Թուրք-իսրայելական գործարք՝ ընդդեմ Հայաստանի և Իրանի

Թուրք-իսրայելական գործարք՝ ընդդեմ Հայաստանի և Իրանի

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, տևական ընդմիջումից հետո, հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ինչը կողմերի մոտ հույսեր է արթնացրել, որ երկկողմ հարաբերությունները կբռնեն ջերմացման ուղին։
Այդ մասին հայտնում է Ամերիկայի Ձայն-ը։

Ըստ դիտորդների, մոտ անցյալում տեղ գտած հակասությունները դժվար թե լուրջ խոչընդոտ հանդիսանան թուրք-իսրայելական մերձեցմանը։ Մասնավորապես, նման կարծիքի է Թել Ավիվում գործող Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Գալյա Լինդենշտրաուսը:

Թուրք պաշտոնյաները հանդիպումը բնութագրել են դրական, որի ժամանակ կողմերը կենտրոնացել են էներգետիկ հարցերի վրա․ այդ ոլորտում Անկարան Իսրայելին դիտարկում է որպես կարևոր գործընկեր։

Այս ամենի ֆոնին, սակայն, դիտորդները նշում են, որ փոխադարձ վստահությունը տակավին լուրջ խնդիր է կողմերի համար։

Այդուհանդերձ, Անկարայի և Թել Ավիվի մերձեցման պատճառներից է տարածաշրջանում Իրանի աճող ազդեցությունը:

Ադրբեջանը, որին աջակցում են և՛ Իսրայելը, և՛ Թուրքիան, այն վայրն է, ուր Թեհրանին վերաբերող կողմերի մտահոգությունները համընկնում են, քանզի Իրանը աջակցում է Ադրբեջանի հակառակորդ Հայաստանին:

Թուրք-իսրայելական համագործակցության կարևորությունը ընդգծվեց ևս մեկ անգամ, երբ Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտության պատճառ հանդիսացող Լեռնային Ղարաբաղում օրերս վերսկսվեցին ռազմական գործողությունները, գրում է Ամերիկայի Ձայն-ը։
Ըստ տեղեկությունների, Նեթանյահուն և Էրդողանը միմյանց հրավիրել են այցելել Թել Ավիվ ու Անկարա։