Մենք ընդդիմությանը չենք «բամփում»

Մենք ընդդիմությանը չենք «բամփում»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի քավորի եղբայր Վահե Ղալումյանը, որը Սասուն Միքայելյանին աջակցում էր ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանին ծեծելու հարցում, կարծում է, որ Հայաստանի քաղաքական դաշտում առկա ուժերն «այնքան չկան», որ պահանջեն Նիկոլ Փաշինյանի ու գործող իշխանության հրաժարականը։ «Էդ քաղաքական գործիչներն ու ուժերն էդ կշիռը չունեն քաղաքական դաշտում, որ նման պահանջով հանդես գան»,- ասաց Վահե Ղալումյանը։

- Իսկ ովքե՞ր ունեն այդ կշիռը քաղաքական դաշտում, ո՞վ կարող է նման պահանջով հանդես գալ։

- Չեմ տեսնում նման ուժ ես։

- Այսինքն՝ դուք այսօր ձեզ ընդդիմադիր ուժ չե՞ք տեսնում դաշտում։

- Ընդդիմադիր երկու խորհրդարանական ուժ կա, որոնք ընտրությունների արդյունքում հստակ նշված է իրենց տոկոսը, գուցե իրենք իրավունք ունեն առաջարկներով, վերահսկողական լիազորություններով մասնակցեն, բայց վարչապետի եւ քաղաքական թիմի հրաժարականն այս պարագայում հիմնավորված չէ։

- Ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը՝ ԲՀԿ-ն, այսօր ձեր հրաժարականն է պահանջում։

- Իսկ միգուցե փաստարկե՞ն, թե ինչի հիման վրա են մեր հրաժարականը պահանջում։

- Փաստարկում են, ասում են՝ դուք տապալել եք կորոնավիրուսի դեմ պայքարը, չեք հաջողել կադրային քաղաքականության հարցում, տնտեսական հեղափոխություն չեք արել, քաղաքական մթնոլորտը լարված է, եւ այսպես շարունակ։

- Բացարձակապես հիմնավորում չեմ տեսնում, կորոնավիրուսի հետ կապված՝ համաշխարհային պրոբլեմ ա, աշխարհն ա այսօր դրա հետ առնչվում, եւ զարգացած պետությունները՝ Ամերիկա, Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, նրանք ունեն խնդիրներ, մենք չէինք կարող էդ խնդիրներից զերծ մնալ։

- Բայց մեր հարեւան Վրաստանը, կարծես թե, չունեցավ այդքան լուրջ խնդիր։ Հիվանդացության թվերը ցածր են շատ։

- Աստված տա՝ Վրաստանը հաղթահարած լինի էդ փուլը, բայց չեմ կարծում, որ դա հաղթահարված ա։ Փակ ռեժիմը դրա հաղթահարումը չի, փորձը ցույց ա տալիս, որ պետք ա բացվի։ Իսկ բացվելու հետ, նորից եմ ասում, Աստված տա՝ իրենց մոտ ամեն ինչ ավելի լավ անցնի, եւ իրենք մեզ օգնելու հնարավորություն ունենան։

- Պարոն Ղալումյան, ինչո՞վ է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ որեւէ ուժ չի կարողանում կառուցողական հարաբերություն ունենալ, դուք բոլորին փորձում եք զրոյացնել, ասում եք՝ մեկը չկա այդքան, որ ձեր հրաժարականը պահանջի։ Ձեր այդ վստահությունը որտեղի՞ց է գալիս։

- Մեր վստահությունը գալիս ա մեր գործողություններից, մեր նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել ենք, որ երկուսից երեք տարվա ընթացքում բյուջեն կավելացնենք 25-30 տոկոսով, բայց մեր մոտ հաջողվել էր մեկուկես տարվա ընթացքում արձանագրել 43 տոկոս աճ։

- Պարզապես նախորդ իշխանություններին հենց դրանում էին մեղադրում, որ պետք չէ այդքան վստահ լինել, այդ ինքնավստահությունը կկործանի ձեզ, քանզի ձեզ թվում է, թե դուք հավերժ եք։ Հիմա նույնը արդեն ձեզ են ասում, որ երկու տարի է՝ իշխանություն եք, բայց արդեն մեծամտություն կա ձեր կողմից ու ավելորդ ինքնավստահություն։

- Սուբյեկտիվ կարծիք եք արտահայտում, ինքնավստահությունը ցանկացած գործունեության ընթացքում պետք ա, էդ պահանջները, նորից եմ ասում, դրանք լրիվ խոսքեր են, հիմնավորված չեն։

- Ինչո՞վ էր պայմանավորված արտակարգ դրության պայմաններում արագացված կարգով նիստ անելը եւ Սահմանադրական դատարանի «հարցը լուծելը», որն ընդդիմությունը համարում է հակաօրինական գործողություն եւ սահմանադրական կարգի տապալում։

- Դրան գնահատական տրվել ա եւ կտրվի կառույցների կողմից՝ սա օրինակա՞ն էր, թե՞ չէ, իսկ Սահմանադրական դատարանի խնդիրը լուծելն օրակարգային էր։ Մենք սահմանադրական փոփոխությունների հանրաքվե էինք նախաձեռնել, որն արտակարգ իրավիճակի պայմաններում անցկացնել չէինք կարող, եւ մենք գտել ենք հարցի էսպիսի լուծում։

- Ինչ-որ մտավախությո՞ւն ունեք Ռոբերտ Քոչարյանի գործով, որ ՍԴ-ն կարող է այնպիսի որոշում կայացնել, որը ձեր շահերից չբխի։

- Ես չունեմ նման մտավախություն, ավելին՝ քաղաքական դաշտում չեմ տեսնում էն մարդը, որից մտավախելու խնդիր ունենք, որովհետեւ մենք ընտրվել ենք ժողովրդի կողմից եւ ժողովրդին ներկայանում ենք մեր նախընտրական ծրագրի իրագործումով։

- Այդ դեպքում ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ուժեղացրել իր անվտանգությունը, ամենուր դիպուկահարներ են նրան հսկում, եւ նույնիսկ Սերժ Սարգսյանի ժամանակ այդ աստիճանի չէր։ Ումի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը։

- Չեմ նկատել նման բան, Նիկոլ Փաշինյանին էլ ճանաչելով՝ գիտեմ, որ ինքը ոչնչից չի վախենում, առավել եւս՝ էսօր։

- Իշխանությունից հեռանալո՞ւց էլ չի վախենում։

- Բացարձակապես։ Ինքը բազմիցս հայտարարել ա, որ ինքը իշխանությունից հեռանալու, իշխանությունից կառչելու որեւիցե խնդիր չունի։ Նիկոլ Փաշինյանն էսօր վարչապետ ա ժողովրդի կամքով։

- Ասում են՝ այն պատգամավորները, որոնք կողմ են քվեարկել սահմանադրական փոփոխությունների նախագծին, վաղը կանգնելու են քրեական պատասխանատվության առջեւ եւ դատապարտվելու են ազատազրկման։

- Դա ո՞վ ա որոշել։ Պատգամավորն ընտրելով, քվեարկելով կարող ա քրեական պատասխանատվությո՞ւն կրի։

- Եթե ապացուցվի, որ դա սահմանադրական կարգի տապալմանն է ուղղված՝ հնարավոր է։

- Եթե ապացուցվի, մենք պատրաստ ենք պատասխանատվություն կրել։ Ազգային ժողովի պատգամավորը քվեարկության մասնակցելով պատասխանատվության ենթարկվի՝ շատ ծիծաղելի է։ Իսկ եթե մեր ընդդիմադիր ուժերը դրա մեջ որեւէ ընդդիմադիր բան էին տեսնում, թող բարի լինեին նիստին մասնակցեին ու մեզ հակառակն ապացուցեին։

- Իրենք նիստին մասնակցում են, փորձում են հակառակն ապացուցել, բայց ենթարկվում են ծեծի, բռնության։

- Էդ բռնությունն ու ծեծը փոխադարձ ա եղել։

- Այսինքն՝ Էդմոն Մարուքյանն էլ ձե՞զ է փորձել ծեծել կամ բռնության ենթարկել։

- Իհարկե, Սասուն Միքայելյանին խփել ա․․․

- Բայց չի ծեծել նրան, չէ՞։

- Խփել ա, ի՞նչ տարբերություն։

- Հետո նաեւ Դուք եք մասնակցել Մարուքյանի ծեծին։

- Մասնակցել ենք կոնֆլիկտին, այո։

- Կարո՞ղ է նաեւ դրանով էր պայմանավորված, որ Էդմոն Մարուքյանը որոշեց գոնե այս փուլում չմիանալ ԲՀԿ-ի նախաձեռնած՝ ՍԴ դիմելու գործընթացին, կարո՞ղ է այդ ծեծն է ազդել, որ Մարուքյանը սկսել է ձեզ քիչ ընդդիմանալ։

- Էդ կխնդրեի Մարուքյանից հարցնեք, ես չեմ կարա կարծիք արտահայտեմ։

- Դուք չե՞ք ուզում ունենալ ուժեղ ընդդիմություն։

- Շատ ենք ուզում։

- Այդ դեպքում ինչո՞ւ եք պարբերաբար «բամփում» ընդդիմությանը, որ չուժեղանա։

- Մենք ընդդիմությանը չենք «բամփում», մենք էդ ընդդիմությանն առաջարկում ենք քաղաքական խոսակցություն։ Այն, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Ազգային ժողովը քննարկում ա անում, եւ ընդդիմադիր ոչ մի ուժ չի մասնակցում, հենց դա խոսում ա, որ ընդդիմությունն ասելիք չունի։ Ընդդիմությունը ցանկություն ունի, ինչպես հայտարարեց պարոն Մարուքյանը, որ Հայաստանի հաջորդ իշխանությունն իրենք են, եւ ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ պարոն Ծառուկյանը, պահանջում էր կառավարության 100 տոկոս հրաժարականը։ Դա խոսում ա, որ իրենք ուզում են իշխանություն։ Բայց չգիտեն, որ էդ իշխանությունը մեր ձեռքում չի, ժողովրդի ձեռքում ա։