Ղազախստանում կալանավորել են ՀՀ պատվավոր հյուպատոսին, իսկ ԱԳՆ-ն տեղյակ չէ

Ղազախստանում կալանավորել են ՀՀ պատվավոր հյուպատոսին, իսկ ԱԳՆ-ն տեղյակ չէ

Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանը կալանավորված է: Նրա նկատմամբ դատարանը տնային կալանք է կիրառել: Նրան մեղադրում են Ղազախստանի բնապահպանական օրենսդրությունը խախտելու մեջ: Այս մասին հայտնում է Ղազախստանի zakon.kz էլեկտրոնային թերթը: Հայ գործարարին սպառնում է 7-10 տարվա ազատազրկում:

Ըստ պարբերականի, արդեն երկար տարիներ Բեստամակ գյուղի բնակիչները, որի մոտակայքում է գտնվում Տերտերյանների խոզաբուծարանը, պահանջում են փակել այն, քանի որ տարածքում ահավոր գարշահոտություն է տարածվում: Գյուղի բնակիչները բողոքել են, որ Տերտերյանին պատկանող ձեռնարկությունը թունավորում է գետերը, հողը՝ օրական հարյուրավոր խոզի գլուխներ բնության գիրկը նետելով: 

Հայ գործարարն անցյալ տարեվերջին աղմկոտ սկանդալի կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ Արեւմտյան Ղազախստանի Ակտյուբինսկի մարզի բնապահպանական վարչությունը, տեղի իշխանությունները Բեստամակ գյուղի բնակչության բողոքի ակցիաների հետքերով ստուգումներ իրականացրին նրան պատկանող խոզաբուծարանում: Ստուգումներով հաստատված համարեցին, որ խոզաբուծական համալիրը կենսաբանական թափոններն ուղղակի թաղել է Բեստամակ գյուղի մոտակայքում: Ըստ Ղազախստանի իրավապահների, գետնի տակից մոտ 200 տոննա թափոն են հանել: Պարզվել է նաեւ, որ երկու տարի ձեռնարկությունը թափոններն արտանետել է շրջակա միջավայր՝ չունենալով համապատասխան թույլտվություն: Արդյունքում ՀՀ պատվավոր հյուպատոսին սնանկացրել են՝ 7 մլրդ թենգե տուգանք սահմանելով, ինչը մոտ 7,5 մլն դոլար է։

Նրա գործը դատարանում է: Մյուս կողմից, տեղեկություններ կան, որ Հայկ Տերտերյանի ձեռնարկության վերաբերյալ տեղի իրավապահների կողմից հրապարակվող լուրերը չափազանցված են, որ Ղազախստանի իշխանությունները վերջին տարիներին ընդգծված նեգատիվ վերաբերմունք ունեն հայազգի գործարարների նկատմամբ, եւ որ  պետականորեն նրանց բիզնեսը խլելուն ուղղված քաղաքականություն է ընթանում: Ղազախստանի արդարադատության որակի մասին է վկայում երկու տարի առաջ հայազգի գործարար, 6 երեխայի հայր Գեղամ Ասրյանի հետ կատարվածը: Նրան Ղազախստանի նույն՝ Ակտյուբինսկի մարզում մեղադրեցին խարդախության մեջ: Իսկ երբ նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը մեկնեց Ղազախստան եւ քննիչներին ներկայացրեց փաստաբանի արտոնագիրը՝ Գեղամի եւ երկու այլ հայ քաղաքացիների շահերը ներկայացնելու համար, Ակտոբե քաղաքի քննիչը նրան բերման ենթարկեց, առգրավեց փաստաթղթերը, անձնագիրը եւ սպառնալով, որ կազատազրկի, հրահանգեց, որ փաստաբանն այլեւս չհայտնվի իրենց քաղաքում ու չփորձի որեւէ հայի պաշտպանել: Իսկ երբ փաստաբանը հաջորդ օրը պահանջել է իր փաստաթղթերը, նրանից պահանջել են 20 հազար դոլար:  

«Ղազախստանում հայ գործարարներին դրած՝ մորթում են, ունեզրկում են,  ռեյդերություն են անում, հենց տեսնում են՝ կայացած բիզնեսմեն է, սկսում են սնանկացնել,- ասում է մեր աղբյուրը, որն առնչվել է Ղազախստանի բիզնես-աշխարհին։- Տերտերյանը մեծ բարեգործություններ է արել Բեստամակ գյուղի համար, վերջապես, նա մեր պատվավոր հյուպատոսն է, գուցե այսօր նա պաշտպանության կարի՞ք ունի»,- ասաց մեր զրուցակիցը:

Մենք փորձեցինք ԱԳՆ-ից պարզել, թե տեղյա՞կ են արդյոք, որ ՀՀ պատվավոր հյուպատոսին կալանավորել են Ղազախստանում, չե՞ն պատրաստվում արդյոք պաշտպանել նրան: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանեց, որ տեղեկություններ ունենալուն պես կհայտնեն: Այսինքն՝ ԱԳՆ-ում ոչ միայն չեն պաշտպանում ՀՀ պատվավոր հյուպատոսին, այլեւ անգամ տեղյակ չեն, թե ինչ է կատարվել նրա հետ: