«Հրապարակ». Եկել եմ՝ ասեմ, որ Արցախը չի կարող չլինել Ադրբեջանի կազմում

«Հրապարակ». Եկել եմ՝ ասեմ, որ Արցախը չի կարող չլինել Ադրբեջանի կազմում

Ոստիկանական բազմաշերտ պատնեշով շրջապատված խորհրդարանում երեկ հերթական անգամ մեկ դերասանի թատրոն էր` ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամն օգտագործվեց հանրության ականջներին լապշա կախելու համար։ Նիկոլ Փաշինյանը  նոր մեղավոր հռչակեց՝ ի դեմս ԵԽ նախագահ Շառլ Միշելի, որի հայտարարությունից երեւում է, որ Արցախի կարգավիճակի հարցը գրվել է սառույցին, կողմերը բանակցում են «Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների եւ անվտանգության» ապահովման շուրջ։ Ասաց, թե իրականում իր եւ Ալիեւի միջեւ համաձայնություն չի կայացել՝ Միշելը յուրովի է ներկայացրել իրավիճակը։ Սակայն պատասխանելով պայմանավորված հաջորդ հարցին՝ տողատակերում հասկացրեց, որ Արցախը չի կարող չլինել Ադրբեջանի կազմում, եւ դրանում մեղավոր են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որոնք ընդունել են մադրիդյան սկզբունքները։ «Ասում են՝ հայկական նարատիվը միշտ եղել է այն, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում ու սահմանված կարգով՝ հանրաքվեով, դուրս է եկել Խորհրդային Ադրբեջանի կազմից։ Հիմա գնանք դեպի 2007 թ․, երբ ՀՀ-ն, որպես բանակցային կարգավորման հիմք, ընդունում է մադրիդյան սկզբունքները, որտեղ ասվում է, որ ԼՂ ապագա կարգավիճակը պետք է որոշվի ապագայում կայանալիք հանրաքվեի միջոցով։ Սա նշանակում է, որ հայկական կողմը այդ հենքն ընդունելով՝ ապալեգիտիմացրել է արդեն իսկ գոյություն ունեցող հանրաքվեն։ Երբ որ հայկական կողմն ընդունել է, որ այդ ապագա հանրաքվեն պետք է տեղի ունենա Ադրբեջանի հետ փոխհամաձայնության պայմաններում, ինքը կտրել է այն ճյուղը, որի վրա մենք բոլորս նստած ենք եղել։ Եթե մենք արդարացիորեն ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, բա էլ ինչո՞ւ ենք Ադրբեջանի հետ քննարկում նոր կարգավիճակ ստանալու հարցը։ Դա հերիք չէ, մի հատ էլ ասում ենք, որ իր հետ համաձայնեցված պայմաններում պետք է դա տեղի ունենա։ Մադրիդյան սկզբունքներն ընդունելով, այսինքն, Հայաստանի այդ կառավարությունը, որի ներկայացուցիչներն այսօր քաղաքում խցանումներ են առաջացնում, Ադրբեջանին վետոյի իրավունք են տվել Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում։ Մադրիդյան սկզբունքների նախաձեռնության հեղինակը կամ համահեղինակը հայկական կողմն է»,- ասաց Փաշինյանը:

Ի դեպ, սա այն «սենսացիոն բացահայտումն» էր, որը նա խոստացել էր նախորդ հարցուպատասխանի ժամանակ, երբ ընդդիմադիրներն իր հրաժարականի ուղերձը հնչեցնելուց հետո հեռացան դահլիճից, իսկ Փաշինյանը հեգնեց, թե փախան, որովհետեւ պատրաստ չէին լսել սենսացիոն բացահայտումը։ Ապա ավելի բացեց փակագծերը՝ ասելով․ «Մենք հիմա ամեն հնարավորն անում ենք, որ ԼՂ հայության իրավունքները, անվտանգությունն ու կարգավիճակի հարցը լուծվի, բայց մենք ասում ենք, որ մեր օրակարգի վերեւում խաղաղությունն է, մենք մեր առաջ խնդիր ենք դրել՝ հաստատել խաղաղություն։ Խաղաղության դարաշրջան բացելու ճանապարհին ընկնելու ենք, բայց վեր ենք կենալու։ Մեզ հայհոյելու են, դավաճան են ասելու, տականք են ասելու, սրիկա են ասելու, ինչ ասես՝ ասելու են, բայց մեզ մեր նպատակից չեն շեղելու»։ Ապա խոստովանեց, որ օրակարգում Տավուշի 7 գյուղերի եւ Տիգրանաշենի հարցն էլ կա։

«Բրյուսելում անկլավների հարց չի քննարկվել, բայց Ադրբեջանն այդ հարցն ակնարկով կամ ուղիղ բարձրացնում է»,- ասաց նա՝ հող նախապատրաստելով անկլավների հանձնման համար։
Հարցուպատասխանի ամենաեղկելի հատվածը պայքարի բովով անցած երբեմնի ՀԱԿ-ական Արուսիկ Ջուլհակյանի ու Փաշինյանի երկխոսությունն էր։ Տիկինը «քաղաքական կրկես» որակեց ընդդիմադիրների պայքարը, իսկ Փաշինյանը, որը ժամանակին 10-20, լավագույն դեպքում՝ 50 հոգանոց բողոքի ակցիաներ էր անում Օպերայում եւ ունակ չէր անգամ խցանումներ առաջացնելու, ասաց, թե պայքարը  քաղաքական չէ, այլ՝ լոգիստիկ։ «Խոսելով ընդդիմության գործողությունների մասին, իրականում խոսում ենք քաղաքի երթեւեկության, խցանման աստիճանի մասին։ Այն, ինչ տեղի է ունենում, իր քաղաքական ու հանրային նշանակությամբ մի փոքր զիջում է Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզմանը․․․ Չկարողանալով իշխանությանը մինչեւ քոքը մաշացնել՝ այդ ուժը մաշեցնում է իրեն` չպետք է խանգարել»։