«Փրկություն»-ը  հույս ունի, որ իր տարածքի խնդիրը անպայման կլուծվի  

«Փրկություն»-ը  հույս ունի, որ իր տարածքի խնդիրը անպայման կլուծվի  

Ըստ որոշ տեղեկությունների՝ Երևանի քաղաքապետարանը ձգձգում է մտավոր խնդիրներ ունեցող  անձանց տարբեր տեսակի սոցիալ-հոգեբանական և այլ ծառայություններ մատուցող «Փրկություն» ՀԿ-ի հետ՝ Շենգավիթի թիվ 146 մանկապարտեզի տարածքում անհատույց գործունեություն ծավալելու պայմանագիրը։ ՀԿ-ի ղեկավարը՝ Արփինե Աբրահամյանն ասաց, որ այս պահին կենտրոնը որևէ խնդիր չունի։ «Մեր պայմանագրի ժամկետը լրացել է, մենք դիմել ենք երկարաձգման համար, ընթացքի մեջ է և այս պահին մենք խնդիր չունենք։ Ես այս պահին ոչինչ չեմ ուզում մեկնաբանել, որովհետև ես ռեալիստ եմ, կասեն՝ ոչ, կբարձրաձայնեմ, կասեն՝ այո, էլի կբարձրաձայնեմ, բայց այս պահին մենք պատասխան չունենք»,-ասաց ՀԿ-ի հիմնադիրը։ Նա հույս հայտնեց, որ տարածքի հարցն անպայման լուծում կստանա։

Մեր կողմից ավելացնենք, որ անհասկանալի է Երևանի քաղաքապետարանի այս դանդաղկոտությունը, քանի որ  մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների և երիտասարդների հիմնախնդիրներով 1999-ից զբաղվող այս հասարակական կազմակերպությունն իրականում ահագին օգտակար գործ է անում կյանքի առանց այն էլ կյանքի վատ որակ ունեցող մարդկանց համար։

Նախ, որովհետև առ այսօր սա  Հայաստանում գործող միակ կենտրոնն է, որն ունի Ցերեկային խնամքի և առօրյա զբաղվածության կենտրոն այս խմբի համար և որից, ինչպես նաև  սոցիալ-վերականգնողական ծառայությունից ամեն օր օգտվում է շուրջ 60 շահառու։ Ընդհանուր կենտրոնն ունի անդամագրված շուրջ 400 շահառու Հայաստանի բոլոր մարզերից։ Մարդիկ օգտվում են բուժմիջնորդավորման, ատամնաբուժական և սոցիալական ծառայություններից, իսկ կազմակերպության հիմնական թիրախներ են՝ հաշմանդամ երեխաների և երիտասարդների, ինչպես նմաև նրանց ընտանիքների սոցիալական, կրթական և առողջապահական, ուսուցման, քարոզչության, իրավունքների պաշտպանության, խորհրդատվության, բուժծառայությունների տրամադրման այլ խնդիրները։Կենտրոնն ունի տարբեր արվեստի և այլ  խմբակներ․ ձեռագործության տարբեր ոճերի. մաքրամեի և ապլիկացիայի, նկարչությամ  և բրնձագործության,  կավագործության, գեղագիտական ձևավորման  /դիզայն/,  պարի և ռիթմիկայի,  թատերական և տիկնիկային, ինչպես նաև  համակարգչային գիտելիքների ձևավորում կամ զարգացում և մտավոր ունակությունները զարգացնող խաղերի խմբակ։  
Կենտրոնում հատուկ հոգեբանը և սոցիալական աշխատողը պարբերաբար կազմակերպում են սեմինար-հանդիպումներ շահառուների ծնողների և ընտանիքի անդամների հետ, որոնց ընթացքում քննարկվում են հաշմանդամության վերաբերյալ խնդիրներ, ինչպես նաև հասարակության վերաբերմունքի և ընկալումների հետ կապված հարցեր՝ հնարավորինս հայտաբերելով և լուծելով շահառուի հիմնախնդիրները: 
Ցերեկային խնամքի և առօրյան կազմակերպող կենտրոնի  կենտրոնի մասնագետները ամենօրյա խորհրդատվություն են իրականացնում շահառուների ծնողների և ընտանիքի անդամների հետ։ Շահառուները կենտրոնում գտնվում են ժամը 10։00-17։00-ը, որի ընթացքում նաև սնվում են, իսկ նրանց  մի մասի տեղափոխումը տանից կենտրոն և հակառակը իրականացվում է կենտրոնի փոխադրամիջոցներով:

Կենտրոնի տնօրենից հարցրեցինք նաև, թե իրենց կազմակերպության ջանքերով կարողացե՞լ են մտավոր խնդիրներ ունեցող անձանց տեղավորել աշխատանքի։ Արփինե Աբրահամյանն, իհարկե, պատասխանում է, որ հասարակությունը լիարժեք պատրաստ չէ մտավոր խնդիրներ ունեցող անձանց աշխատանք տրամադրել։
 «Գնահատելու՝ իրենք ինչ աշխատանքային կարողություններ ու հմտություններ ունեն, աշխատանքն ինչքան ժամանակում կսովորեն, համբերություն և ցանկություն է պետք այդ աշխատանքն իրենց սովորեցնելու համար։  Դա հեշտ աշխատանք է։ Ֆիզիկական սահմանափակումներ ունեցողների պարագայում այլ է, մտավորի դեպքում՝ բավականին բարդ է»,-ասում է հասարակական կազմակերպության ղեկավարը։