստրուկներ ներմուծող եւ արտահանող հիմնական նավահանգիստը: Այդ սեւամորթ ստրուկները 200 տարվա ընթացքում սերունդներ են ունեցել, դարձել քաղաքի բնակիչներ եւ Մարսելի մի մասը: Ֆրանսիայի աֆրիկյան աշխարհաքաղաքականությունն ամենախոր հետքը թողել է Մարսելում:

Գաղութատիրության շրջանը.Մարսելի պատմության թանգարան

Հետագայում գլոբալիզացիայի, մերձավորարեւելյան հակամարտությունների, այլ երկրների սոցիալ-տնտեսական բարդ պայմանների եւ ԵՄ միգրացիոն քաղաքականության հետեւանքով Մարսելի ժողովրդագրական փոփոխություններն ընթացան մեծ արագությամբ: Այժմ քաղաքը կքել է հակասությունների, բազմամշակութայնության ահռելի բեռան տակ:

Մարսելը միշտ եղել է Ֆրանսիայի՝ ամենամեծ միգրացիոն հոսքեր ունեցող քաղաքը: 1950թ. Մարսելի բնակչության 40 տոկոսն իտալացիներ էին: Մարսելը Ֆրանսիայի երկրորդ ամենահայաշատ քաղաքն է. հայերի թիվն այստեղ 86 հազար է: Ցեղասպանությունից մազապուրծ հայերը Միջերկրականով տարհանվել են Մարսել: 

Սուրբ Թարգմանչաց Հայ Առաքելական եկեղեցին Մարսելում
Մարսելի հայկական համայնքը Աստվածածնի Վերափոխման տոնին

Ըստ Ֆրանսիայի պաշտոնական վիճակագրության՝ 2019թ. Մարսելի բնակչությունը 861 հազար 635 է: 2006թ. ալժիրցիների թիվը 70 հազար էր: 2009թ. բնակչության մեծամասնությունը՝ 405 հազարը, կաթոլիկներ էին, 105 հազարը՝ մահմեդականներ: Ըստ Word population review-ի՝ 2014թ. Մարսելի բնակչության 40 տոկոսն էին մահմեդականներ: Մարսելը կդառնա Ֆրանսիայի առաջին քաղաքը, ուր մահմեդականությունը մեծամասնություն կկազմի: 

2006-2016թթ. Ֆրանսիայի բնակչությունն աճել է 3.2 միլիոնով, որի ամեն երրորդը ներգաղթյալ է: 2017թ. երկիր մուտք գործած 370 հազարի 70 տոկոսը ներգաղթյալ է: 

Մարսելում բարձր է աղքատությունը, Ֆրանսիայի ամենաաղքատ թաղամասերը Մարսելում են: Աղքատ բնակչությունն ապրում է կենտրոնում, իսկ էլիտան՝ Մարսելից դուրս: 

Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից ներգաղթը դեպի Եվրոպա, ԵՄ միգրացիոն այս քաղաքականությունը, որի նախաձեռնողներն ու դրոշակակիրները Գերմանիան եւ Ֆրանսիան են,  ժողովրդագրական աղետի է հասցրել ողջ Եվրոպան: Ժողովրդագրական այս փոփոխությունների հետեւանքով Մարսելը՝ Ֆրանսիայի ամենահին եւ Եվրոպայի պատմական այդ քաղաքը, հանձնվում է օտար քաղաքակրթությանը: Եվրոպական քաղաքակրթության անկումն Արեւմտյան Եվրոպայում՝ Մարսելի օրինակով,  ցավալիորեն իրական է: Ներգաղթի նման հոսքի դեպքում մեկ դար հետո եվրոպական քաղաքակրթությունը կկանգնի փլուզման եզրին:  
Ներգաղթի այս քաղաքականությունը Եվրոպայում առաջ է բերում նաեւ ազգայնական դիմադրություն, որը կարող է հանգեցնել նեոֆաշիզմի:

Եվրոպան, որ տարբեր դարերում մարտնչել է նվաճող մահմեդականության դեմ, այժմ միմյանց ետեւից նրանց է հանձնում եվրոպական քաղաքներն ու քաղաքակրթությունը:
Մարսելը՝ եվրոպական այդ հնադարյա քաղաքը, կորսված Ֆրանսիայի խորհրդանիշը չէ լոկ. այն կորսվող եվրոպական քաղաքակրթությունն է՝ օտար դեմքերով, բարքերով, արժեքներով:  

 Մարսել-Բորդո-Փարիզ-Երեւան