Հիշելով ու թշնամուն անիծելով, մենք միայն ավելացնելու ենք հիշատակի օրերը

Հիշելով ու թշնամուն անիծելով, մենք միայն ավելացնելու ենք հիշատակի օրերը

2024 թվականի փետրվարի 25-ին, «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի նախաձեռնությամբ, Թբիլիսիում կայացավ խաղաղ երթ` նվիրված Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակին։

Մի խումբ հայեր Վրաստանի, Հայաստանի և Արցախի դրոշներով` Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքից երթով շարժվեցին դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպս. Դավթյանի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ: Սբ. Պատարագին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, դեսպանության աշխատակիցներ, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, թբիլիսահայ մտավորականներ, հասարակայնության անդամներ: 

Եկեղեցում հանդես եկավ Վիրահայոց թեմի առաջնորդը․ «Մենք հիշում ենք՝ Սումգայիթը, ցեղասպանությունը, 44-օրյա պատերազմը, բայց դրանք հիշելով հանդերձ ի՞նչ ենք անում, ի՞նչ քայլ ենք ձեռնարկում, ցավոք սրտի՝ ոչինչ: Մեր ազգն այսօր անառակ որդու նման, վերցնելով մի մասը, որն իր կյանքն է, վատնում է, չի ուզում պահպանել այդ ամենը և միայն հիշելով ու թշնամուն անիծելով, մենք միայն ավելացնելու ենք հիշատակի օրերը: Մենք ուրախանում ենք երբ ինչ-որ մի երկիր դատապարտում է այդ ամենը, բայց դա զրոյական է, երբ փոքր միջատ է ընկնում սարդոստայնը, խճճվում և մնում է, իսկ երբ մեծն է ընկնում` պատռում է այն և դուրս գալիս, հետևաբար, ոչ մի անգամ ուժեղին չեն կարողանա դատապարտել։ Ուժեղին դատապարտելու համար պետք է դառնալ նրանից ուժեղ, իսկ մենք կարծես համակերպվել ենք ամեն ինչին։ Սթափվեք, միավորվեք, որ կարողանանք պաշտպանել այն ամենը, ինչ այսօր ունենք»: 

Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները շարունակվեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում, բացման խոսքով հանդես եկավ «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը, իսկ հետո դասախոսություն կարդաց Ենոք Թադևոսյանը։ Սումգայիթյան ջարդերի վերաբերյալ ֆիլմի ցուցադրությունը լրացրեց Բաքվի նախկին բնակիչը` նա դրվագներ պատմեց այդ օրերի իր և իրեն ծանոթ ընտանիքների վերապրելու մասին։ «Սումգայիթյան ջարդերը մեր պատմության ծանր ու ողբերգական իրադարձություններից է, որի անպատժելիությանը հանգեցրեց 1918թ. Բաքվի ջարդերը, Շուշիի ջարդերը, ապա 1990թ.-ին կրկին Բաքվի ջարդերը, Մարաղայի... Սաֆարովին ազգային հերոսի կոչում տալը` լեյտենանտ Մարգարյանին դաժանաբար սպանելու համար, 44-օրյա դաժան պատերազմը և Արցախի էթնիկ զտումները, պատերազմի ընթացքում այն բոլորիս հայտնի վայրագությունները, որոնց փաստերը շատ են սոցցանցերում, այն յուրաքանչյուրը կարող է գտնել։ Այս ամենը փաստում է այն մասին, որ պետք է դաս քաղել պատմությունից, լինել միասնական ու համախմբվել, որովհետև թուրքը չի փոխվել, իրենց նպատակն է ազատել այս տարածաշրջանը հայերից, և այն ուժերը, որոնք փորձում են մեր ժողովուրդին մոլորեցնել, և համոզել հակառակում, նրանք բոլորը մեր ժողովրդի թշնամիներն են», - իր խոսքում նշեց «Վրաստանի Հայ Հանայնք» ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանը:

Միջոցառումը միասնության կոչով ամփոփեց Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը, ում խոսքը Աստծուն ու Եկեղեցուն մոտ լինելու, չարին, անարդարությանը միասնությամբ և համախմբվածությամբ դիմակայելու հորդոր էր ներկաներին: 

 

Վրաստանի հայ համայնք ՀԿ