Ընտրությունները վերածվել են թաղի ապերոների ռազբորկայի

Ընտրությունները վերածվել են թաղի ապերոների ռազբորկայի

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 26 քաղաքական ուժերի նախընտրական ցուցակներում ընդգրկված են նաեւ արվեստի, մշակույթի գործիչներ: «Մեր տունը Հայաստանն» է կուսակցության ցուցակի 11-րդ համարը դերասան Արտաշես Ալեքսանյանն է, ով հանրությանը ծանոթ է Գարեգին Նժդեհի դերից։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ չէր ցանկանա երբեւէ քաղաքականությամբ զբաղվել, բայց վերջին իրադարձությունները ստիպեցին նման որոշում կայացնել. «Քանի որ այսօր շատ մոտ ենք պետականության վերացմանը, մեր ինքնությունը կորցնելուն, ուստի որոշեցի քաղաքականություն մտնել եւ իմ ուժերի ներածին չափով ուղղորդել մեր հանրությանը, ժողովրդին եւ ազգին, որպեսզի կարողանան ճիշտ ճանապարհով գնալ ու նաեւ ճիշտ ընտրություն կատարել»:

Ո՞րն է ճիշտ ճանապարհը` իրենց կուսակցությանն ընտրե՞լը։ «Վերջին 30 տարվա իրադարձություններն ապացուցեցին, որ ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը փաստացի ունակ չեն ստանձնել պատասխանատվություն՝ հաղթահարելու այս համակարգային ճգնաժամն ու հակամարտությունը: Ելնելով այդ իրավիճակից ու նաեւ գիտակցելով պատասխանատվությունը մեր ազգի, սերունդների, հայրենիքի առաջ՝ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը որոշեց այդ ծանր, դժվար բեռը վերցնել իր ուսերին, հանձին մեր կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանի»: 

Այս ընտրություններին ռեկորդային թվով` 26 քաղաքական ուժ է մասնակցում, եւ խոստումներ տալիս են բոլորը․ հունիսի 20-ին ինչպե՞ս պետք է կողմնորոշվի ընտրողը։

«Պետք է նախ բոլոր այդ կուսակցություններն ունենան ազգային գաղափարախոսություն, որովհետեւ առանց դրա ազգը չի կարող գոյատեւել: Եթե մենք իրականում ուզում ենք ԱԺ-ում ունենալ լավ քաղաքական «պալիտրա», մենք՝ որպես ժողովուրդ, պետք է հասկանանք, որ բոլորի փարոսը եւ յուրաքանչյուրի նպատակը պետք է լինի ազգային գաղափարախոսությունը: Այսինքն՝ առաջնահերթ մեր խնդիրը պետք է լինի մեր տեսակի պահպանումը, անվտանգության հարցը, հետո նոր՝ մեր հայրենիքի, ժողովրդի բարեկեցության ու բարգավաճման հարցը»: 

Ալեքսանյանից հետաքրքրվեցինք` ներկայիս իշխանությունն ի վիճակի՞ է լուծել երկրի առջեւ ծառացած անվտանգության խնդիրները, եւ ի՞նչ տպավորություն է ստանում իրականացվող նախընտրական քարոզչությունից։ «Այն քարոզչությունը, որ քաղաքացին պետք է ընտրի վատի ու վատթարագույնի միջեւ, սխալ մոտեցում է, ավելին` նման հասկացություն գոյություն չունի, այդպես մոլորեցնում են հասարակությանը: Այսօր ընտրությունը միայն վատի ու վատթարագույնի միջեւ չէ, կան ուժեր, որոնք շատ առողջ մտածելակերպով են մոտենում այդ հարցին, այլ հարց է, թե հասարակության աչքին ու ականջին ինչ թոզ կփչեն: Գիտե՞ք ինչի են վերածվել այս ընտրությունները, գոնե այս 2 օրվա քարոզարշավի պատկերով՝ թաղի ապերոների ռազբորկայի, մինչդեռ մեր գլխավոր խնդիրը մեր հայրենիքն ու պետականությունն է, բայց մեր գլխավոր խնդիրը թողած՝ ընկել ենք ռազբորկաների հետեւից: Ու սա բոլորին է վերաբերում` վերջին 30 տարիներին եղած-չեղած իշխանավորներին ու կառավարություններին։ Եղբայր, եթե կարող էիք մի բան անել, անեիք, ո՞վ էր ձեր ձեռքը բռնել, բոլոր հնարավորությունները տրված էին անելու, ոչ թե հիմա դուրս գաք փողոց ու մեկդ մյուսին վիրավորեք: Մեր կուսակցության նպատակը հենց բոլորին միավորելն է` աշխարհի ողջ հայությանը, եւ ոչ թե սերմանել թշնամություն, բաժանել սեւ ու սպիտակի։ Մենք փոքր ազգ ենք եւ պետք է կարողանանք առողջ մտածելակերպով պրոֆեսիոնալ մարդկանց բերել Հայաստան, որպեսզի մեր երկիրը փրկենք այս հորձանուտից»: 

Դերասանը, եթե անցնի խորհրդարան, իր անելիքը տեսնում է մշակույթի ոլորտում, բայց հնարավոր է նաեւ հրաժարվի մանդատից, «որովհետեւ հնարավոր է ավելի գիտակից, բանիմաց եւ պրոֆեսիոնալ մարդիկ լինեն, իմը թատրոնն ու կինոն է, ես ճարահատյալ եմ մտել քաղաքականություն, որպեսզի կարողանամ ինչ-որ բանով օգտակար լինել մեր պետականությանը, հայրենիքին, ազգին, ժողովրդին»,- ասում է Ալեքսանյանը:  

«Մի պահ պատկերացրեք, թե վերջին 30 տարիներին ինչ է կատարվել մեր երկրում, այսօր մենք ականատես ենք դրա հետեւանքներին, ավելին` թե՛ պատճառը, թե՛ հետեւանքները պետք է այդ 30 տարիների մեջ ման գանք, ոչ թե միայն վերջին 3 տարիների: Այս ամենը մեկը մյուսի հետ փոխկապակցված բաներ են: Մարդուն ի վերուստ տրված է տեսնելու, լսելու, խոսելու ունակություն, բայց շատ ժամանակ մարդիկ ընկնում են էմոցիաների գիրկը եւ չեն ընկալում ասածները: Մարդիկ մեծ խաղ են խաղում եւ բառերով զոհասեղանին են դնում իրենց ընտանիքը, ընկերներին, հարազատներին, հետո ասում են՝ վենդետա է լինելու, բայց` քաղաքական: Այդ «քաղաքականը» ժողովրդին հետաքրքիր չէ, եւ նա չի էլ լսում վերջում ասված «քաղաքական» բառը: Այս միտինգներին բառախաղերը շատ են, պետք է աչալուրջ լինել ու միշտ ոտքի վրա, ինչպես Ավ. Իսահակյանն է ասում` սուրը ձեռքիդ, որ քեզ չլքի եւ չհոշոտի թե՛ բարեկամդ, թե՛ թշնամիդ: Դարերի ընթացքում մեր թշնամիներին չի հաջողվել մեզ պառակտել, բայց 30 տարվա ընթացքում հաջողեցրին պառակտել մեզ ու մեր ազգը, թունավորել, սերմանել դավաճանություն եւ ատելություն մեկը մեկի նկատմամբ: Սրանով գաղտնի մի ծրագիր իրականացվեց մեր հայրենիքի հանդեպ, արժեզրկեցին հերոսներին, հայոց ընտանիքը, վերացրին ինքնությունը, գողացան սերունդների հավատը, այլանդակություն սերմանեցին մեր հասարակության մեջ ու սկսեցին պառակտել: Դրա համար այսօր ունենք այն, ինչ ունենք»: 

Արտաշես Ալեքսանյանը, ով կինոյում մարմնավորել է նաեւ Գարեգին Նժդեհի կերպարը, ասում է, որ հիմա առավել, քան երբեւէ, պետք է կարդալ Նժդեհ. «Պատմությունը կրկնվում է, ու եթե հիմա Գարեգին Նժդեհը լիներ, նույն բանը նաեւ այսօր կասեր. Իմ հոգին երկու հենարան ունի` հայրենիք եւ Աստված»: