Մեղադրում եմ

Մեղադրում եմ

Մեղադրում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ հնարավոր արկածախնդրության համար։ Մեղադրում եմ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին՝ հանցավոր անգործության եւ ժամանակը վատնելու համար, Ադրբեջանի հետ ֆինանսատնտեսական համեմատական սանդղակի տասնապատիկ անհամաչափության ձեւավորման դինամիկային լոյալ վերաբերվելու, այսօրվա պատերազմի իրողության ու դրանում ոչ գունեղ սպեկտրի համար։

Մեղադրում եմ Նիկոլ Փաշինյանին՝ հակամարտության փաստը եւ Ռուսաստանի հետ փոխհարաբերության ֆունկցիոնալ կարեւորությունը պարզունակ ռակուրսում դիտելու համար․․․
Հակառակորդի ԱԹՍ-ները դեռեւս մեկնարկում (նրանց իսկ օդային տարածքում) ֆիքսելու եւ ոչնչացնելու, ռազմավարական թիրախներին խորքային՝ մինչ 200 կմ շառավղով եւ մեծ պարագծով միաժամանակ գորգային հարված հասցնելու ունակ անհրաժեշտ քանակի եւ որակի զինտեխնիկա տեղակայելու (պահանջը՝ կա, ծագումը՝ լոկ սպասարկում է պահանջը...) եւ ռազմական դիմակայության բնույթն անշրջելի բեկելու, աշխարհաքաղաքական, դաշնակցային եւ հումանիտար պոզիտիվ ռեսուրսները ներառելու ու խաղաղություն պարտադրելու փոխարեն, Հայաստանի վարչապետն ուղերձ է հղում քաղաքացիներին՝ պաշարել զինկոմիսարիատները կամ ձեւավորել կամավորական ջոկատներ, գնալ առաջնագիծ՝ բեկորային պատերազմի․․․
Եթե ըստ էության, ապա ղարաբաղյան հակամարտության թնջուկը Հայաստանի ազգային եւ պետական անվտանգության անձեռնմխելիության գերակա պարամետրերից է։ Ուստիեւ, խնդիրը խիստ կոնֆիդենցիալ է, իսկ դրա վերաբերյալ մոտեցումների հրապարակային թմբկահարումները, մեղմ ասած, զգացմունքային պոռթկումների դասից են։ Կգրավենք այլ տարածքներ եւս, թե կզիջենք 1 կամ 5 շրջան, բացառապես Հայաստանի եւ Արցախի բարձրագույն իշխանությունների որոշարկման խնդիրն է։ Թերեւս, անբեկանելի է արդեն երեսնամյա տարեգրության միակ փաստը՝ Արցախն այլեւս վարչա-քաղաքական եւ իրավունքի ինքնուրույն միավոր է։
Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրավիճակի ներկա եւ նախորդած զարգացումների գնահատման հայտնի թեզերին անդրադառնալը, նշենք, թերեւս, քաղաքագիտության այբուբենից պարզագույնը՝ քաղաքականությունը երկրաչափություն չէ, եւ եթե դու Ռուսաստանը, ԱՄՆ-ն կամ Չինաստանը չես, ապա դրանում նպատակին հասնելու ամենակարճ ուղին կարող է եւ պետք է լինի բեկյալը։

Փորձենք հպանցիկ անդրադառնալ  (համաձայնել կամ չհամաձայնել) վարչապետի հրապարակած հիմնավորումներին.

1. Ինչի՞ համար է այս պատերազմը։ Ադրբեջանի կողմից  սանձազերծված պատերազմը նպատակ է հետապնդում ուժերի այսօրվա հարաբերակցության ստուգումը, արտաքին միջամտության՝ հատկապես Ռուսաստանի ակտիվության չափորոշումը եւ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հաջորդելիք բանակցություններին շատ ավելի նպաստավոր ստատուս-քվոյի ապահովումը։

2. Կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից։ Այո, եթե կարողանայինք տարածաշրջանում արտաքին գլխավոր խաղացողներից՝ Ռուսաստանի, Եվրոպայի, Չինաստանի եւ Իրանի շահերի նպաստավոր համընկնումը համադրել դիվանագիտական «բեկյալով» ճշգրիտ հաշվարկած քայլերին։ Եթե չսարսափեինք կարգավորման փուլային տարբերակից՝ մարսելով ամենապարզ փաստարկը՝ հայ եւ ադրբեջանցի ժողովրդին համատեղ գոյակցելու համար հարկավոր է, առնվազն, սերնդափոխություն։ Ժամանակը, միանշանակ, կաշխատեր Արցախի օգտին։ Ուզում եմ ընդգծել, որ ընթացող պատերազմով պայմանավորված՝ ներկա իրավիճակում կարգավորման փաթեթային տարբերակի առաջմղման եւ փուլայինի միջեւ ընկած են պատերազմի հանցավոր ձգձգումը եւ նորանոր խեղվող մարդկային ու ընտանեկան ճակատագրերը, հազարավոր մահերը։

3. Կարո՞ղ էինք Ղարաբաղի ընդունելի կամ որեւէ կարգավիճակի հասնել բանակցային ճանապարհով։ Այո, եւ դա միակ հուսալի ու անվտանգ ուղին է։ Եթե կետ 2-ում շարադրվածը վերընթերցենք ներկա ժամանակով, կստանանք գործողության բանաձեւը։

4. Կարո՞ղ ենք արդյոք կանգնեցնել այս պատերազմը։
Պարտավոր ենք կանգնեցնել պատերազմը՝ համաձայնելով Լավրովի առաջարկած կամ մադրիդյան տարբերակին։ Միայն թե, փաստելով հայաշատ բնակավայրերի առկայությունը, կետ 2-ի տրամաբանությամբ, կարելի է (էր) պայմանավորվել 3 շրջանների վերադարձին, մնացած 2-ը՝ «10+» տարի ժամանակային գրաֆիկում (պատերազմի վերքերը իբրեւ թե սպիանալու տրամաբանությանը համաչափ)։
Ուրվագծվող տեսլականում Արցախը ՄԱԿ-ի հովանու ներքո կունենա միջանկյալ կարգավիճակ եւ միջազգային ռեգիստրով ամրապնդված անվտանգության երաշխիք։ Միայն 20-30 տարի հետո անդրադարձ կլինի նրա կարգավիճակի հստակեցմանը։

5. Կարո՞ղ է արդյոք պատերազմը լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Չի կարող։ Կամ՝ կարող է Հայաստանի մասնակցությամբ լայնամասշտաբ պատերազմի եւ, աստված մի արասցե, դրանում Ռուսաստանի ակտիվ մասնակցության պարագայում։ Ռուսաստանը պետք է դիտել միակ եւ բացարձակ գործոն։ Որպես հրատապ գործողություն՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է հարթվեն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բոլոր խոչընդոտները։

6. Կարո՞ղ ենք արդյոք հաջողություններ գրանցել պատերազմում։
Չենք կարող։

Վարդան ՎԱՐԴԱՆՅԱՆ