Ասում են՝ ժողովուրդը մեզ հետ է, բայց, կներեք, դա ինձ համար փաստարկ չէ

Ասում են՝ ժողովուրդը մեզ հետ է, բայց, կներեք, դա ինձ համար փաստարկ չէ

Երեկ տեղի ունեցավ Հանրային խորհրդի նիստը։ Օրակարգում երկու հարց էր, թե ինչու Հանրային խորհուրդը չի քննարկել Արցախի հարցը, որը, ըստ ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանի, պատվիրել է վարչապետ Փաշինյանը, եւ թե պե՞տք է արդյոք Հանրային խորհուրդ առհասարակ, ի՞նչ արդյունավետություն ունի այն եւ այլն։ Արցախի հարցի վերաբերյալ նախ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն էտապ առ էտապ պատմական ակնարկ կատարեց՝ ասելով, որ քննարկման հարց ինքը չի տեսնում, բայց եթե ՀԽ անդամները տեսնում են, ապա հանձնաժողովներում կարող են հարցը քննարկել, բերել Հանրային խորհրդի մեծ օրակարգ։ Հետո անդրադարձավ ՀԽ-ի անհրաժեշտության հարցին։

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ՀԽ-ի գոյությունը չի հասկանում, եւ դրա անհրաժեշտությունը՝ նույնպես, իսկ պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկել էր վարչապետին՝ ազատել այդ պաշտոնից Վազգեն Մանուկյանին։ «Վերջին շրջանում քննարկվում է Հանրային խորհրդի անհրաժեշտ լինել-չլինելու հարցը, հարձակումներ են Հանրային խորհրդի եւ նրա նախագահի դեմ»,- ասաց Մանուկյանը։ Որպես պատճառ՝ նա մատնանշեց, որ վերջին շրջանում ինքը հանդես է եկել ՀՀ նոր իշխանության եւ երկրում տիրող իրավիճակի հասցեին քննադատություններով:

Վազգեն Մանուկյանն ասաց․ «Կարծում եմ՝ ՀՀ-ն այսօր շատ ավելի մոտիկ է 37 թվին, քան ազատության հռչակմանը, եւ այս վտանգը բոլորի շեմին է: Հանրությունը պետք է դիմադրի եւ իշխանությանը բացատրի այդ քայլերի վտանգավորությունը ՀՀ-ի համար: Մենք թուլանում ենք, հետ ենք գնում: Շատ անգամ ասում են՝ ժողովուրդը մեզ հետ է, բայց, կներեք, դա ինձ համար փաստարկ չէ»: Վազգեն Մանուկյանը նաեւ նշեց, որ առաջիկայում ինքն իր ապագայի վերաբերյալ որոշում կընդունի, իսկ այժմ պետք է քննարկել, թե որն է ՀԽ գործունեության անհրաժեշտությունը, քանի որ այդ հարցը վերջերս եւս քննարկվում է տարբեր շրջանակներում:

ՀԽ անդամ, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն էլ ասաց. «Արդյունավետ կարող է լինել առնվազն այն մարմինը, որը կառավարության պատշաճ վերաբերմունքին է արժանանում, օրինակ՝ շենքային պայմաններ: Այդ հարցը դեռ լուծված չէ, բայց ՀԽ-ն աշխատում է: Հենց ՀԽ-ն պետք է դառնա այն ամբիոնը, որտեղ քաղաքակիրթ ձեւով, այլ ոչ թե հայհոյանքով, հարցեր են բարձրաձայնվում: Փողոց փակելը, հայհոյելն ու ճչալն են այսօր արմատավորվում: Որեւէ պաշտոնյա, լինելով անտեղյակ, չի կարող դատապարտել Հանրային խորհրդին, որի արդյունավետությունը պետք է բարձրանա»:

Հանրային խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը զարմանք հայտնեց, որ ընդհանրապես քննարկվում է լինել-չլինելու հարցը: «ՀԽ-ն սահմանադրական մարմին է: Լինի Ալեն Սիմոնյանը, թե որեւէ այլ մեկը, որը կհամարձակվի պահանջել ՀԽ-ից, թե ինչ է արել գործնականում, կարելի է համարել, որ նա ՀԽ գործունեության իմաստը չի հասկանում։ Փոխարենն Ալեն Սիմոնյանը պետք է հարցներ, թե ի՞նչ խորհուրդներ է տվել ՀԽ-ն կառավարությանը, ԱԺ-ին, նախարարություններին, որոնք չեն արվել»։ Հանրային խորհրդի միակ «ընդդիմադիրը» Ստյոպա Սաֆարյանն էր։

Նա իր խոսքում ասաց, որ վարչապետը պատվիրակել էր Արցախի հարցը քննարկել, որպեսզի հայտնի դառնա հանրության շրջանում Արցախի ստատուս-քվոն։ Արշակ Սադոյանը միջամտեց, որ չի կարող բազմակարծիք հասարակությունն Արցախին ստատուս-քվո տալ, ապա տեղերից Սաֆարյանին հուշեցին, որ, հավանաբար, ոչ թե ստատուս-քվոն պետք է ճշտել, այլ այդ հարցի վերաբերյալ հանրային կոնսենսուսը։ Սաֆարյանը համաձայնեց դրան։ Ապա ելույթ ունեցավ նաեւ ՀԽ կրթության հանձնաժողովի նախագահ, կրթության նախկին փոխնախարար, սովետական շրջանի կոմերիտմիության ղեկավար Աիդա Թոփուզյանը։

Նա իր խոսքում, խոսելով էթիկայի մասին, ասաց, որ ՀԽ անդամները պետք է խոսելիս հաշվի առնեն դիմացինի տարիքն ու սեռը։ Ստյոպա Սաֆարյանը տեղից ռեպլիկներ արձակեց, թե պետք չէ դա դրոշակ սարքել, ինչի համար էլ արժանացավ կոշտ պատասխանի․ «Մի ստիպեք, որ ես ուրիշ բաներ ասեմ»,- սպառնաց տիկին Թոփուզյանը, իսկ Սաֆարյանը, հավանաբար տեսնելով, որ ինքը փոքրամասնություն է, լքեց նիստը։

Արդյունքում խորհուրդը որոշեց, որ ՀԽ-ն պետք է երկրին, քանի որ, նախ՝ սահմանադրական մարմին է, ապա՝ քննարկում է հանրությանը հուզող հարցերը, ինչը հետագայում էլ կշարունակի քննարկել։