Թե ինչ եղավ, երբ Նիկոլի ու Սերժի նկարները դրվեցին կողք կողքի

Թե ինչ եղավ, երբ Նիկոլի ու Սերժի նկարները դրվեցին կողք կողքի

Երբեմն այս ու այնտեղից, կարծում եմ իշխանության ուղղորդմամբ, գրվում է, որ Նիկոլ Փաշինյանը նախկինների պրոյեկտն է։ Երեկ այդ մասին կրկին բարձրաձայնեց Սուրեն Սուրենյանցը․  «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, բայց դա հնարավոր չէ, քանի դեռ նրան միացված է Ռոբերտ Քոչարյան- Սերժ Սարգսյան անունով «արհեստական շնչառության» սարքը»:

Ընդամենը մի բան հիշեցնեմ։ Երբ 2018-ին Նիկոլ Փաշինյանը իշխանության բերվեց, մի հոդված էի գրել, որտեղ Նիկոլ Փաշինյանի ու Սերժ Սարգսյանի նկարները դրել էի կողք կողքի։ Թե ինչ եղավ դրանից հետո, անհնար է պատկերացնել։ Անասելի  հարձակում սկսվեց ինձ դեմ։ Այնպիսի հայհոյանքներով, անպարկեշտ արտահայտություններով, ստահոդ գնահատականներով, սպառնալիքներով, որպիսին կարող են անել միայն  «փրկիչի կիսախելագարված երկրպագուները»։ Ասեմ, որ ես Հանրապետական չէի ու որևէ կուսակցության հետ առնչություն չունեի։ Հայհոյանքի պատճառը մեկն էր՝ ինչպե՞ս եմ համարձակվել «անարատ» Նիկոլ Փաշինյանի նկարը դնել Սերժ Սարգսյանի նկարի կողքին։ Այդ ժամանակ ես մտածում էի, որ այդ մարդկանց ինչ որ դեղ են տվել ու խելագարվել են։ Սկզբնական  շրջանն էր, չէի հասկանում, որ Նիկոլն աշխատեցնում էր ֆեյքերի ֆաբրիկան, որպեսզի նրանք գրգռեն մարդկանց։ Ինչ որ խումբ ֆեյքեր էին հարձակվում, որից հետո հաջորդում էր քաղաքական գործիչների, իրական մարդկանց հարձակումը։ 

Ասելիքս ո՞րն է՝ այն ժամանակ իշխանությանը պետք էր, որպեսզի «սրբացված Նիկոլի» անունը հանկարծ չկապվի նախկին իշխանության հետ։ Նրա համար ստեղծում էին նախկիններից անկախ, «մաքրության տիպար» մի կերպար, որպեսզի այն ինչ այսօր նա անում, հանձնում է, կարողանա լիակատար իրականացնի։ Դա հիմնականում անում էին դրսի այն ուժերը, որոնք նրան իշխանության էին բերել։ Կարծում եմ արդեն պարզ գծագրվում են այդ ուժերը։ 
 Հիմա պատերազմի խայտառակ պարտության ու տարածքների հանձնման ֆոնին, երբ Նիկոլի նկարը դնում եմ Սերժ Սարգսյանի նկարի կողքին, արդեն հակառակն են գրում՝ ինչու՞ այդ կապիտուլյանտի նկարը դնում եք Արցախը ազատագրողի կողքին

։ Այսինքն՝ հիմա Նիկոլին ձեռք է տալիս, որ իր նկարը դրվի Սերժ Սարգսյանի նկարի կողքին և ավելին՝ համեմատություններ անցկացվի նրան միջև։ Եթե նախկինում նրան պետք էր, որ իրեն չփորձեն համեմատել Սերժ Սարգսյանի հետ, այսօր ուղղակի քաղաքական գործիչներ է հանրության մեջ ներմուծում, որպեսզի նրանք ասեն, որ Նիկոլը Սերժի պրոյեկտն է։ Դա նրա համար փրկօղակ է, որպեսզի էլի խաբի մարդկանց։ Նրանք  մտածեն՝ դե եթե Արցախը ազատագրողներն էլ են համաձայն , որ տարածքները տան, ժողովուրդը ի՞նչ կարող է անել։ Սա ժողովրդին խաբելու երկրորդ սոսկալի ձևն է, որով նա փորձում է կառչած մնալ աթոռին։ Ժողովրդի պասիվությունը դրա հետ է կապված։

Հիմա Նիկոլ Փաշինյանը ուղղակի բաց քարոզրություն է անում՝ իր մունետիկների միջոցով՝ ինչքան կարելի է նույնացնել իրեն ու Սերժ Սարգսյանին։ Դա տարածքներ հանձնելու երկրորդ փուլի արդարացումն է։ Դրանով իրականացնում է մեր պետականությունը  կորցնելու ծրագիրը։ Եթե իշխանության գալուց նրան ձեռք էր տալիս ինչքան կարելի է արատավորել Սերժ Սարգսյանին, հիմա նրան հուշում են, որ երկիրը կործանելու կարճ ճանապարհը իր նույնացումն է Սերժ Սարգսյանի հետ։ Զգույշ եղեք,  երկրորդ փուլի ծրագիրն էլ ավելի սոսկալի է ու իրագործվում է իշխանության գործուն մասնակցությամբ։