Հայաստանում պետք է արգելվի «Սորոսի» գրասենյակի գործունեությունը

Հայաստանում պետք է արգելվի «Սորոսի» գրասենյակի գործունեությունը

Պատերազմական այս օրերին, երբ Թուրքիան իր առջեւ նպատակ է դրել՝ բնաջնջել արցախահայությանն ու իր աշխարհաքաղաքական ծրագրերն իրականացնելու ճանապարհին յուրացնել Արցախ աշխարհը, մենք ետ ենք նայում եւ հայի ետին խելքով հասկանում, որ այդ պետության հարստացմանը նպաստել ենք նաեւ մենք` միլիարդավոր դոլարների ապրանք ներկրելով այդ երկրից: Իսկ այդ փողերը գնացել են դեպի զենքի արտադրություն, որով էլ այսօր սպանվում են մեր հայրենակիցները, ու ավերվում է Արցախը: Սակայն մենք, կարծես թե, աչքաթող ենք արել մի հանգամանք, որ այսօր Հայաստանին սպառնում են ոչ միայն թուրքական զենքերը, այլեւ գործակալական մի ողջ ցանց, որն անթաքույց սատարում է Թուրքիային: Խոսքը, ինչպես ասում են, «Սորոսի գրասենյակի» մասին է կամ` «Բաց հասարակության հիմնադրամների»: 

Հիշենք, որ 2020-ի մարտին Ջորջ Սորոսը հայտարարություն տարածեց՝ կապված սիրիական հարցի հետ, որով սատարում էր Թուրքիային: Նա նաեւ կոչ արեց Եվրոպային՝ Ռուսաստանի հետ հակամարտության մեջ սատարել Թուրքիային։ Հոդվածում Սորոսը նշում էր, որ Թուրքիան միակ երկիրն է, որն ուժ կիրառեց՝ «պաշտպանելու խաղաղ բնակչությանը, որոնք հայտնվել էին Ասադի եւ նրա դաշնակից Ռուսաստանի ծուղակում»։ «Սիրիական հարցում Թուրքիան արժանի է եվրոպական աջակցությանը։ Եվրոպան պետք է ուժեղացնի Էրդողանի դիրքերը՝ Պուտինի հետ բանակցություններից առաջ»,- պնդում էր նա։ Սորոսը շատ լավ հասկանում էր, որ Թուրքիայի մոտիվացիան լրիվ այլ է, Թուրքիան խորապես անտարբեր է Իդլիբի խաղաղ բնակչության հանդեպ, հետապնդում է լրիվ այլ շահեր ու այդ շահերի սպասարկման համար պատրաստ է զոհել այնքան խաղաղ բնակչություն, որքան կպահանջվի։ Սորոսը, փաստորեն, տեռորիստ Էրդողանին համարում էր խաղաղ բնակչության պաշտպան: 

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Մոսկվայում հայերի ու ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած բախումներից հետո, երբ ձերբակալվեց 25 ազերի (մի մասը կալանավորվեց), եւ 7 մոսկվաբնակ հայ հայտնվեց ռուս իրավապահների թիրախում, տեղեկություններ եղան, որ Մոսկվայում մարդասիրական գործողություններ է նախաձեռնում «Բաց հասարակության»՝ «Սորոսի հիմնադրամը»: Բանն այն է, որ ազգամիջյան բախումների առնչությամբ հարուցված քրգործերին միջամտության փորձ է արվել «Սորոսի հիմնադրամի» կողմից, որի գործունեությունը, ի դեպ, դադարեցվել է ՌԴ տարածքում դեռեւս 2015 թվականին: …Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի գլխամասային հիմնադրամը հանձն է առել հայերի վրա հարձակում գործած ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությանը, սակայն, հաշվի առնելով ՌԴ տարածքում «Սորոսի հիմնադրամի» մերժված լինելու փաստը եւ իրավական կարգավիճակից բխող բոլոր բարդությունները, լուծումը գտել են. ադրբեջանցիների շահերի պաշտպանության համար վարձել են անկախ փաստաբաններ, որոնք կֆինանսավորվեն երրորդ երկրների «Բաց հասարակության հիմնադրամի» գրասենյակների հետ ընդհանուր պլատֆորմում գործակցող զանազան ռուսական ՀԿ-ների միջոցով, որոնք եւս «խաղում են» քաղաքացիական իրավունքի պաշտպանության դաշտում: Ուստի չի բացառվում, որ նպաստավոր իրավիճակից օգտվելու համար գործի են դրվել նաեւ մեր երկրի ներսում եղած սորոսական ռեսուրսները»: Սա նշանակում է, որ Հայաստանում բուն դրած սորոսական կազմակերպությունները նույնպես կարող են ուղղակի կամ անուղղակի կերպով սատարել այդ ադրբեջանցիներին:

Այսօր, փաստորեն, Հայաստանում անարգել գործում է մեր թշնամուն սատարող գործակալական մի ցանց, որը կարող է Հայաստանը «պայթեցնել» հենց ներսից, պայթեցնել բառիս ուղիղ եւ փոխաբերական իմաստներով: Եթե Սորոսը սատարում է Թուրքիային, ապա, բնականաբար, Հայաստանում ունենալով իր կողմից սնվող ու լավ վարձատրվող կազմակերպություններ, կարող է վտանգավոր գործունեություն ծավալել: Նրանց ներկայացուցիչները գնում են Արցախ, զննում տեղանքը, ապաստարանների տեղերը, կառուցվածքը, անարգել շատ ինֆորմացիայի են տիրապետում, հետո ինչ-որ գաղտնի հանդիպումների մեկնում ԱՄՆ: 

Հիշեցնենք, որ «Բաց հասարակության հիմնադրամը» Հայաստանում գործում է 1997-ից: Սակայն 2018-ից հետո այն ներգրավված է հայաստանյան կառավարման համակարգում. ուղղորդում է, թե ինչ բարեփոխումներ պետք է կատարվեն ոստիկանությունում, ԱԱԾ-ում, կրթության ոլորտում եւ այլն: Նրանք մշտապես հակառուսական քարոզչություն են անում եւ մասամբ կարողացել են արդյունքի հասնել` սառնություն մտցնելով հայ-ռուսական հարաբերություններում: Իսկ ՌԴ-ն մեր գրեթե միակ ռեալ ռազմավարական դաշնակիցն է: Թե ինչպես եղավ, որ այս թշնամական գործակալական կառույցի անդամները հայտնվեցին ՀՀ կառավարությունում եւ օրենսդիր մարմնում, այս հարցերի քննարկման ճիշտ պահը չէ: Բայց այդ գրասենյակի գործունեության դադարեցումը կարեւոր է: Հիշեցնենք, որ այս կառույցի գործունեությունն արգելված է շատ երկրներում: