Քաղաքականություն

Արդյո՞ք Պուտինի իրականությունը համընկնում է ՌԴ քաղաքացիների իրականության հետ

Արդյո՞ք Պուտինի իրականությունը համընկնում է ՌԴ քաղաքացիների իրականության հետ

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմեց Դաշնային ժողովին, պատգամավորներին, սենատորներին, քաղաքական եւ հանրային գործիչներին, ռուս-ուկրաինական պատերազմի մասնակիցներին։ Թեեւ նախքան ելույթը շատ փորձագետներ ու վերլուծաբաններ արդեն կանխատեսել էին, թե մոտավորապես ինչ թեմաների մասին է նա խոսելու, սակայն ելույթն ամեն դեպքում դիտելը հետաքրքիր էր։ 

Միեւնույն ժամանակ՝ եթե որեւէ մեկը հույս ուներ, թե նոր բան է լսելու, հուսախաբություն ապրեց։ Ամեն ինչ նույնն էր Պուտինի մոտ՝ իր սիրած գույներով ու երանգներով ներկված, ժանրի կանոններին համապատասխան։ Չհնչեցին մտքեր, որոնք թույլ կտային գոնե հասկանալու, թե «հատուկ ռազմական գործողություն» կոչված պատերազմը երբ է վերջանալու։ Թեեւ մարդիկ տպավորություն ստացան, թե այն դեռ երկար կշարունակվի, քանի որ ռազմատենչ շեշտերի պակաս, կարծես թե, չկար։ 

Չհնչեցին թեզիսներ, թե ինչպես կարելի է Ռուսաստանը դուրս բերել սոցիալ-տնտեսական բավականին լուրջ ճգնաժամային վիճակից, ինչպես թարմացնել ռուսական՝ աստիճանաբար հնացող տնտեսությունն ու սոցիալական համակարգը։ Ընդհանուր առմամբ, տպավորություն էր, որ Պուտինն ապրում է ժամանակից դուրս, իրականությունից կտրված, ու նրա ղեկավարած երկիրը բոլորովին էլ պատերազմի մեջ չէ եւ չի գտնվում ֆինանսա-տնտեսական լուրջ պրեսսինգի տակ։ Ու կարծես մի պահ թվաց, թե նավթա եւ գազա դոլարները միլիարդներով շարունակում են հոսել ռուսական բյուջե ու ամեն ինչ նախկինի նման լավ է ու հիասքանչ։ Եւ եթե կան խնդիրներ էլ, ապա դրանք այնտեղ են՝ փտող ու նեխող Արեւմուտքում, Ռուսաստանի արեւմտյան սահմաններից այն կողմ։ Ավելին, եթե ավելի ուշադիր լսենք, կպարզվի, որ ամեն բանում մեղավոր է Արեւմուտքը։ Պուտինի համար Արեւմուտքում տնտեսությունը քայքայվում է, իսկ ռուսական տնտեսությունը աներեր կանգնած է եւ կան բոլոր հնարավորությունները, որպեսզի Ռուսաստանում տնտեսական սրընթաց առաջխաղացում ապահովվի․ ընդ որում՝ բոլոր ուղղություններով։ Ռուսաստանում սղաճը 4 տոկոսին կմոտենա տարվա կեսին, իսկ ԵՄ-ում արդեն 12 տոկոսը գերազանցում է։ Ավելին, ըստ Պուտինի, նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմը սկսել է Արեւմուտքը, իսկ Ռուսաստանն ուժ է կիրառում եւ ամեն ինչ անում, որ այն դադարեցնի։ 

Նույնիսկ երբ խոսում էր Ռուսաստանում առկա խնդիրների մասին, երեւում էր այն սպեցիֆիկ պրիզման, որից նա նայում է իրականությանը։ Ավելին, կա տպավորություն, որ նրան ամեն բան չէ, որ զեկուցում են կամ՝ ամեն բանից չէ, որ տեղյակ է։ Կամ էլ առավել սուր հարցերը փորձում է շրջանցել, որպեսզի շարքային ռուսաստանցիների առանց այն էլ ոչ այնքան ուրախ առօրյան ավելի չմռայլվի։ 

Եւ այս ամենի հանրագումարում՝ ինչու է մեզ՝ հայաստանցիներիս համար կարեւոր այս ելույթը լսելն ու Պուտինի հայացքի պրիզման հասկանալը։ Պատճառը շատ պարզ է․ մենք չափազանց կախված ենք մի երկրից, որը ղեկավարում է մի մարդ, ով պատերազմի հարցում իր հետ անհամաձայնություն ունեցող եւ պասիվ բողոքի տարբերակն ընտրած ու երկրից հեռացած մարդկանց համարում է երկրորդ սորտի մարդիկ եւ աշխարհը տեսնում է Կրեմլի աշտարակից, այն էլ ոչ ամբողջական։ Իսկ դա չափազանց վտանգավոր է։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image