«Սերժի մնացորդները» միջին օղակներում են

«Սերժի մնացորդները» միջին օղակներում են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին իր ուղիղ եթերի ժամանակ ուշագրավ հայտարարություններ արեց, այսպես կոչված, «Սերժի մարդկանց»-ից ազատվելու անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ այսօր իշխանության մեջ նախկիններն ունեն իրենց մարդիկ, որոնց ինքն անվանում է «Սերժի մնացորդներ», եւ եկել է ժամանակը՝ նրանց զտելու: Այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հետ։

- Պարոն Ղալումյան, Նիկոլ Փաշինյանը մի օր ասում է՝ պետական համակարգում կադրային ջարդ, վենդետա չենք իրականացնելու, մյուս օրը խոսում է «Սերժի մարդկանց» զտելու անհրաժեշտության մասին։ Ինչպե՞ս եք որոշելու՝ ովքեր են Սերժի մարդիկ, հատկապես, որ նախկիններից շատերին Փաշինյանն ինքն է նշանակել բարձր պաշտոններում։

- Մնացորդն ամեն համակարգում էլ կա, եւ, փառք աստծո, դրանք նախարարների եւ փոխնախարարների մակարդակով չեն, ավելի ցածր, միջին օղակներում։

- Ո՞նց եք որոշել, որ նախարարը «մնացորդ» չէ, բայց իր ստորին օղակների աշխատողները կարող են «մնացորդ» լինել։

- «Մնացորդը» մարդու մասին չի, այլ աշխատանքային որակների մասին՝ հետհեղափոխական Հայաստանում իրենց աշխատաոճի եւ դիրքորոշումների հետ կապված։ Ամենօրյա աշխատանքներ են տարվում, պարզվում են, ու այս ձեւով պետք է ազատվել իրենցից,  աստիճանաբար, այլ ոչ թե կադրային ջարդ իրականացնել։ Պետական կառավարման համակարգի մարդկանց հնարավորություն է ընձեռվել նոր իրավիճակի պահանջներին համապատասխան աշխատել, ովքեր չեն աշխատում, տեսանելի է, չէ՞, թե ոնց են վարվում իրենց հետ։

- Ի՞նչն է տեսանելի։

- Փոխնախարար չունե՞նք կալանավորված, չկա՞ն մարդիկ, որոնց վրա քրեական գործեր են հարուցված, ոստիկանության բաժանմունքի պետ, տեղակալ՝ ձերբակալված, հարցաքննվող։ ․․․Մենք հիշում ենք, չէ՞, որ դատարանների հետ կապված էլ խնդիր ունենք, դրա համար էլ վճիռ չկա, հանրաքվեն դատարանների խնդրի լուծման կարեւոր քայլ էր, բայց, ցավոք, հետաձգվեց։

- Այսինքն, հիմա ով կալանավորվում է, Սերժի մնացո՞րդ է, հեղափոխական պաշտոնյաներ էլ են, չէ՞, կալանավորվել, ո՞նց եք տարբերում՝ ո՞վ է Սերժի մնացորդը, ով՝ ուրիշի։

- Հեղափոխական կալանավորվածները Սերժի մնացորդ չեն, դա տրամաբանության որակում է։ Անձամբ ես այսպես եմ պատկերացնում, թե ովքեր են մնացորդները․ եթե մարդն իր առջեւ դրված խնդիրները՝ ժամկետների հետ կապված, որակի հետ կապված, չի իրականացնում, թերացում կա այդ առումներով, ամեն մարդ, ով պետությունից աշխատավարձ է ստանում, պետք է ժամկետների մեջ եւ որակյալ աշխատանք իրականացնի։ Մնացորդայինը հոգեբանություն է, փոխվելու հնարավորություն տրվել է, չէ՞, որ դեմքով լինեն դեպի ժողովուրդը։

- Իսկ հնարավո՞ր է առաջիկա 40 տարիներին այդպես էլ չզտվեն այդ մարդիկ, ու իշխանությունն էլ իր ձախողումներն ընդմիշտ արդարացնելու բան ունենա։

- Որտե՞ղ եք իշխանության ձախողում տեսել։  

- Չկա՞… բա իշխանություններից հիասթափության, անվստահության, քննադատությունների համար Փաշինյանը նրանց էր մեղադրում։

- Ես անվստահություն տեսնում եմ շատ-շատ սահմանափակ մարդկանց մոտ, մենք խնդիրներ չունենք, եթե մեր ծրագրերի ժամանակացույցին ենք նայում, իսկ առօրյա խնդիրներ ցանկացած իշխանություն է ունենում։

- Եթե խնդիրներ չեն առաջացնում այդ մնացորդները, ինչո՞ւ էր Փաշինյանը վրդովված խոսում նրանց զտելու մասին։

- Վարչապետն ինչ ասում էր, ճիշտ էր ասում, ես էլ եմ անդրադառնում, որ Հայաստանում կան նման խմբեր, ովքեր լավ չեն հասկացել, որ Հայաստանում իշխանափոխություն, հեղափոխություն է եղել։ Եվ եթե նրանք խնդիր չառաջացնեին, անդրադարձ չէր լինի։

- Ձեր հաշվարկով, որքա՞ն ժամանակում կզտեք այդ «վնասարարներին»։

- Ես չեմ կարող ասել հստակ։ Որտեղ որ նման խնդիր կառաջանա, օրենքի սահմաններում կլուծվի։

- Իսկ կարո՞ղ է 40 տարի ձգվի։

- Չէ, չեմ կարծում։

- Իսկ կարծում եք իշխանությունը լա՞վ է աշխատում, բոլոր խոստումները ժամանակին եւ որակյալ  իրականացնո՞ւմ է։

- Դե, ես խոսեցի, չէ՞, որ կալանավորվածներ, հետապնդվող հեղափոխականներ էլ կան։ Այսինքն, թերացողները զտվելու են։

- Պարոն Ղալումյան, ամբողջ աշխարհը կորոնավիրուսի դեմ է պայքարում, մեր իշխանությունը՝ նախկինների։ Անհանգստացնող  պատճառներ կա՞ն։

- Ես ընդգծված խնդիր, մտահոգություն չեմ տեսնում, բայց եթե մի քիչ մոտիկ ենթադրություն անենք, կարող ենք ասել, որ այդ մարդիկ, նախկինները կորոնավիրուսի հետ կապված խնդիրները կարող է ուզենան փաթաթեն մեր վրա։ Կորոնավիրուսը տնտեսական խնդիրները մեծացնում է, եւ պատասխանատվությունը երկրի կառավարման մեր քաղաքական ուժի վրա է, եւ ցույց ենք տալիս ինչը մենք ենք արել, ինչը ինչի հետեւանք է։ Սա մենակ մենք չենք արել, այլ համաշխարհային խնդիր է, սա մեր իշխանության սխալի հետեւանք չէ, եվրոպական զարգացած երկրներ, Չինաստան, ամենուր կա այս խնդիրը։

ՀԳ․ Մինչ վերջին ելույթներից հետո սպասվում էր, որ կադրային «զտումներ» են սկսվելու, եւ Սերժ Սարգսյանի իշխանության հետ առնչություն ունեցող «մնացուկներին» հեռացնելու են, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 21-ի հրամանով Վահե Ջիլավյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ։ Նա ամենակարկառուն նախկինն է՝ 1998 թվականից աշխատել է տարբեր նախարարություններում ու կառավարման համակարգում, իսկ 2009 թվականից եղել է տրանսպորտի նախարարության աշխատակազմի ղեկավար, 2012-ից՝ սփյուռքի փոխնախարար, 2017-ից՝ Կարեն Կարապետյանի կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ։