Առաջարկում են ընդհանրապես արգելել փոխված ղեկով մեքենաների ներկրումն ու շահագործումը

Առաջարկում են ընդհանրապես արգելել փոխված ղեկով մեքենաների ներկրումն ու շահագործումը

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց արգելել ընդհանրապես աջակողմյան ղեկով մեքենաների ներկրումը և շահագործումը Հայաստանում, նույնիսկ ղեկը փոխելու դեպքում։ Վարչապետն էլ համաձայնեց Ավինյանի առաջարկի հետ՝ հանձնարարելով շատ արագ լուծել այդ հարցը, որ նույնիսկ փոխված ղեկով մեքենա ներկրելու հնարավորությունը 100 տոկոսով արգելվի:

«Պետք է քննարկենք՝ արդյոք անվտանգության տեսանկյունից ընդունելի՞ է, որ մենք թույլ տանք, որ շարունակաբար աջ ղեկով մեքենաները բերեն Հայաստան, փոխեն և շահագործեն»,-հռետորական հարց հնչեցրեց Ավինյանը։

Մյուս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ ինքը լրիվ համաձայն է Ավինյանի հետ, քանզի դրանով իրենք գեներացնում են պոտենցիալ վթարի օբյեկտ հանդիսացող շարժակազմի ծավալները Հայաստանում, դրա համար պետք է սերտիֆիկացիա անցկացնեն՝ արդյոք այդ փոփոխությամբ մեքենաների շահագործումը նորմա՞լ է, թե՞ ոչ։ Ուստի առաջարկեց մտածել, թե ինչ տեխնիկական կանոնակարգ պետք է սահմանեն դրա համար։

«Ես վստահ եմ, որ եթե ոտսիկանությանը խնդրենք ստատիստիկ տվյալներ տա, կպարզվի, որ վթարների մի ստվար քանակի դեպքում ղեկի տեղափոխությունն արվել է ոչ պրոֆեսիոնալ ձևով, ինքը հանգեցրել է վթարի»,-ասաց Մհեր Գրիգորյանը։

Այստեղ հարց բարձրացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, թե ով է վերահսկելու՝ ներկրվող մեքենայի ղեկը Վրստանում կամ Ճապոնիայիում փոխվե՞լ է, թե՞ ոչ, կամ ի՞նչ նորմով են մարդկանց արգելելու փոխված ղեկով ներկրել։ Անանյանն առաջարկեց ժամանակավոր արգելել, քանի դեռ իրենք խելամիտ որոշում չեն կայացրել։

«Էստեղ մի շատ կարևոր խնդիր կա, և նախորդ մեր քննարկումներից ես երևի սխալ եմ հասկացել, որ իմ տպավորությամբ՝ ծնունդով, այսինքն՝ գործարանային աջակողմյան մեքենա չենք կարողանալու ներկրել, բայց հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ աջակողմյան ղեկով ավտոմեքենաները ներկրվում և շահագործվում են․․․ ես կարծում եմ, պարոն Անանյան, մենք պետք է առաջնորդվենք այն սկզբունքով, որ մեզ մոտ աջակողմյան մեքենաները չլինեն շահագործման մեջ։ Այսինքն՝ ես առաջարկում եմ, որ փոխված ղեկով մեքենաները ինչ-որ մի կետից շահագործման չհանձնվեն Հայաստանում»,-առաջարկեց Ավինյանը։

Մհեր Գրիգորյանն էլ նկատեց, որ սա տեխզննման ֆունկցիայի կեղծ լինելու արդյունք է․ «Որովհետև, եթե մեքենայի ղեկն ինչ-որ մի վրացի փոխել է տեղերով, չի կարող շահագործվել»։ 

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ առաջարկեց քննարկել մաքսազերծման արժեքի բարձրացման հարցը։ 

«Լավ, եկեք պայմանավորվենք էսպես․ էս խմբաքանակն էլ դուրս է գալիս, և ընդհանրապես փակում ենք էս կարգի ավտոմեքենաների ճանապարհը։ Թող նոր չբերեն, էլ չենք երկարացնելու։ Հենց հիմիկվանից խումբ ձևավորեք, ասեք ամսաթիվը, թե երբվանից ենք փակում դա»,-հանձնարարեց վարչապետը։