Մենք էլի հայտնվել ենք բոլշեւիկյան մուրճի եւ թուրքական սալի միջեւ

Մենք էլի հայտնվել ենք բոլշեւիկյան մուրճի եւ թուրքական սալի միջեւ

Հարցազրույց գրող, հրապարակախոս Դավիթ Սարգսյանի հետ

- Պարոն Սարգսյան, արդեն 100 օր է՝ Արցախը շրջափակման մեջ է, այս իրավիճակը մեզ անհանգստացնո՞ւմ է։

- Նախ սկսեմ նրանից, թե այսօր խոսքը մեզ համար արժեք ունի՞, թե՞ ոչ։ Այն արժեքները, որոնց մենք դավանել ենք, այսօր առոչինչ են իշխանական խավի համար։ Իսկ ժողովրդի հետ աշխատել է պետք, ժողովուրդը կավի նման է, որին պետք է մատուցվի, ասվի։ Այս 100-օրյա շրջափակումը ես համարում եմ համաշխարհային խայտառակություն, դա համաշխարհային այն ամոթն է, որ մեզ հուշում է՝ այդ ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքները, ազգերի ինքնորոշման, կանանց եւ երեխաների իրավունքները, դրանք բոլորը ոչ թե նպատակ են, այլ՝ միջոց աշխարհի մեծերի կողմից՝ տիրելու ժողովուրդներին, ազգերին։ Այսօր Եվրոպայում ազգային մշակույթներ չկան, կա միայն եվրոպական մշակույթ։ Եվ այս ժողովրդավարության կեղծ քողի տակ ուղղակի բռնապետության հաղթարշավ է․ խամաճիկների իշխանություններ տարբեր երկրներում՝ սկսած արեւմտյան արժեքներ կրող Ամերիկայից մինչեւ մեզ մոտ։ Ի՞նչ են դավանում եւ ի՞նչ են ուզում այս ժողովուրդներից։ Մեր գործիչները մեր ժողովրդի մասին երբեմն արհամարհանքով են խոսում, բայց ես հավատում եմ մեր ժողովրդին, տարիների ընթացքում նրան այդպիսին դարձրին, մենք 30 տարի նույնիսկ մշակութային, ազգային, պետական քաղաքականության հայեցակարգ չենք մշակել, ուր մնաց խոսենք պետական քաղաքականության մասին։ Աշխարհն այսօր գնում է դեպի տգիտություն։ Մեր կառավարությունը սրանից ամիսներ առաջ առաջարկություն արեց, որ 500 հոգուց պակաս բնակչություն ունեցող համայնքի ղեկավար կարող է ընտրվել նաեւ բարձրագույն կրթություն չունեցողը։ Սրանք սեւ տարիներ են, որ անցնում են մեր ժողովրդի պատմության միջով։ Միլիոնավոր վարչապետեր սոված են, իսկ մի խումբ իշխանավորներ տնտեսական աճ են ֆիքսում։ Այսինքն՝ ինչքան տնտեսական աճ է լինում, այնքան ժողովրդի վիճակը վատանում է, եւ արհեստական արգելքներ են ստեղծվոմ։ Հեչ պատահական չէր, որ մշակույթի նախարարությունը փակեցին ու ձուլեցին կրթությանը, գիտությանը։ Պատահական չէր, որ փակվեց գյուղատնտեսության նախարարությունը, էլ չեմ ասում սփյուռքի նախարարության ողբերգական ճակատագրի մասին, երբ մենք 5 անգամ ավելի հայրենակիցներ ունենք սփյուռքում։

- Իր վերջին ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շատ մեծ է նոր էսկալացիայի վտանգը թե՛ Հայաստանի սահմանի երկայնքով, թե՛ Լեռնային Ղարաբաղի։ Սա ի՞նչ է նշանակում, պատրաստվե՞նք նոր պատերազմի։

- Այդ վտանգը կարող ենք ֆիքսել ես եւ դուք, բայց ինքն այդ էսկալացիան պետք է կանխի, բա ինչի՞ համար են իրենք, ոչ մի նորմալ, խելքը գլխին մարդ կողմնակից չէ պատերազմի։ Ով պատերազմ է տեսել, գիտի, թե դա ինչ սոսկալի բան է, այն էլ՝ այս նոր ժամանակների պատերազմը, ոչ ոք չի ասում՝ եկեք կռիվ սկսենք, բայց չենք էլ ուզում, որ ծնկաչոք խաղաղություն մուրանք՝ շատ լավ իմանալով, որ դիմացդ քո դարավոր թշնամին է։ Եվ այսօր էլ ամենաբարձր մակարդակով, այդ թվում՝ կրթական, այդ հռետորաբանությունն է նստած նրանց մեջ։ Մենք խանգարում ենք իրենց ու հիմա մենք ի՞նչ պետք է անենք, պետք է մուրա՞նք այդ խաղաղությունը, թե՞ պարտադրենք այդ խաղաղությունը՝ մեր ուժով, հզորությամբ։ Եթե նույնիսկ իրապես եվրոպական արժեքները գործեին, այսինքն՝ դրանք չլինեին քմահաճույքի արժեքներ, այլ՝ իրական, ապա 120 հազար մարդ 100 օր՝ բոլորի աչքի առաջ, կանգնած է ցեղասպանության վտանգի առջեւ, իսկ ի՞նչ ենք անում մենք․․․։

- Փաշինյանն ասաց՝ ակնկալում է, որ Լաչինի միջանցք եւ ԼՂ ուղարկվի միջազգային փաստահավաք առաքելություն։

- Եթե իրեն թվում է, թե նրանք չգիտեին՝ ինչ է կատարվում, չարաչար սխալվում է, պետք չէ այդտեղ դիտորդներ բերել, նրանք առանց այդ էլ շատ լավ գիտեն այդ ամեն ինչը, ամեն դեսպանատուն ունի իր հետախուզական ծառայությունը, որն ամեն ինչ օրով, ժամով զեկուցում է։ Պարզապես Նիկոլ Փաշինյանը պետք է մի բան լավ հասկանա․ հավաքի իր թիմին ու ասի՝ ժողովուրդ, մենք ձախողվեցինք։ Իհարկե, իրենց ծրագրերի առումով իրենք հաջողել են, բայց պետականության առումով ձախողվել են, խելքը գլխին, բանիմաց, շրջահայաց ցանկացած հայ մարդ շատ պարզ տեսնում է, որ իրենք ձախողվել են։ Ու քանի որ դա ակնհայտ է, պետք է ասի՝ եկեք հեռանանք, որովհետեւ ամեն օրն ու ժամը, հանդիպումն ու քննարկումն ավելի է գլորում այս երկիրը, մեղմ ասած, դեպի անորոշություն, իսկ եթե ճշգրիտ ձեւակերպեմ՝ դեպի կործանում։ Եթե ես ընդդիմադիր թիմ ունենայի, կհավաքեի բոլորին՝ մի 500 մեքենա ու կքշեի-կգնայի Լաչինի միջանցքով անցնելու։ Եթե ընդդիմությունն ուզում է ռեալ բան անել, հատկապես որ թշնամու երկիրը հայտարարում է, որ Լաչինի միջանցքը բաց է, ուրեմն, ի տես բոլորի, պետք է շարժվել դեպի Լաչինի միջանցք եւ տեսնել՝ բա՞ց է, թե՞ ոչ։ Բացի այդ, պետք է նաեւ քննվի, թե ինչու են նրանք հասել այդտեղ, այդ բնապահպան կոչվածներին ով տվեց այդ տարածքները, Աղավնոյից ու Բերձորից ով հանեց հայությանը, ով նվիրեց Գորիս-Կապան ճանապարհը, որը եղել է մեր ճանապարհը, կառուցվել է մեր գումարներով, ով Շուռնուխի կեսը տվեց նրանց․․․, այդ մանկական խաղերը կարելի է միամիտ ժողովրդին պատմել, բայց այս ժողովուրդը դեռ կա եւ ամեն ինչ շատ լավ տեսնում է ու հասկանում։

- Հիմա եթե մեր իշխանություններն ապիկար են, միջազգային հանրությունը՝ կույր, ի՞նչ անի շրջափակված Արցախը, չնայած որ Դուք առաջարկեցիք Ձեր տարբերակը, ինչը մի քիչ ծայրահեղական է․․․

- Ծայրահեղական չէ, շատ պարզ է, մենք չենք գնում կռիվ անելու, թող իրենք կռիվը սկսեն, եւ աշխարհը, այդտեղ գտնվող դիտորդներն իմանան, որ ճանապարհը բաց չէ։ Ինչ-որ բան պետք է անել, չէ՞, թե՞ պետք է նստենք ու սպասենք, թե այդ 120 հազար մարդը երբ պիտի վերանա․․․ մենք դավաճանել ենք Արցախին, ինչքան էլ Հայաստանը դիվանագիտական հնարքներ գործադրի, իբր թե սա է արել, նա է արել, բայց իրականում մենք դավաճանել ենք մեր քույրերին ու եղբայրներին։ Եվրոպան վաղն էլի կհայտարարի, որ իրենք աջակցում են, եւ այլն եւ այլն, բայց, կարծեմ, մի քանի տասնյակ մարդու հանդեպ Եվրախորհրդարանում քրեական գործեր են հարուցված կոռուպցիայի համար։ Դրա՞նք պետք է մեր դատը դատեն, մենք էլի հայտնվել ենք բոլշեւիկյան մուրճի եւ թուրքական սալի միջեւ, մենք ինքնուրույն կարո՞ղ ենք ինչ-որ խնդիրներ լուծել, կարո՞ղ ենք այդքան հեռատես լինել, դիվանագիտություն ունենալ, որ արժանապատվորեն խոսենք բոլորի հետ։ Այսօր աշխարհը բաժանվում է, նոր կենտրոններ են ստեղծվում, մենք ո՞ւմ հետ ենք, մենք ոտքի տակ կկորչենք, եթե անգամ 10-րդ դասարանի աշակերտի խելք չունեցող մարդիկ որոշեն մեր ճակատագիրը, ո՞ւմ հետ են նրանք խորհրդակցում, ո՞ր ինստիտուտներն են նրանց խորհուրդ տալիս, ինչ ուզեմ բանակցելով չէ, պետք է բանակցես այն, ինչը քո ազգն է ուզում, եւ երբեք չի լինելու այնպես, որ հային, ադրբեջանցուն, ղարաբաղցուն ու բոլորին հաճո որոշում ընդունվի։ Իր ընդունած բոլոր որոշումները հաճո են միայն ադրբեջանցիներին, ո՛չ Արցախի հային է հաճո, ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ սփյուռքի հային։

- Ասացիք, որ մենք չգիտենք, թե ինչ ենք ուզում, գուցե խնդիրը հենց այն է, որ մեզ թե՛ դրսից, թե՛ ներսից պարտադրում են այն տեսակետը, որ մենք շատ փոքր միավոր ենք՝ մեր ճակատագիրը որոշելու համար, եւ մեր փոխարեն որոշում են մեծ տերությունները․․․

- Իսկ մենք ի՞նչ ենք անում, որ ունենանք բարեկամ, մեր քայլերը որո՞նք են, որ բարեկամ ունենանք եւ կարողանանք արժանապատվորեն հավասարը հավասարի նման խոսել, մենք փոքր չենք, մենք արմատներով հզոր, մեծ ժողովուրդ ենք, մենք քանակապես էլ փոքր ժողովուրդ չենք, եթե, իհարկե, չենք համեմատվում 80-100 մլն-անոց ժողովուրդների հետ, բայց մենք չպետք է մոռանանք մեր արժանապատվությունը՝ ե՛ւ անձնական, ե՛ւ ազգային, հակառակ դեպքում ուզում ես մեծ եղիր կամ փոքր, միեւնույն է՝ տրորելու են, անցնեն։

- Համազգային մակարդակով այսօր մեր անելիքը ո՞րը պետք է լինի։

- Առաջին հերթին կուզեի, որ ազգային համախմբում լիներ, որպեսզի բոլորը մոռանային իրենց կուսակցական խաղերը, ի վերջո՝ այդ կուսակցություններն էլ ստեղծվել են նրա համար, որ ծառայեն ժողովրդին՝ իրենց բոլոր տարաձայնություններով հանդերձ, մեզ գոյապահպանական խնդրի առջեւ են կանգնեցրել։ Մեր պատմական տարածքները այդ ահաբեկիչներն արդեն կոչում են Արեւմտյան Ադրբեջան, այս զավեշտական բաները, ի վերջո, բոլորը գիտեն, մենք մեր հույսը Եվրոպայի վրա՞ ենք դնելու, թե՞ մենք ոչինչ չանենք, ռուսները գան, մեր տունը պահե՞ն։ Ես ապրեմ այդ տան մեջ հանգիստ, ու եթե ինչ-որ բան լինի, հարեւանների՞ս կանչեմ, ասեմ՝ եկեք ինձ օգնելու, իսկ ես տանը նստած՝ խորոված, քյաբաբ ու պեռաշկի՞ ուտեմ։ Այդպես չէ, մենք մեր արժանապատվությունը պետք է վերականգնենք, այսինքն՝ ժողովուրդն ունի այդ արժանապատվությունը, իշխանությունները պետք է արժանապատիվ լինեն եւ ամեն երեկո գլուխները բարձին դնելուց առաջ, Անդրանիկի ասածի պես, իրենց հարց տան՝ ի՞նչ են արել այս երկրի համար, ընդ որում՝ ե՛ւ ընդդիմադիրները, ե՛ւ իշխանությունները։ Անելանելի իրավիճակներ չկան, միշտ էլ կան ելքեր, այդ ելքերը պետք է գտնել։ Էլ ով ասես չեկավ մեր երկիր՝ Եգիպտոսի, Իրանի նախագահները, մարդիկ առաջարկում են, մենք ի՞նչ ենք անում, ասում ենք՝ չէ, մենք խաղաղություն ենք ուզում։ Չի լինելու այդ խաղաղությունը, թշնամին խփում է, դու հանձնվո՞ւմ ես։ Շարքային քաղաքացիները որքան էլ ազգանվեր լինեն, կարող են գնալ զոհվել հանուն իրենց հայրենիքի, բայց դիվանագիտությունդ պետք է հմուտ, ճարպիկ լինի, որ երկիրը չբերեին հասցնեին այս կրախի առաջ։ Բավական է լինեք արեւմտամետ, թուրքամետ, ռուսամետ, մի անգամ էլ եղեք հայամետ։