Ըմբռնումով մոտենանք

Ըմբռնումով մոտենանք

Կարող ենք, իհարկե, Մանվել Փարամազյանին անարգանքի սյունին գամել, Մխիթար Զաքարյանին ու Իշխան Զաքարյանին կամ իշխանություններին ռեւերանս անող որեւէ մեկ այլ անձի դատափետել, սակայն պետք է հասկանալ այս երեւույթի պատճառները: Ինչպե՞ս է ստացվում, որ թշնամուց չվախեցող, իր կյանքը հայրենիքի համար զոհաբերելու պատրաստ անձը, որը պայքարի սիմվոլ է, ինչ-որ պահի հետ է քաշվում, նահանջում, գնում համագործակցության` այն անձի եւ ուժի հետ, ում դեմ մինչ այդ պայքարում էր: Այդ ի՞նչ ֆենոմենալ վախ ու սարսափ է իշխանությունը տարածում, որ սահմանը պահող պինդ տղամարդիկ անգամ չեն դիմանում այդ ճնշումներին: Ճնշումներն ու վախերը, իհարկե, կարեւոր լծակ են, բայց այս պարագայում թերեւս գործ ունենք մեկ այլ երեւույթի հետ:

Բանն այն է, որ գարնանը մեկնարկած պայքարի ալիքը, որքան էլ որ ընդդիմությունը հավաստիացնի, թե չի մարել, շարունակվելու է, իրականում` արձակուրդ է գնում: Ամառ է, շոգ է, մարդիկ հոգնել են, հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանը կամովին հրաժարական տալու մտադրություն չունի, իսկ ընդդիմությունը չունի ստիպելու լծակներ: Բնական պրոցես է, բայց այս պրոցեսը եւ չհաջողված ձեռնարկն իրենց կնիքը դրել են հասարակության պահվածքի եւ վարքի վրա: Հայերի սիրած ասացվածքներից է, չէ՞. «Այն ձեռքը որ չես կարողանում կտրել` պաչիր, դիր ճակատիդ»: Եվ հիմա մարդիկ հասկացել են, որ այս երկրում շարունակելու են ապրել, ուստի ինքնուրույն պետք է լուծեն իրենց խնդիրները: Մեկն ուզում է բիզնես անել, մյուսը` մասնագիտական գործունեությամբ զբաղվել, երրորդն ուզում է, որ ապօրինի հարուցված, բայց իր կյանքը խլող քրեական գործը փակվի, չորրորդը՝ որ իր սեկտը բացեն, գնա Ռուսաստան, հինգերորդը մտածում է մի տեղ աշխատանքի անցնելու մասին: Բնական պահանջներ են: