Հայկական Վերածնունդի բաց նամակը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հայկական Վերածնունդի բաց նամակը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն Վարչապետ.

Հուլիսի 31-ին Քննչական Կոմիտեն քրեական գործ է հարուցել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ զրպարտության մեղադրանքով, որ նա զրպարտել է դատավոր Մակյանին: Քրեական գործը հիմնված է պարոն Սեֆիլյանի ֆեյսբուքյան գրառման վրա, որտեղ նա, օգտվելով խոսքի ազատության իրավունքից, քննադատում է նախկին ռեժիմից ժառանգած դատական համակարգը, ներառյալ դատավոր Մակյանին:

Այս քրեական գործը խիստ մտահոգիչ է, քանի որ այն կոպտորեն ոտնահարում է պարոն Սեֆիլյանի խոսքի ազատության իրավունքը: Հաշվի առնելով այն, որ Ժիրայր Սեֆիլյանը հանդիսանում է ընդդիմադիր քաղաքական գործիչ և նախկին քաղաքական բանտարկյալ, որը շարունակաբար քննադատել և քննադատում է Սերժ Սարգսյանի իշխանության օրերից մնացած դատաիրավական համակարգը, սույն քրեական գործը ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական հետապնդում:

Պարոն Վարչապետ, դատավորների և առհասարակ դատաիրավական համակարգի վերաբերյալ սոցիալական ցանցերում և մամուլում խիստ քննադատական խոսքերով արտահայտվում են բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ և սփյուռքի ներկայացուցիչներ: Արդյո՞ք ՔԿ-ն պատրաստվում է բոլոր այդ քաղաքացիների և սփյուռքահայերի նկատմամբ քրեական գործեր հարուցել: Ավելին, դատավորների մասին Դուք որպես վարչապետ բազմիցս խիստ քննադատական խոսքերով եք հանդես եկել, երբեմն նույնիսկ օգտագործելով ավելի կոպիտ բառեր, քան պարոն Սեֆիլյանը (օրինակ՝ «պատերի տակ վնգստացող դատավորներ»): Արդյո՞ք ՔԿ-ն պատրաստվում է Ձեր դեմ  նույնպես քրեական գործ հարուցել:

Հաշվի առնելով, որ ՀՀ Ոստիկանությունը և ՔԿ-ն գտնվում են Ձեր անմիջական ենթակայության տակ, մենք խորապես անհանգստացած ենք հարուցված քրեական գործի վերաբերյալ և ենթադրելով, որ այն չէր կարող տեղի ունենալ առանց Ձեր գիտության, նաև խորապես տարակուսած ենք: Եթե այդ գործին ընթացք տրվի, այն կծառայի որպես շատ վատ նախադեպ՝ նոր Հայաստանում սկիզբ դնելով ընդդիմության քաղաքական հետապնդումներին և փոշիացնելով հեղափոխությունից արդարության և օրինականության սպասելիքները:

Սույն նամակով դիմում ենք Ձեզ, ակնկալելով Ձեր բացատրությունը հարուցված քրեական գործի վերաբերյալ: Նաև վերահաստատում ենք Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպության համերաշխությունը Ժիրայր Սեֆիլյանի, սփյուռքի և բոլոր ՀՀ քաղաքացիների հետ, ովքեր Ձեր իշխանությունից ակնկալում են կատարել տված խոստումները և հիմնովին վերափոխել դատաիրավական համակարգը, արդարադատություն իրականացնել այն դատավորների նկատմամբ, ովքեր մասնակցել են նախկին իշխանությունների կողմից կատարած քաղաքական հետապնդումներին և հանցագործություններին:

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպություն

10 Օգոստոս, 2020