Փաստորեն, Պուշկինը ճի՞շտ էր․ Ты трус, ты раб, ты армянин!

Փաստորեն, Պուշկինը ճի՞շտ էր․ Ты трус, ты раб, ты армянин!

Հարցազրույց գրող Լեւոն Ջավախյանի հետ

- Պարոն Ջավախյան, արդեն 5-րդ օրն է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը շրջափակված է Ադրբեջանի կողմից։ Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է իրականում Ադրբեջանի ուզածը, արդյո՞ք միայն հանքերի խնդիրն է, թե՞ վերահսկողություն ստանալով Լաչինի միջանցքի վրա, ուզում է լուծել նաեւ Զանգեզուրի միջանցքի հարցը։

- Պատճառը թուրքն է, մենք շրջապատված ենք թուրքական աշխարհով, սա դեռ նախերգանքն է, ամենամեծ դժվարությունները դեռ առջեւում են, իրենց հիմնական նպատակը, որ Զանգեզուրի միջանցքը բացվի, իրենց համար դա գուցե ավելի կարեւոր է, քան Արցախը, որովհետեւ դա ավելի շատ հետաքրքրում է բուն Թուրքիային, քան Ադրբեջանին։ Ալիեւը սոսկ Էրդողանի մանկլավիկն է, այնտեղից ինչ հրահանգներ ստանում է, նա էլ անում է, քանի որ խնդիր է դրված՝ թուրանական աշխարհ ստեղծել։ Ալիեւն էլ, բեղերը սրած, քիթը տնկած, ընկել է այդ պեչենու բաղերն ու խաղում է, հատկապես որ ձիու վրա է, ու այս ամենը լրիվ պատրվակ է։ Շատ կուզենայի, որ այս խաղը որպես խաղ էլ ավարտվեր, եւ թաքուն հույս եմ փայփայում, որ Ալիեւը հայտնվի կոտրած տաշտակի առաջ, որովհետեւ շատ են լկտիացել, ինչ-որ կերպ պիտի պատժվի ու եթե ոչ մեր, ապա գոնե ուրիշի ձեռքով։ Մենք ուրիշ ճար չունենք եւ ուրիշ խաղ էլ չունենք, մեր հիմնական խաղն ու ճարը պատերազմին պատրաստվելն է, ուզես թե չուզես։ Եթե մենք չբռնենք պատերազմի կոկորդից, ինքը կբռնի մեր կոկորդից, ու կխռխռանք։ Պատերազմի վերահաս վտանգը կա․․․

- Այսինքն, սա ոչ միայն շրջափակում է, այլ նաեւ պատերազմի սկիզբ․․․

- Այո, պատերազմի շունչը զգացվում է, ու սա նոր պատերազմի նախերգանք է։ Սրանով շոշափում են տրամադրությունները, թե ինչպես կարձագանքեն Արեւմուտքը, Ռուսաստանը կամ «առաջավոր» Եվրոպան։ Ուզում են հա՛մ պատերազմ ոթել, հա՛մ էլ աշխարհի առաջ արդար ազգ լինեն։ Ինչպես Չավուշօղլուն էր ասում՝ Ադրբեջանի պահանջն արդար է, այսինքն՝ Թուրքիայի պահանջն է՞լ էր արդար, որ եղեռն արեց․․․։

- Մեր իշխանություններն էլ իրենց հայտարարություններով կարծես նպաստում են այդ պահանջի լեգիտիմացմանը, պարբերաբար ասում են, որ Հայաստանը նախկինների օրոք Արցախը վաղուց է ճանաչել Ադրբեջանի կազմում:

- Ես մի բան կասեմ, ում օրոք ինչ կատարվում է, նա էլ դրա պատասխանատուն է, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի օրոք ինչ-որ հանցագործություններ են եղել ու չեն բացահայտվել՝ իրենք են պատասխանատու, եթե Նիկոլի ժամանակ հողեր են տվել ու շարունակում են տալ՝ էլի իրենք են պատասխանատու, պարզապես սա նաեւ ժողովրդին փչացրեց, Աստված կավից մարդ ստեղծեց, սա մարդուց կավ է սարքում ու ակամայից գնում ընկնում եմ փեչենու բաղերը, ինչո՞ւ ենք Պուշկինին դատափետում, որ գրել է Ты трус, ты раб, ты армянин!..., փաստորեն, ճիշտ էլ ասվել է, հայի մեջ կա ե՛ւ Նժդեհ, ե՛ւ ստրուկ։ Ու հիմա այդ տեսակն ավելի է շատացել։ Ես էլ շատ եմ հիասթափված, փաստորեն, թուրքն ավելի շատ է հայրենիք սիրում, քան հայը, թուրքը հող է սիրում, մենք՝ փող, մենք փողին տրված՝ հայրենիք ենք կորցնում, իսկ հողը հայրենիքի նախասկիզբն է, մեր ոտքի տակից հողը գնում է՝ մեր հեչ պետքը չէ, իսկ այդպիսի հային ստեղծել է Նիկոլը, այդպիսի հայի միջին թվաբանականն էլ Նիկոլն է։ Այս մարդը միակ բանը, որ հանճարեղ ձեւով անում է, աթոռին կառչելն է, ծամոնը ո՞նց է մի տեղ կպչում ու պոկ չի գալիս, նույն ձեւով էլ ինքն է աթոռին կպել, այստեղ նա անգերազանցելի է, իսկ մնացած գործերի վրա ինքն ու իր կինը թքած ունեն, ով ոտքը ոտքին գցած՝ մոմի լույսերի ներքո ֆուտբոլ է նայում, այն ժամանակ, երբ Արցախում շրջափակված վիճակ է․․․

- Ինչո՞վ եք բացատրում տիկնոջ այդ պահվածքը, այն էլ՝ այս օրերին։  

- Իրենց հոգեկերտվածքով․․․, «գյորմամիշ» են, ժողովուրդն ասում է՝ չտեսավ պատից կախ, մեկ էլ տեսավ ճակատից կախ․․․ այդտեղից սկսվում է ամենը։ Իրենք անկիրթ են, տգետ, բա ինչո՞ւ նախկին առաջին տիկնանց հասցեին ինչ էլ որ ասվում էր, այդ ասեկոսեները նրանց չէին կպչում, իսկ սրան ամեն ինչ կպչում է․․․ որովհետեւ անծուխ կրակ չկա։ Ո՞նց կարելի է «ժանտախտի պահին» այդպես քեզ պահել։

- Արցախը շրջափակումից դուրս բերելու համար ամեն ջանք արվո՞ւմ է, լինի դա պետական, թե սովորական քաղաքացիական մակարդակում։

- Մեր ժամանակ մայիսի 1-ին բոլոր էրեխեքին՝ աղքատ, թե հարուստ, նոր շորեր էին հագցնում։ Մի անգամ մորս հարցրի, թե ինչու հիմա նման բան չեն անում, ասեց՝ է, տղա ջան, մարդկանց սիրտը կոտրած ա․․․, հիմա սրա ամենամեծ «հաջողությունն» այն է, որ կոտրել է մարդկանց սիրտը, իսկ ջարդված սրտով մարդիկ ի՞նչ պիտի անեն, ինչ էլ անում են՝ ձեռքի հետ ․․․ ո՛չ ոգեշունչ միտինգներ են արվում, ո՛չ համախմբում կա, անսիրտ ժողովուրդ է դարձել, մի ամորֆ զանգված, չկա այն անհատը, որ համախմբի այս ժողովրդին։ Կոտրած սրտով ի՞նչ անենք, բալա ջան։

- Բայց մարդիկ չե՞ն հասկանում, որ հիմա արդեն Արցախի հարցը չէ, այլ՝ Հայաստանի, որի ճանապարհները, անկախությունն ու անվտանգությունը եւս վտանգված են։ Մարդիկ ինչի՞ վրա են հույս դրել։

- Այսօրվա պայմաններում հայի սահմանն իր ընտանիքն է, օջախը, մի հատ փորձի իր ընտանիքին կպնել՝ «մամադ կլացացնի», բայց իր տնից դուրս է գալիս ու կարող է արդեն վերելակը, շքամուտքը կեղտոտել, այսինքն՝ այդտեղ իր հայրենիքն ավարտվում է։ Մենք ընտանիք, օջախ սիրող մարդ ենք, բայց դրանից այն կողմ չենք գնում եւ պետությունը չենք ընկալում, այսինքն՝ պետություն կերտող, ստեղծող չենք։ Պետական զգացողություն չունենք, Արցախում այսպիսի վիճակ է, բայց իրենք այստեղ հանգիստ իրենց առեւտուրն են անում, բայց որ էդ կրակը կարող է գա, իր փեշին կպնի, այդ գիտակցությունը չկա։ Հետո գիտեք՝ դեռ Նիկոլին պաշտողներ կան, երեկ մեկը եկել ինձնից արծաթի ջարդոն է առնում, հետո քաղաքականությունից խոսեցինք, մեկ էլ զգաց, որ ես մերժում եմ Նիկոլին, ասաց՝ այլեւս քեզնից արծաթ չեմ առնի․․․։ Հիմա դու այդ մարդուց կամ մարդկանցից ի՞նչ ես սպասում․․․ Բայց նաեւ վերջերս ինձ մոտ էր եկել մի ճանաչված մտավորական՝ համաշխարհային մասշտաբով, ասաց՝ Լեւոն, գիտե՞ս ահավորը որն է՝ ես աշխարհի ամենադժբախտ մարդը կլինեմ, եթե մեռնեմ, սա՝ էս չարիքը, մնա․․․։ Հիմա ես էլ աշխարհի ամենադժբախտ մարդկանցից մեկն եմ, օրերս քենուս տարին էր, 25 հոգի նստած էր սեղանի շուրջ, վերջում, երբ խմեցին, ու կոկոները տաքացան, սկսեցին քաղաքականությունից խոսել, հաշվեցի ու տեսա, որ 25-ից 23-ը նիկոլական են․․․ ի՞նչ է սպասվում այս ժողովրդին․․․

- Զարմանքով նշեցիք, որ ժողովրդի մեջ դեռ Նիկոլ Փաշինյանին կուրորեն հավատացողներ կան, իսկ ո՞նց եք վերաբերվում մտավորականության այն շերտին, որոնք պատերազմից հետո էլ լուռ կամ բացահայտ ձեւով աջակցում են նրան։

- Մերուժան Տեր-Գուլանյանի վերջին հարցազրույցն իմ դուրը շատ եկավ, ասաց՝ մտավորականություն չկա, կա մտավորական, եթե մտավորականություն է լինում, վեր է ածվում ոհմակի, եւ այդ ոհմակը կարող է Չարենց սպանել։ Կան ինտելեկտուալ մարդիկ, բայց զարմանալին այն է, որ նրանց մի մասը կա՛մ լռում է, կա՛մ քծնում, շողոքորթում է։ Ում համարձակությունը պակասում է, լռում է, բայց մարդ էլ կա, որ շահի զգացողությունն այնքան շատ է, որ արտահայտվում է ու սիրաշահում։ Ես ի՞նչ ասեմ Հակոբ Մովսեսի մասին, որ Նիկոլը երկիրը քանդում է, հողերը պատառ-պատառ տալիս է, ինքն ասում է՝ ժողովուրդը Նիկոլի գործողությունների մեջ պետություն տեսավ․․․ ակամայից մտաբերում ես Փանջունու երեխա ժամանակը, երբ խաղալիքը գետնովն էր տալիս՝ կոտրում, ասում են՝ ի՞նչ ես անում, ասում էր՝ սարքում եմ։ Սա էլ հայ մտավորականի չափահաս տեսակն է։ Կամ՝ Նիկոլայ Ծատուրյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Տիգրան Մանսուրյանը․․․ երկիրն իրենց աչքի առաջ քանդվում է 88-ի երկրաշարժի նման՝ նրանք լռում են՝ բերանը ջուր առած։ Արտավազդ Փելեշյանը, որ հանճարեղ ռեժիսոր է, անհասկանալի լռությամբ, մինչեւ ե՞րբ պիտի իր եւ մեր կյանքը մոնտաժ անի․․․։ Ինձ նաեւ հուզում է մեր երիտասարդ գրողների պահվածքը, հատուկենտ գրողներ կան՝ Հուսիկ Արան, Վահե Արսենը, Նառա Վարդանյանը, ջահել չէ, մի քիչ ահել է, բայց քեֆս շատ է բերում Խաչիկ Մանուկյանը, ովքեր խոսում են, որոնց սիրտը պայթում է․․․։ Ով իմ հայրենիքի, իմ ժողովրդի հետ չէ, նա իմ ընկերը չէ, նա վաղվա հայն էլ չէ, նաեւ՝ վաղվա պոետն էլ չէ․․․ մեզնից շուտ մեռնում է մեր վաղվա օրը․․․

- Այսինքն՝ չի՞ լինելու «չարի վերջ»․․․

- Չարի վերջը միայն հեքիաթում է բարի լինում, կյանքում լինում է նիկոլ փաշինյան․․․