Սառը ցնցու՞ղ. նախագահն անիրատեսական է համարում արցախցիների վերադարձը

Սառը ցնցու՞ղ. նախագահն անիրատեսական է համարում արցախցիների վերադարձը

Արցախից տեղահանված հայերի վերադարձի հնարավորությունների առումով անհրաժեշտ է իրատես լինել և հարցի լուծմանն անդրադառնալ այն ժամանակ, երբ Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմաններ հաստատվեն: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Արմենպրեսին» և «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Հայաստանի նախագահի կարծիքով՝ արցախահայերի վերադարձի հնարավորությունն ավելի երկարաժամկետ խնդիր է, քանի որ այս պահին ամենակարևորն անվտանգության հարցն է։ Հենց դա է խնդիրը, որը խանգարում է այս պահին որևէ հարց լուծել, ընդգծել է նա:
Անդրադառնալով Բաքվում անազատության մեջ պահվող հայ գերիներին, այդ թվում՝ ապօրինաբար կալանքի տակ գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին, Խաչատուրյանը վստահեցրել է, որ նրանց ազատ արձակման խնդրի ուղղությամբ ամենօրյա և անդադար աշխատանք է իրականացվում:

«Ինչպե՞ս կստացվի, որտե՞ղ կստացվի, ի՞նչ պայմանավորվածություն ձեռք կբերվի, դրա մասին ես հիմա չեմ էլ կարող խոսել, որովհետև այդ խոսակցությունների արդյունքում մենք ինչ-որ եզրահանգման պետք է գանք և պետք է հասկականք, թե ի՞նչը պետք է հիմք հանդիսանա կամ առիթ հանդիսանա, որպեսզի Ադրբեջանը համոզվի, որ իսկապես ռազմագերիների ազատ արձակումն անհրաժեշտ է», - ընդգծել է Հայաստանի նախագահը։

Նրա դիտարկմամբ՝ այն աշխատանքները, որոնք իրականացվում են իշխանության շրջանակներից դուրս, պետք է նպաստեն և համահունչ լինեն այդ աշխատանքներին, այլ ոչ թե վիճակն ավելի սրեն, որպեսզի չխանգարեն այդ ուղղությամբ իշխանությունների կողմից իրականացվող աշխատանքներին: