Կորոնավիրուսն ինչ-որ իմաստով նաև օգտակար է

Կորոնավիրուսն ինչ-որ իմաստով նաև օգտակար է

Հայաստանն ու հայ հանրությունը ճգնաժամի օրեր են ապրում։ Սա իհարկե ծանր և անցանկալի իրավիճակ է, քանի որ վտանգված են մարդկային առողջությունն ու պետական անվտանգությունը։ Բայց եթե հարցին մի փոքր այլ դիտանկյունից նայենք, ապա կգանք այն եզրակացությանը, որ այս ամենի մեջ նաև ինչ-որ օգտակար տարրեր կան։ Իհարկե խոսքը փիլիսոփայական դիտանկյունի մասին է, իսկ մենք փիլիսոփայելու համար բավականին շատ ազատ ժամանակ ունենք, քանի որ ինքնամեկուսացել և փակվել ենք մեր սենյակներում։ 

Ճգնաժամն ինքնին համակարգային ցնցում է, մարտահրավեր, որի դիմագրավման և չեզոքացման համար պահանջվում են համարժեք մոտեցումներ և լուծումներ։ Միևնույն ժամանակ ճգնաժամը նաև գործիք է, որի միջոցով բացահայտվում են ներհանրային և ներպետական խնդիրները։ Այսինքն, ճգնաժամը առողջացնող և վերամիաստավորող հատկանիշներ ունի, քանի որ դրա բացակայությամբ հնարավոր է և խնդիրներն այդպես էլ քողարկված մնան՝ ներսից քայքայելով և ճահճացնելով համակարգը։ 

Հին հունարեն ճգնաժամ կլինի κρίσις (crisis): Սա էլ իր հերթին գալիս է κρίνω-ից, որը նշանակում է գնահատում եմ, ծանր ու թեթև եմ անում, փորձում եմ ըմբռնել և այլն։ Պրոֆեսոր Ա․ Ստեփանյանն իր դասախոսությունների ընթացքում մեզ սովորեցնում էր, որ ճգնաժամն առաջին հերթին  հին հունարենից եկող հենց այս բովանդակությունն ունի, որի առաջնային նպատակը ինքնահայեցողությունն է։ Այսինքն համակարգային ճգնաժամը մարդկանց ինքնահայեցողության հնարավորություն է տալիս, որի հիմքի վրա էլ կազմակերպվում են համակարգի առողջացման և վերակազմավորման գործողությունները։ 

Այս իմաստով Կորոնավիրուսի առաջադրած ճգնաժամն անշուշտ օգտակար է Հայաստանի Հանրապետության համար։ Այն փաստացի օգնում է մեզ բացահայտել և հասկանալ պետական համակարգի աշխատունակությունն ու շարժունակությունը, մարտահրավերներին ադեկվատ պատասխանելու և ճգնաժամային կառավարում իրականցնելու կարողությունները։ Դրա միջոցով մենք նաև կարողանում ենք գնահատել և դասակարգել  մեր սխալներն ու բացթողումները, ավելին՝ ճգնաժամը նպաստավոր պայմաններ է ստեղծում դրանք չեզոքացնելու և համակարգն էլ ավելի կատարելագործելու ուղղությամբ։ Այսինքն, համաճարակի ճգնաժամից Հայաստանը դուրս կգա էլ ավելի հասունացած և պատրաստված։ 

Այս պարագայում գործում է նաև անգլիացի պատմագետ Ա․ Թոյնբիի մարտահրավեր-պատասխան հարացույցի տրամաբանությունը։ Ըստ այդ հարացույցի հանրույթները մշտապես բախվում են տարատեսակ մարտահրավերների և դրանց տրվող պատասխաններից է կախված տվյալ հանրույթի գոյության հետագա որակն ու ընդհանրապես շարունակականությունը: Այսինքն, համաճարակն ամենևին էլ արտասովոր հայտնություն չէ, տվյալ մարտահրավերի գոյությունն արդեն իսկ օրինաչափ է ու տրամաբանական, քանի որ այն օբյեկտիվ իրականության պարտադրանքն է։ Բայց եթե մարտահրավերի գոյությունը տրամաբանական է, ապա ամենևին էլ պետք չի ենթադրել, թե համարժեք պատասխանն էլ պետք է տրամաբանական լինի, քանի որ հանրույթները երբեմն ի զորու չեն լինում դիմագրավել մարտահրավերներին։ 

Արտաքին մարտահրավերները երբեք չեն կարող վճռական նշանակություն ունենալ այս կամ այն պետության, հանրույթի կամ էլ քաղաքակրթության վախճանի գործում։ Պետության ոչնչացման կամ էլ ճգնաժամի առաջնային պատճառները միշտ ներքին են լինում։ Արտաքին մարտահրավերները միշտ էլ առկա են, և խնդիրն այն է, թե հանրույթը ինչպես է պատասխանում այդ մարտահրավերներին, պատասխանում է, թե՞ ոչ: Եթե հանրույթը կարողանում է ներքին կենսունակություն դրսևորել, ապա ի զորու է պատասխանել նաև արտաքին մարտահրավերներին, իսկ եթե ոչ, ապա տարերային արտաքին աղետը կգա և կուլ կտա այդ հանրույթին, քանի որ վերջինս ներքին անկայունության ու թուլության պատճառով ի զորու չէ դիմագրավել արտաքին աշխարհի տարերքներին։ 

Թոյնբիի հարացույցի համատեքստում կարող ենք պնդել, որ Հայաստանն ու հայ հանրությունը իսկապես կենսունակ են և չափազանց հասուն։ Փաստացի համակարգը կարողանում է դիմադրել մարտահրավերին, ինչը վկայությունն է այն պարզ իրողության, որ վերջին երեսուն տարիներին մենք կարողացել ենք կայացած պետություն և պետական ավանդույթներ ստեղծել, անկախ այն հանգամանքից, թե ով կլինի կառավարման ղեկին։