Հրանտ Ալեքսանյան. Հոգեդարձի եղանակ (Ոչ ռեքվիեմ)

Հրանտ Ալեքսանյան. Հոգեդարձի եղանակ (Ոչ ռեքվիեմ)

Հազարներով,
հազարերանգ կայծկլտունով ընկաք հողին:
Կանաչ հասկի նման ընկաք:
Աստղերի պես ցած թափվեցիք
եւ հուշի պես փաթիլ-փաթիլ տեղացիք վար:-
Հողի սեւհուն երակներով սարսուռ անցավ՝
ինչպես չարքը կանցներ լուսո տաճարներով,-
հողն արտասվեց մունջ ու երկար
իր խորքերի ջինջ ջրերով՝
գետակ-գետակ, ծովակ-ծովակ…

Ոսոխի հետ ձեզ մահապարտ հանդես տարան 
չարի խոսնակն այլահայաց՝
ծոռը նեռի եւ դավահոր գործակալը,-
նրանք արյամբ խաղ են վարել
կիսալուսնոտ կազինոյում 
եւ հասույթը կիսել մեկտեղ
ձեր սփռված անմեռնելի ու անճանաչ
աճյունների հայացքի տակ:

Երամ-երամ ընկաք հողին:-
Ձեզ մահացու հմայել են հրեշները փուչ հավատի:
Արդարության գողանին է կողոպտել ձեր խոհերն արձակ:
Սադրել են ձեզ ու հիպնոսել վախճանական 
դիպաշարով, 
ձե՜զ՝ հարության որդիներիդ.-
չեմ ասի ողբ ու եղերերգ,
ես ձեզ միայն խաղիկ կասեմ,
մի ծոցվորիկ տաղիկ կասեմ,
ջանիկ կասեմ,
նանիկ կասեմ,
որ դուք ննջեք առժամանակ
երանավետ երազներով:

Դուք՝ գարուններ ըմպողնե՜րդ:
Անմեղություն քանդակողնե՛ր,
Ճշմարտության ոսկին զտող հանքափորնե՛ր:
Մահը կյանքի վախճանը չէ,
վերջնագիր չէ անհայտության դատարկ ուղին:
Ի տուն դարձի համար կանչող բյուր ձեռքեր կան
հոգեզրկվող քաղաքներում,
նրանք դեռ կա՜ն այլափոխվող ամբոխների բզզյունի տակ,-
հիշում եք, չէ՞, ինչպես պիտի արձագանքել 
կանչ-սպասումին:-
Թո՜ղ արեւը սառույց կտրի իր բարձունքում:
Թո՜ղ գազանը ազատ երգի իր որջի մեջ:
Թող մոլեգին զվարճանա որոտների աստվածն ահեղ:
Թո՜ղ վարդերը համաշխարհի աղաղակեն ձեր խաչերին
եւ ոչ մի ձայն չհնչի ձեր միայնության խոր վիրապում:

Որտեղ զոհ կա, այնտեղ խինդն է սատանայի:
Զոհեր ընտրող դահիճն ինքը ընտրյալ է -
մի անդրոշ թափորի կուռք,
քամու բերած խոսուն պուպրիկ,
իր վախերի մեջ տապակվող մի խամաճիկ.
նա ամեն օր «լայվ» է մտնում
ողջերին ու ձեզ դիտարկող բունկերներից,-
տեսաք՝ ոնց են այս աշխարհի դահիճները
միավորվում անխոս, առանց հուշագրի:-
Դուք այլեւս անգիտության պատանդը չե՜ք,
թո՜ղ դիվահար երազները հետապնդեն,
թո՜ղ դավահոր մունետիկը ձեզ պատկերի 3D-ով,
թող որ լինեք չնույնացվող՝ գոյի բոլոր ցուցիչներով,
թո՜ղ հրդեհը խենթ գալարվի
ձեր հանճարեղ անուրջների հովիտներում,-
դե, դուք գիտեք՝ ինչպես պահել
ձեր խոցոտված մարմինները,
մատաղ սիրտը ինչպես փրկել 
հրի, դավի, մոռացության ճարակներից:- 
 
Երկրի ցավը ձեր սրտի մեջ առած ընկաք,-
երկրի մեղքից խարազանված ընկաք հողին:
Էլ հաճո չէ ձեր ունկերին ոչ մի ծնծղա,
ոչ մի շշունջ անդունդներից ձեզ չի մղում առ Արարիչ,
էլ չեք կարմրում հրեշտակաց հրապույրից,
չեք քննում վարքն ուժեղների,
սրբերից չեք ոգեշնչվում, էլ չեք դատում:
Բայց դուք գիտեք՝ ինչպես բացել երկրի վրա 
երկնի դուռը արքայության
եւ հար մնալ հողի վրա, հողի ներքո:

Դիվոտ միտքը անկոր հոգուն շամփրում է միշտ
եւ ձեզ վկա բերում կրկին կեղծ մատնության ատյանի մեջ:-
Ընկած կռիվ: Ընկած մարմին: Ընկած երազ:
Չքացած սեր: Չքացած վերք։ Չքացած մեղք:
Պատերազմով հիացածնե՛ր: Դառնացածնե՛ր խաղաղությամբ:
Անկման, արյան ու պարտության ուրուները
դեռ սուրում են շքախմբով
եւ խեղում ձեր կերպարանքը բջիջ-բջիջ ու մազ առ մազ:
Բայց կատարյալ արարած հենց ձեզ վիճակվեց լինել այսու -
անհաշտ՝ կենաց վիժումի հետ եւ հաշտ՝ զոհի 
պատրանքի հետ:

Մի քիչ ծարավ, մի քիչ քաղցած ընկաք հողին:
Հիմա երկրի աղբյուրները ի՞նչ կարկաչով
պիտի անցավ հագեցնեն ձեր պաղ-կապտած ծարավները՝
թեկուզ բուռ-բուռ, կաթիլ-կաթիլ 
կամ կում առ կում,
ինչպե՞ս պիտի ձեզ սփոփեն
հեռվում կեցած կուշտ ու անդեմ 
դիտորդների հեգնության դեմ,-
բայց մի՞թե դուք սփոփանքի կարիք ունեք…
Ցորենհացի բույրը հիմա թափանցում է հող ու եթեր՝
գտնելու ձեր սիլուետներն արնամոխիր,
երբ դուք վաղուց, հանց մշտարթուն մի սպասավոր, 
պատրաստ եք կուռ հյուրասիրել 
ամեն անկոչ այցելուի,
երբ սով ու ցուրտ ժամանակն է
մրրկում ձեր հույլ մարմիններում:- 
Մայրեր, ասեք, որ տաք հագնվեն
իրենց վրա խեթ սեւեռված լույսերի տակ
եւ կապի մեջ լինեն ձեզ հետ 
անգամ խզված մալուխներով:
Հայրեր, ասեք՝ ոչ մի վայրկյան չդադարեն մարտնչելուց՝
ո՜ր աշխարհի մեջ էլ նրանք ընկնեն հանկարծ,
հենց նրա՜նք են վար փռելու ոսոխին ու մեղսավորաց,
նրա՜նք են ճիշտ ուղեկցելու տիեզերքի ճամփորդներին:
Քույրեր, ասեք, որ ժողովեն խայտուն փնջեր
այն դաշտերի ծաղիկներից,
ուր չթողին անպատասխան սիրո ոչ մի տոն-հրավեր,
ուր չթողին չվերծանված ծածկագիր եւ ոչ մի ուղերձ:

Հուշիկ-հուշիկ ու զարմացած ընկաք հողին,
բեկոր-բեկոր տարտղնվեցիք ունայնի մեջ,
բայց ոչ մի բառ դուրս չթռավ ձեր բերանից՝
ոչ անեծքի, ոչ օրհնության,
միայն հետո (մի ակնթա՞րթ, թե՞ մի դար անց)
ձեր խոսքերը ճախրեցին վեր
այն հավքերի իմաստնությամբ,
որ առաջին անգամ պիտի չվեն հեռու՝
անակնկալ ու մոտալուտ արհավիրքի զգացումով:
(Ընկածները ոգում են այն,
որ սղվել է աստվածագիր մատյաններից).
- Պատերազմից ողջ ելնողը
մի մեռյալի ողջ հոգի է կրում իր մեջ:
- Մենք անընդմեջ քայլում ենք ծուռ ճամփաներով,
որ չսառենք հավերժության սառույցներից:
- Մեզ դյութում են նոր ու հրաշք հորիզոններ,
բայց հակված ենք մնում դարձյալ
դեպի երկրի սիրտը պաղած:
- Մեզ կուրանան հայրենիքում, կմոռանան տմարդ անձինք,
սակայն մեր մահն անպարագիծ նվիրում ենք նրա՛նց նույնպես: 
- Ծիրանագո՛ւյն մեր հայրենիք, սեւ ցավ կա քո մկաններում,
իսկ քո սրտում արեգակներ կան անթեղված:
- Հիմա՜ ենք մենք կենաց-մահու կռիվ մղում,
կյանքը երկրում նախաբանն է իրավ Ասքի:
- Սիրելինե՛ր սքանչելի, յուրայիննե՛ր տագնապահույզ,
ձեր սիրով ու արցունքով ենք սրբում մաղձը ժամանակի:
- Հոգեդարձի եղանակն է տիրում այստեղ եւ ամենուր:
- Երանի թե ճանաչեք մեզ, երբ տուն դառնանք վերածնված…

Հատիկ-հատիկ ընկաք հողին՝
հազարներով, հազարաշող,
հայրենական հին պատանքով:
Բայց չեմ ասի ողբ ու սգերգ,
ես ձեզ միայն խաղիկ կասեմ,
մի ծոցվորիկ տաղիկ կասեմ,
որ դուք ննջեք երանավետ, վճիտ նիրհով.-
դեռ հարության օրը կգա,
դեռ արթնությամբ կխաղաղվեք:

Նոյեմբեր, 2022

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ