Այսպես էլ ապրում ենք՝ խաբելով ու խաբվելով...

Այսպես էլ ապրում ենք՝ խաբելով ու խաբվելով...

Գոյություն ունի ռուսական մի կիսահեքիաթային անեկդոտ. Պետրոգրադ (ներկայումս՝ Սանկտ-Պետերբուրգ) քաղաքում 1917-ի փետրվարյան իրադարձությունների ժամանակ դեկաբրիստական շարժման (1825 թ.) անդամ ծեր ազնվականը հարցնում է ծոռանը, թե ինչ աղմուկ է փողոցում: «Հեղափոխություն է»,- պատասխանում է ծոռը: «Եվ ի՞նչ են ցանկանում հեղափոխականները»,- հարցնում է ծեր դեկաբրիստը: «Ուզում են, որպեսզի հարուստներ չլինեն»,- հետևում է պատասխանը: «Ինչպես թե,- զարմանում է ծերունին,- մենք պայքարում էինք, որպեսզի չլինեն աղքատներ, իսկ սրանք հակառա՞կն են անում»: Մի քանի տարբերակ ունեցող այս անեկդոտը ներկայացնում է ոչ միայն 20-րդ դարասկզբի ռուսական, այլ 21-րդ դարասկզբի հայկական հեղափոխությունների էությունը: 2018-ի ապրիլին փողոց փակող ու Նիկոլի կողքով քայլող ահելներն ու ջահելները ուզում էին, որպեսզի Նիկոլը կուլակաթափ անի հարուստներին և նրանց ունեցվածքը բաժանի իրենց միջև: Իհարկե, կային նաև նրանք, ովքեր ցանկանում էին, որպեսզի վերանան անօրինականությունը, անարդարությունը, հովանավորչությունը, չինովնիկների բռիությունը և բազմաթիվ նման երևույթները: Բայց, ամեն դեպքում, գերակշռում էին հենց կուլակաթափի կողմնակիցները:

Սակայն Փաշինյան Նիկոլի վարչապետությունը ոչ թե վերացրեց վերը նշված թերությունները, այլև ավելի խորացրեց դրանք և հներին էլ ավելացրեց նորերը: Օրինակ, եթե նախկինների օրոք հանրությունն առնչվում էր հոնավորչության ու «խծբ» (խնամի, ծանոթ, բարեկամ) երևույթի առանձին դրսևորումներին, ապա վերջին երեք տարում այն դարձել է համատարած: Եթե նախկինում «հեռախոսային արդարադատությունը» (երբ դատավորները վերևից զանգով էին վճիռներ կայացնում) գտնվում էր ստվերում, ապա 2018-ի մայիսից այս կողմ Փաշինյան Նիկոլը բացեիբաց է հայտարարում, որ չկա այնպիսի դատավոր, որ չկատարի իր կամքը: Էլ չեմ խոսում իրապես արդարադատություն իրականացնողներին «վնգստացողներ» անվանարկելու մասին: Նախկինում, որքան էլ անօրինակություն տիրեր, որևէ մեկը չէր կարող նույնիսկ մտածել, որ հնարավոր է անօրինական մեթոդներով Սահմանադրություն փոխել:

Փաշինյանական կառավարման համարյա եռամյա ժամանակաշրջանն աչքի է ընկել նաև մանիպուլյացիաներով և ստի ու կեղծիքի գերդոզավորմամբ: Այնպես չէ, որ նախկինում բացակայում էր սուտն ու իմիտացիան, սակայն այն, ինչին ականատես եղանք վերջին երեք տարում, բավարար կլիներ մի քանի տասնյակ տարիների համար: Չեմ խոսում 44 օր «հաղթելու ենք» կարգախոսի և 45-րդ օրվա իրականության սյուրռեալիստական բախման մասին: Հիշատակեմ ընդամենը պետբյուջեն թալանելու վերաբերյալ նախկիններին ուղղված նիկոլական մեղադրանքների և փաշինյանական պարգևավճարների ու համահայկական «Հայաստան» հիմնադրամի ավելի քան 100 մլն դոլարի վատնման երևույթները: Եվ զավեշտը կայանում է նրանում, որ երեք տարի շարունակ չի դադարում փաշինյանական կեղծ թեզի շրջանառումը, թե մենք պետք է մեզ երջանիկ զգանք, որ բարձրաստիճան պետական պաշտոնյաներն ունեն այդ գումարների կարիքը: Եվ զարմանալին այն է, որ կենցաղային մակարդակում հայաստանցին գիտի, որ փողի կարիք զգացող որևէ մեկը ձեռքը գցելու է որևէ հասանելի գումարի: Սակայն հավատում է, որ վաղուց արդեն իրենց հեղինակությունը կորցրած փաշինյանական պաշտոնյաները չգիտես ինչու իրենց իբրև թե մաքրամաքուր ձեռքերը չեն մեկնելու դեպի պետական բյուջեն: Ու այսպես էլ իբրև թե ապրում ենք՝ խաբելով ու խաբվելով… 

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ