Դատավորին հրավիրել են Հակակոռուպցիոն դատարան, որից հետո նա հրապարակել է պահանջվող վճիռը

Դատավորին հրավիրել են Հակակոռուպցիոն դատարան, որից հետո նա հրապարակել է պահանջվող վճիռը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի վարչությունում ավարտվել է լրագրող Նաիրի Հոխիկյանի կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունը: Նրան մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նա գրառում է արել դատավոր Էդգար Հովհաննիսյանի մասին՝ նշելով, թե դատավորն իշխանության ապօրինի պահանջն է կատարել, չցուցաբերելով նվազագույն տղամարդկություն: Մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով է. «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսեւորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով, պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»: Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Մենք զրուցել ենք Նաիրի Հոխիկյանի հետ:

- Ինչո՞ւ է Քննչական կոմիտեն Ձեր հայտարարությունները համարել անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, այլ ոչ թե կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքի իրացում: Ի վերջո` նույն Փաշինյանն ավելի վատ ձեւով էր դատավորների մասին արտահայտվում՝ նրանց անվանելով վնգստացող դատավորներ:

- Այն, ինչ ես հրապարակել եմ, որեւէ հիմք չի ներկայացնում տվյալ մեղադրանքի համար, պարզապես առիթ դարձավ, որպեսզի կատարեն վերեւից իջեցված հրահանգը: Ամբողջ դատական պրոցեսի ընթացքում, որը տեւեց երկու տարի, ես ցուցաբերել եմ կոռեկտ պահվածք թե՛ դատավորի եւ թե՛ մյուսների նկատմամբ: Ի դեպ, դատավորն իր ցուցմունքում եւս նշել է, որ ես երբեք որեւէ սխալ արտահայտություն, ոչ կոռեկտ խոսքեր չեմ ասել: Նշեմ, որ դատավորը բազմիցս ապօրինություններ է թույլ տվել այս երկու տարվա ընթացքում, որոնց մասին ես բարձրաձայնել եմ: Դատն ավարտվելուց հետո, երբ այլեւս մենք ոչ մի ազդեցություն չէինք կարող ունենալ դատական գործի վրա, ինձ մեղադրում են դատական պրոցեսների նկատմամբ ազդեցություն ունենալու համար: Դատն ավարտվել է մարտի 3-ին: Ես գրել եմ, որ դատավորը կատարում է իշխանությունների պատվերն ու նվազագույն տղամարդկություն չի ցուցաբերում՝ դիմադրելու եւ արդարադատություն իրականացնելու համար: Ո՛չ հայհոյել եմ ինչ-որ մեկին եւ ո՛չ էլ վիրավորել: Մարտի 27-ին պետք է հրապարակվեր վճիռը, սակայն նույն օրը Հակակոռուպցիոն դատարանը շտապ կարգով հարցաքննության է հրավիրում դատավորին: Նկատենք, որ հարց է բարձրացվել, որ դատավորը կաշառք է վերցրել, սակայն դատավորին հրավիրում են վկայի կարգավիճակով: Նույն օրը գնալով հարցաքննության՝ դատավորը հետաձգում է վճռի հրապարակումը, որից հետո ներկայացվում է վճիռը, սակայն ոչ այնպես, ինչպես տրամադրված էր դատարանը դատավարության ընթացքում:

- Ակնարկում եք, որ դատավորին սպառնացե՞լ են Հակակոռուպցիոն դատարանում:

- Չգիտեմ՝ սպառնացել են, թե ինչ են արել, սակայն փաստն այն է, ինչ ասացի: Նույն դատավորը նաեւ կաթողիկոսի ազգականի հետ կապված հայտնի քրեական գործի հետ կապ ունի: Ի դեպ, այդ դատավորի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարվա հունիսին: Ես հիմքեր ունեմ մտածելու, որ իր պաշտոնը պահելու համար կատարել է իշխանության պատվերը: ԲԴԽ-ն եւս իմ գրառումից վիրավորվել է, ինչը զավեշտ է, ընդ որում՝ դատավորից ավելի վաղ է վիրավորվել: Տպավորություն է, թե դատավորին հորդորել են վիրավորվել:

- Տեղեկացանք նաեւ, որ դատարանը Դանիել Իոաննիսյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Ձեզնից՝ 2020-ին հնչեցված վիրավորանքների համար:

- 2020 թ. պատերազմի ժամանակ Դանիել Իոաննիսյանի քույրը շատ տարօրինակ հանգամանքներում հայտնվել էր Արցախում, մեր ջոկատը, որ կամավորական աշխատանքներով էր զբաղված, նկատեց, որ այդ աղջիկը մեր տեղակայման վայրում է հայտնվել ու հեռախոսով նկարահանումներ կատարել: Այդ աղջկան տարանք շտաբ, նրա հեռախոսի մեջ հայտնաբերվեցին անթույլատրելի նկարներ: ԱԱԾ է հրավիրվել անգամ դրա համար: Իհարկե, այդ աղջկան բաց էին թողել: Պատերազմից հետո ես հրապարակում էի արել այդ մասին, Իոաննիսյանը պատասխան հրապարակում էր արել, թե իբրեւ ես սուտ մատնությամբ եմ զբաղված, ապա գրել էր, որ ես կեղծ ինֆորմացիա եմ տարածել ու էշ-էշ դուրս եմ տվել: Դիմել էր նաեւ Գլխավոր դատախազություն, որպեսզի իմ դեմ քրեական գործ հարուցվի, սակայն դատախազությունն Իոաննիսյանի պահանջին ընթացք չէր տվել: Ի վերջո` դատարանը բավարարել է հայցը, Իոաննիսյանը պետք է ներողություն խնդրի ու հերքի իր ասածները: Գործի հիմքում թե՛ զրպարտությունն է, թե՛ վիրավորանքը: Զրպարտել է՝ նշելով, թե ես բազմապիսի ստեր եմ տարածել իր եւ իր քրոջ մասին, վիրավորել էր՝ նաեւ ոչ կոռեկտ բառեր գրելով:

- Ներողությունից զատ, դատարանը ֆինանսական փոխհատուցում սահմանե՞լ է:

- Դատարանը միայն ներողություն խնդրելու եւ հերքելու մասով է որոշում կայացրել: Միայն փաստաբանական ծախսերն են բավարարվել: Մնացյալը չի բավարարել:

ՀԳ․ Արմավիրի մարզի դատավոր Էդգար Հովհաննիսյանը քննելիս է եղել Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հայցը` ընդդեմ Հոխիկյանի, հերքում պարտադրելու եւ փոխհատուցում վճարելու պահանջով: Խոսքը վերաբերում է Հոխիկյանի պատմածներին. «Վովան (Վլադիմիր Կարապետյանը) ինձ ասաց, որ դու շատ ես Ադրբեջանի դեմ խոսում, Ադրբեջանի դեմ միջազգային դատարան ես դիմել եւ այլն, բայց իմացիր, որ մենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ գնալու ենք բարեկամության ճանապարհով եւ մեր օրիենտացիան փոխում ենք: Ես հարցնում եմ՝ ո՞նց եք գնալու այդ ճանապարհով, չէ՞ որ նրանք Ղարաբաղն են ուզում, առանց Ղարաբաղը տալու չեք կարող գնալ էդ ճանապարհով: Վլ. Կարապետյանն ինձ ասաց՝ իսկ ո՞վ է ասում, որ չենք տալու: Հարցնում եմ՝ բայց ո՞նց եք տալու. բանակը չի տա, ժողովուրդը չի տա: Ասում է՝ ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տա՝ լավ էլ կտա»։