Սպիտակ տունը՝ ԵԽ ընտրությունների և Մակրոնի որոշման մասին

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ոչ միանշանակ է անվանել անցյալ շաբաթ կայացած Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները։
Այս մասին նա ասել է լրագրողների համար առցանց ճեպազրույցում՝ խոստովանելով, որ «դա ժողովրդավարություն է», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Արդյունքները ոչ միանշանակ են եղել որոշ երկրներում և ամբողջ Եվրոպայում», - նշել է նա:
Պաշտոնյան նշել է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները կշարունակեն համագործակցել եվրոպացի դաշնակիցների հետ՝ անկախ Եվրախորհրդարանի կազմից։
«Մենք հարգում ենք մեր դաշնակիցներին և գործընկերներին եվրոպական մայրցամաքում և բացարձակապես վստահ ենք, որ անկախ նրանից, թե ով կստանա տեղ Եվրախորհրդարանում, մենք կկարողանանք շարունակել աշխատել ԵՄ-ի հետ»,- հավելել է նա:
Քիրբիի խոսքով, Վաշինգտոնն ակնկալում է շարունակել համագործակցությունը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ:
Բացի այդ, Սպիտակ տան ներկայացուցիչը մեկնաբանել է Ֆրանսիայի Ազգային ժողովի լուծարման և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ Մակրոնի որոշումը։
«Նախագահը կաշխատի Ֆրանսիայի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդների հետ, ովքեր էլ նրանք լինեն»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ից 9-ը Եվրամիության բոլոր երկրներում անցկացվել են 2024-2029 թվականների գումարման Եվրախորհրդարանի ընտրություններ։ Աջ և ծայրահեղ աջ կուսակցությունները բարելավել են իրենց դիրքերը ԵՄ շատ երկրներում։ Ֆրանսիայում այս քաղաքական ուժերի ներկայացուցիչները երկու անգամ ավելի շատ ձայն են ստացել, քան նախագահ Էմանուել Մակրոնի կենտրոնամետ դաշինքը, որը հետագայում որոշեց ցրել Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) և անցկացնել արտահերթ ընտրություններ։
Կարծիքներ