Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում և ռեպրեսիվ մեթոդներ են կիրառվում

Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում և ռեպրեսիվ մեթոդներ են կիրառվում

«Ակնհայտ է՝ ինչ է տեղի ունենում պրն Թովմասյանի հետ այս քրեական գործի շրջանակներում։ Ակնհայտությունը գալիս է հենց նրանից, որ քննիչը հասարակ մի խուզարկություն սկսում և իրականացնում է խախտումներով։ Մասնավորապես խուզարկության որոշման հետ դեռևս իմ՝ Թովմասյանի չծանոթացած լինելու պարագայում քննիչի առաջնային պարտականություն է տեղեկացնել։ Քննիչը հայտարարեց, որ շարունակում է խուզարկության կատարումը։ Ներկա էին ոստիկանության աշխատակիցներ, որոնք որևէ փաստաթուղթ չներկայացրին, թե իրենք կոնկրետ ինչ իրավունք ունեին խուզարկություն կատարելու, քանի որ դատարանը որոշումը տվել էր որոշակի խումբ անձանց, այլ ոչ թե պատահական ոստիկանի»,-լրագրողների հետ զրույցում նշեց Հրայր Թովմասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։

Նա տեղեկացրեց, որ իրենք միջնորդություն են ներկայացրել խուզարկությունը տեսանկարահանելու համար, սակայն քննիչը բանավոր կարգով մերժել է միջնորդությունը։

«Նման միջնորդություն ներկայացրինք, որ հետագայում հանրությունը տեսնի իրականում ինչ է կատարվել, սակայն միջնորդությունը մերժվեց, բայց նույն քննիչը հենց ինքը նկարահանումներ էր կատարում։ Քննիչները փնտրում են ինչ-որ մի բան, որով կարողանան հանրությանը մատուցել էս պրոցեսի իրական լինելը»,- ասաց Պողոսյանը։

Նշենք, որ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի մեկ այլ անդամ Ամրամ մակինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ քննիչները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը, ինչին ի պատասխան ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել, թե Ամրամ Մակինյանի հայտարարությունը, թե իբր Հրայր Թովմասյանին և նրա պաշտպանական թիմին հնարավորություն չի տրվում ծանոթանալ  Թովմասյանի բնակարանում խուզարկություն իրականացնելու մասին դատարանի որոշմանը, ակնհայտ ապատեղեկատվություն է: 

Նշենք, որ խուզարկությունը դեռ շարունակվում է։