Ի՞նչ նպատակ է հետապնդում ԿԳՄՍՆ-ն՝ 2 թատրոնները միավորելով

Ի՞նչ նպատակ է հետապնդում ԿԳՄՍՆ-ն՝ 2 թատրոնները միավորելով

Մշակույթի նախարարությունը պատրաստվում է միավորել Պարոնյանի անվան կոմեդիայի եւ Պետական երաժշտական կամերային թատրոնները։ Սակայն Կամերային թատրոնի ստեղծագործական ու տեխնիկական անձնակազմն ընդդիմանում է՝ նշելով, որ երկու թատրոնները բովանդակային եւ խաղացանկային առումով անհամատեղելի են։

Թատրոնի դերասանուհի Զառա Հակոբյանն ասում է, որ նախօրեին կոլեկտիվը հանդիպել է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի հետ, ով վստահեցրել է, որ իրենց համար, ստեղծագործելու առումով, ավելի լավ պայմաններ են ստեղծում, եւ Պարոնյան թատրոնը մեծ հնարավորություններ ունի հատկապես երաժշտական ուղղվածության թատրոնի համար․ «Մեր թատրոնը տարիներ ի վեր տեխնիկապես չի հագեցել, որ դերասանները հնարավորություն ունենան կենդանի հնչողությամբ երգել եւ ոչ ֆոնոգրամայով, ինչը դերասանների մեղքը չէ: Իսկ տեխնիկան դեռ չի նշանակում թատրոնի համար ստեղծագործելու լավ պայման, եւ, ի վերջո, կարելի է դրա տեղը տեխնիկա ձեռք բերել»։ 

Դերասանուհին ընդգծում է, որ այս փոփոխությունը հղի է անկանխատեսելի կրճատումներով, որը, ի դեպ, թողնում են Պարոնյան թատրոնի վրա։ Իսկ Կամերային թատրոնն ունի 68 աշխատակից, որոնցից 23-ը դերասաններ են։ «Մեզ թատրոնից հանելու պատճառաբանություններից մեկն այն է, որ կան բազմաթիվ տաղանդաշատ ստեղծագործ խմբեր, որոնք հնարավորություն չունեն փորձ անելու, աշխատելու։ Դա շատ ցավալի է, եւ պետք է մտածել սրա մասին, բայց ոչ մեկ այլ կոլեկտիվի հաշվին»,- ասում է նա ու նկատում, որ իրենցից դժգոհություն չունեն, որովհետեւ տոմսերը վաճառվում են, Կամերայինն էլ քաղաքում 2-րդ թատրոնն է, որ խաղում է 20-25 ներկայացում։

«Իրենք գոհ են թե՛ ստեղծագործական, թե՛ ֆինանսական ցուցանիշներից, ստացվում է՝ իրենց միայն շենքն է պետք՝ մեկ այլ կոլեկտիվի համար, դա նորմա՞լ է»,- ասում է Զ. Հակոբյանը, ով չի բացառում, որ մի քանի տարի հետո այս շենքի տեղում վեր խոյանա հյուրանոց կամ նորակառույց:     
Դերասանուհին հետաքրքրվում է՝ արդյոք Պարոնյան թատրոնը պատրա՞ստ է իրենց ընդունել։ «Գուցե մի 10 դերասան մնա Պարոնյանում, բա մնացածներն ի՞նչ անեն, գնան դառնան տաքսու վարո՞րդ, թե՞ հեռանան երկրից, այն դեպքում, որ այնքան նվիրյալ մարդիկ են, որ նրանց ձեռքերի վրա պետք է պահել․ 60-70 հազար աշխատավարձով 30 տարի նվիրված աշխատել են, ու հիմա փոխանակ նրանց մեդալ տան, շենքից հանում են»,- ասում է նա ու հավելում, որ թատրոնի տնօրինությունը տարբեր թատրոնների ղեկավարներին նամակներ է հղել, այդ թվում՝ ՀԹԳՄ-ին, որովհետեւ եթե հիմա համայնքը ձայն չհանի, հաջորդ օրը նախարարությունը կարող է բախել նրանց դուռը եւ փակել նրանց թատրոնները։

Թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը դեռ հույս ունի, որ կվերանայվի այս որոշումը, եւ սթափ գիտակցությունը կհաղթի։ Նա ասում է՝ երբ հյուրընկալվել են փոխնախարարին, բացեիբաց խոսել են իրավիճակի մասին․ «Փաստարկները, որ բերում էր Ա․ Խզմալյանը, այն էր, որ իբրեւ թե բարելավվելու են մեր պայմանները, դերասանները կունենան նոր եւ մեծ երաժշտական բեմ՝ բոլոր պարագաներով, ընդհուպ մինչեւ նվագախումբ։ Այդ ամենը հասկանալի է, բայց չեն քննարկում այն հարցը, որ սրանք 2 տարբեր թատրոններ են՝ 2 տարբեր ձեւաչափերով, որոնք չեն կարող միավորվել ի սկզբանե, եւ նույնիսկ տեսականորեն անհնար է պատկերացնել, թե ինչպես են դրանք միավորվելու։ Ավելին՝ այստեղ խոսք չի գնում միավորման մասին, այլ՝ ինչպես վերացնեն մեկ թատերական միավոր։ Արդյունքում Պարոնյանի անվան թատրոնը 60 հոգով համալրվում է, ինչը շատ մեծ գլխացավանք է դառնում Պարոնյան թատրոնի համար, որովհետեւ, այսպես թե այնպես, պետք է սկսվի հաստիքների կրճատում։ Արդյունքում թատրոնը կվերանա»:

32 տարվա կենսագրություն ունեցող Կամերային թատրոնն ունի կայուն խաղացանկ, լավ ցուցանիշներ, այդ թվում՝ ֆինանսական առումով, բայց արի ու տես, որ դա լուրջ փաստարկ չէ թատրոնն իր տեղում թողնելու համար։ «Արի ու տես, որ դա աչքաթող է արվում, եւ մարդիկ փորձում են իրագործել այն գաղափարը, որն ունեն: Հիմա, օրինակ, Համազգային թատրոնը շենք չուներ, բայց միջոց գտավ, ու այսօր շենք են կառուցում եւ որեւէ մեկի տունը չքանդեցին»,- ասում է Ստեփանյանը, ում համար ակնհայտ է, որ խնդիրը շենքն է, ավելին` փոխնախարարն ուղիղ տեքստով ասել է, որ Երեւանի պետական սիմֆոնիկ նվագախումբը չունի շենք, եւ պետք է նվագախմբին ապահովեն շենքով. «Սիմֆոնիկ նվագախումբը չունի շենք, բայց մենք այստեղ ի՞նչ կապ ունենք»:

Թե որքանով է այդ շենքը հարմար նվագախմբի համար, գլխավոր ռեժիսորը նկատում է, որ այդ ամենը, հավանաբար, հաշվի առել են, որ ընտրությունը կանգ է առել իրենց շենքի վրա. «Ես չեմ ուզում անգամ նրանց նման հարցեր տալ, որովհետեւ ի սկզբանե այս ձեւաչափն ինձ համար ընդունելի չէ: Ժողովուրդ ջան, ինչո՞ւ եք ուզում մեր տունը քանդել, թեկուզ լավ տեղ եք տանում՝ ձեր ասելով, բայց սա արդեն կայացած թատրոն է: Սիմֆոնիկ նվագախումբը չկարողացա՞վ այսքան տարի լուծել իր խնդիրը, ինչպես Համազգային թատրոնը լուծեց»:

ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանն ասում է՝ թատրոնների միավորման հարցն առայժմ բանավոր ցանկություն է կառավարությունում, ինքն էլ բանակցությունների մեջ է, եւ փորձում են այնպես անել, որ սիմֆոնիկ նվագախմբի հարցն այլ կերպ լուծվի, ո՛չ թատրոնի հաշվին։ «Ես կարծում եմ՝ նվագախմբի հարցը միանշանակ պետք է լուծել, որովհետեւ արժանի կառույց է, մեզ պատիվ բերող, բայց նաեւ գտնում եմ, որ դրա համար չարժե թատերական միավոր կորցնել։ Եվ հիմա քննարկումներ են գնում, հույս ունեմ՝ մեկ այլ որոշում կգտնվի դրա համար,- ասում է նա ու հավելում, որ կա միայն բանավոր որոշում, ո՛չ կառավարության որոշում։- Իսկ կառավարության որոշումը 1-2 օրվա խնդիր չէ եւ մի քիչ երկար ձգվող պրոցես է։ Հիմա աշխատում ենք այնպես անել, որ հարցն այլ կերպ լուծվի»։

Այդուհանդերձ, պրակտիկորեն հնարավո՞ր է այդ 2 թատրոնները միավորել։ «Դա շատ բարդ բան է, 1 դերասան ընդունելու համար մենք 2 ամիս ծանրութեթեւ ենք անում, մտածում ենք, հիմա ուղղակի 30 մարդ պետք է գա ու ասի՝ մենք ձեր կոլեկտիվից ենք, այսինքն՝ մենք արդեն 40 դերասան ունենք, հիմա պետք է գա եւս 30-ը։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչպես դա պետք է լինի»։

ԿԳՄՍ փոխնախարարը թատրոնի կոլեկտիվին ասել է, որ Պարոնյան թատրոնում իրենց համար ստեղծագործական պայմաններն ավելի լավը կլինեն։ «Հասկացանք, որ պայմանները լավ են, ես էլ եմ ասում, որ պայմաններն ավելի լավ են, քան Երաժշտական կամերային թատրոնում, բայց միանգամից 30 դերասան ներմուծել թատերախումբ՝ առանց մեր կարծիքը հարցնելո՞ւ՝ ուզո՞ւմ ենք, թե՞ չենք ուզում։ Գուցե հույս ունեն, որ հետագայում մենք մեր մարդկանցից կազատվենք, բայց մարդկանց ճակատագրերի հետ խաղալը հեշտ բան չէ։ Սա հարցի 2-րդ կողմն է, որն ընդհանրապես չեմ պատկերացնում, բայցեւայնպես, փորձենք հավատալ, որ առողջ միտքը կհաղթի, եւ մեկ այլ ճանապարհ կգտնեն՝ նվագախմբի հարցը լուծելու համար»,- ասում է Ղազանչյանն ու նշում, որ հիմա ինքը բանակցությունների մեջ է, որը փոխըմբռնման մթնոլորտում է ընթանում։

Ի դեպ, մշակութային ՊՈԱԿ-ների, թատրոնների միավորման հարցն ի հայտ եկավ դեռ Նազենի Ղարիբյանի օրոք, ինչը, Ղազանչյանի խոսքով, ուրիշ պատմություն էր, որին, հույս ունի, վերադարձ այլեւս չի լինի․ «Ինձ հավաստիացնում են, որ այդպիսի ծրագիր չկա, եւ թատրոնների օպտիմալացման հարց էլ չկա։ Անկեղծ լինելու համար նաեւ ասենք, որ դա այնքան էլ Ն․ Ղարիբյանի պրոյեկտը չէր, դա ուրիշ տեղից էր գալիս, ուղղակի Ն․ Ղարիբյանն իր վրա վերցրեց հարվածը»:   

Մեր հարցմանն ի պատասխան՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից գրավոր արձագանքեց նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը. «Ինչպես գիտեք, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, չնայած վերջին 15 տարիների ընթացքում արձանագրած հաջողություններին, չունի ո՛չ մշտական գրասենյակ, ո՛չ էլ փորձատեղ, եւ այս խնդիրների լուծման նպատակով բազմիցս դիմել է պետական գերատեսչություններին՝ ներկայացնելով համապատասխան տեխնիկական բնութագրերը: Բոլոր այն տարբերակները, որոնք կառաջարկվեն նախարարության կողմից եւ կհամապատասխանեն նվագախմբի բնականոն գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկական պահանջներին, նվագախմբի կողմից, բնականաբար, մեծ ուրախությամբ կողջունվեն: Իհարկե, ցանկալի է, որ դա տեղի չունենա ի վնաս որեւէ այլ կոլեկտիվի, ինչի մասին մենք նաեւ մշտապես հայտնել ենք քննարկումների ժամանակ»: