«Հատուկ» քծնական կարծիք

Անցած շաբաթ հրապարակվեց Սահմանադրական դատարանի որոշումը՝ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ։ Իմացանք, որ ՀՀ ձեւախեղված ՍԴ-ն այդ կանոնակարգը համարում է մեր Սահմանադրությանը համապատասխանող, իսկ Անկախության հռչակագիրը՝ ավելորդ։ Կրկին արձանագրեցինք, որ Իլհամ Ալիեւը հերթական հաղթանակը տարավ՝ հայ ժողովրդին ստիպեց հրաժարվել 1991-ին ընդունված Անկախության հռչակագրից եւ Արցախի ու Հայ դատի նկատմամբ ունեցած ցանկացած պահանջատիրությունից։ Իսկ երեկ հրապարակվեցին ՍԴ դատավորների Հատուկ կարծիքները։
ՍԴ նախկին նախագահ, այժմ՝ ՍԴ անդամ Հրայր Թովմասյանը, որի դեմ Նիկոլ Փաշինյանը դեռ 2020 թվականին էր «պատերազմ» հայտարարել, հասկանալի է, որ իր առարկություններն է ներկայացրել, քանի որ դրանք խիստ տարբերվում են դատարանի կայացրած վճռից: Այսինքն՝ Հատուկ կարծիք, որը տարբերվում է ՍԴ որոշումից: Եվ Հատուկ կարծիք ասվածը հենց այդպիսին էլ պետք է լինի` տարբերվի մյուսների կարծիքից, ինչի համար էլ հենց «հատուկ» է կոչվում: Բայց պարզվեց` «Հատուկ կարծիք» են գրել նաեւ այդ որոշմանը կողմ քվեարկած եւ որոշման տրամաբանությունը կիսող երկու դատավոր` Վահե Գրիգորյանը եւ Դավիթ Խաչատուրյանը: Սա, հավանաբար, նոր խոսք է իրավաբանության մեջ, որով իշխանական դատավորները որոշել են աչքի ընկնել եւ կոծկել իրենց հայադավ էությունը:
Ի դեպ, ՍԴ-ն ոչ միայն դարձել է իշխանական որջ, որտեղ Փաշինյանը գործուղում է իր կամակատարներին, այլեւ ինչ-որ անձանց քույր-եղբայրներին տեղավորելու մարմին: Հատուկ կարծիք արտահայտած Դավիթ Խաչատուրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է, իսկ հատուկ կարծիք չարտահայտած եւ փաշինյանական որոշմանը կողմ քվեարկած Սեդա Սաֆարյանը` իշխանական քարոզիչ Ստյոպա Սաֆարյանի քույրը: Կողմ քվեարկած մյուս դատավորներն են ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արման Դիլանյանը, Հովակիմ Հովակիմյանը, Էդգար Շաթիրյանը, Սեդա Սաֆարյանը եւ Արթուր Վաղարշյանը: Ընդ որում, նախկինում նորմալ, սկզբունքային իրավաբանների համարում ունեցող մարդիկ` Վաղարշյանն ու Շաթիրյանն էլ աշխատավարձը գերադասեցին հեղինակությունից եւ գնացին հավասարվեցին Ստյոպա Սաֆարյանի քրոջն ու Սասուն Խաչատրյանի եղբորը:
Բայց ծառայել` ծառայել մինչեւ վերջ: Այս երկու դատավորները որոշել են կաշվից դուրս գալ` ծառայություններ մատուցելիս, եւ Հատուկ կարծիք են գրել, որ ավելի հիմնավորեն ՍԴ որոշումը: Անգամ Անկախության հռչակագրի պատմությունն են վեր հանել, հիշել են երջանկահիշատակ Վլադիմիր Նազարյանին, նրա խոսքերից են մեջբերումներ արել: Պարզ է` մարդը չկա այսօր եւ չի կարող իրեն բնորոշ հումորով ու սարկազմով ոչնչացնել այս վայ-իրավաբաններին:
Կարծիքներ